ԳՐԻԳՈՐԻ ՉԽԱՐՏԻՇՎԻԼՈՒՑ ՄԻՆՉԵՎ ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

Օսկար-ՈւայլդԷլֆիք  ԶՈՀՐԱԲՅԱՆ

Տաղանդավոր ընթերցողը խստապահանջ է և ճշմարտացի. նա ակնկալում-պահանջում է, որ թարգմանիչը հավատարիմ մնա այն լեզվին, որով թարգմանում է, որ ունենա ֆոնային գիտելիքներ, ինչպես ընդունված է ասել թարգմանության տեսության մեջ, որ իրույթները վերահաղորդի հստակորեն, որ հաշվի նստի հեղինակի ամեն բառի, նախադասության արտահայտման բնագրային ձևերի հետ, որ պահի գրողի ոճը, շունչը և այլն: Անգետին կարող են տարակուսելի թվալ թարգմանչի՝ նյութի հետ աշխատելու, թարգմանության «բանալին» գտնելու և իր «միջնորդությունը» քողարկելու «տարօրինակ» թվացող, ինքնակերպ եղանակները: Մինչդեռ հեղինակին խորապես զգալու ամեն «ետնակուլիսային ջանք» նպաստում է երկի թարգմանության հաջողությանը: Օրինակ` Համո Սահյանը Գարսիա Լորկա զգալ-թարգմանելու համար ընթերցել է նրան վերաբերող մեծաքանակ նյութեր (անգամ քայլվածքին վերաբերող):
Թարգմանական ինքնատիպ մեթոդներով և արժեքավոր թարգմանություններով հարուստ ենք մենք, որքան էլ որոշ նշանավոր գործեր զարմանալիորեն թարգմանվում են ուշացումով, իսկ կան ստեղծագործություններ, որոնք դեռևս չեն էլ հայերենացվել: Անգլերենից հայերեն թարգմանող տաղանդավոր անհատականությունների մեջ (Կարպիս Սուրենյան, Սամվել Մկրտչյան, Զավեն Բոյաջյան, Արտեմ Հարությունյան, Արամ Արսենյան, Դիանա Համբարձումյան և այլք) իր ուրույն տեղն ունի նաև բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանը, ով թարգմանում է թե՛ լիրիկական, թե՛ էպիկական, թե՛ դրամատիկական սեռերի տարբեր ժանրերի ստեղծագործություններ (Էդգար Ալան Պո, Վիլյամ Բլեյք, Ջոն Քիթս, Վիլյամ Ջեյմս Լինթոն, Թ. Ս. Էլիոթ, Էդգար Լի Մասթըրս, Ալան Գինզբերգ, Ռոբերտ Ֆրոսթ և այլն):
Անցած տարեվերջին Վանաձորի «ՍԻՄ տպագրատունը» Խորեն Գասպարյանի թարգմանությամբ լույս ընծայեց իռլանդացի էսթետի՝ Օսկար Ուայլդի «Իմաստության ուսուցիչը» գրքույկը, ինչն ամենահարմար առիթն էր արժևորելու տաղանդավոր թարգմանչի արգասավոր գործունեությունը: Գրքույկում ներառված են «Theoretikos»(«Տեսանող») սոնետը (որպես բնաբան), արձակ վեց բանաստեղծություններ, իսկ հավելվածում՝ երկու նամակ, ինչպես նաև գրողի բանավոր զրույցը՝ «Սիմոն Կյուրենացին», որը գրի առնողի անունը նշված չէ: Ուայլդը հայտնի էր իր բանավոր խոսքի վարպետությամբ: Բեռնարդ Շոուն անկեղծորեն խոստովանել է. «Նրա (Օ. Ուայլդի – Է. Զ.) ներկայությամբ ես կարող էի լռել, որովհետև ինձնից լավ էր խոսում»: Թե ինչո՞ւ Ուայլդն ինքը չի գրել «Սիմոն Կյուրենացին», թե որքանո՞վ է դա բառացիորեն համապատասխան նրա բանավոր խոսքին, թե ո՞նց կգրեր այդ գործը և կամ ինչպե՞ս կընդուներ գրի առնվածը` ոչ ոք միանշանակ չի կարող ասել: Միայն նշենք, որ Ուայլդն անգամ իր ներշնչման օբյեկտի՝ երիտասարդ պոետ Ալֆրեդ Դուգլասի՝ ֆրանսերենից անգլերեն կատարած «Սալոմեի» թարգմանությունն ընդունեց ոչ բարեհաճությամբ…
Ինչպես գրքույկի մյուս գործերը, «Սիմոն Կյուրենացին» նույնպես թարգմանված է օրգանական-ներդաշնակ, գեղեցիկ հայերենով: Թարգմանիչը կարող է էական վրիպումներ թույլ տալ, եթե հաշվի չառնի Ուայլդի ճոխ, շքեղ լեզուն, «դեկորատիվ» թվացող ոճը, գեղագիտությունը, նեոռոմանտիկական շունչը, լեզվաոճական տարրերի նրբերանգները, բառախաղերը և այլն: Օսկար Ուայլդը գրավվել էր էսթետ Ջոն Ռասքինի «գեղագիտական շարժման» գաղափարներով:
Նրա աշխարհայացքի վրա ազդեցություն է ունեցել մեկ այլ գեղագետ ևս՝ Ուոլթեր Փեյթերը: 1880-ականներին Ուայլդը դարձավ էսթետիկական շարժման առաջնորդներից: Այդ իսկ պատճառով Ռոբերտ Ռոսսը նրան անվանեց «գեղագիտական շարժման պրոտագոնիստ»: Հեդոնիստը հանուն Գեղեցիկի և Հաճույքի նույնիսկ անտեսեց հասարակության մեջ ընդունված էթիկետային և բարոյական մի շարք նորմեր:
«Իմաստության ուսուցիչը» գրքույկում թարգմանիչը պահպանել է Ուայլդի լեզվական առանձնահատկությունները: Թարգմանել է «Սքոթս Ըբզըրվըրի» խմբագրին ուղղված գրողի նամակներից երկուսը, որոնք լի են արդի գրական ընթացքին վերաբերող աֆորիստիկ մտքերով (ուայլդյան ոճը լավագույնս արտահայտվել է, մասնավորապես, նամակների թարգմանության մեջ): Գեղարվեստական արժանիքներով լի գործերի ընտրությունը և դրանց թարգմանությունը ևս թարգմանչի գեղագիտական ճաշակի ցուցիչն են: Խ. Գասպարյանի թարգմանության արժանիքներից կարևորագույնը, թերևս, տեքստը համասեռ ու ներդաշնակ մատուցելու, «ճիշտ» հայերենով հստակորեն վերարտադրելու մեջ է: Եթե խոսքը վերաբերում է գրական հայերենին, նա ընտրում է ոսկե միջինը՝ խուսափելով, այսպես կոչված, «պուրիտանական» կամ «փողոցի» անարվեստ լեզուներից: Նրա թարգմանությունների մեջ չկա մի գործ, որտեղ «հայերենացումը» խոտորումներով լինի: Խ. Գասպարյանի հմուտ թարգմանությանը նպաստում են բանաստեղծական ունակությունները, մայրենի լեզվի և նրա քերականության գերազանց իմացությունը, լեզվազգացողությունը: Հաշվի նստելով գրողի ամեն բառի ու տողի հետ՝ միշտ փորձում է չհեռանալ նրանից, անտեղի բացթողումներ չանել, իսկ եթե անգամ «շեղվում է», ապա հեղինակից «հեռանում է՝ նրան մոտենալու նպատակով»: Զգույշ է՝ անհրաժեշտ բառահավելումների կամ բացթողումներ անելու մեջ: Մեկ դիտարկում. «Իմաստության ուսուցիչը» ստեղծագործությունը թարգմանել է նաև Միսաք Մեծարենցը: Վերնագիրը թարգմանելով «Իմաստութիւն սորվեցնողը»՝ մեծ պոետը բաց է թողել «Հայաստան» բառը, որը կա բնագրում. «And one evening he passed out of the eleventh city, which was a city of Armenia, and his disciples and a great crowd of people followed after him…»: «Իրիկուն մը դուրս ելաւ տասնմէկերորդ քաղաքէն, եւ իր աշակերտներն ու մեծ բազմութիւն մը իրեն կը հետեւէին…» (Մ. Մեծարենց): «Եվ մի երեկո դուրս ելավ տասնմեկերորդ քաղաքից, քաղաք, որ Հայաստանում էր, և աշակերտներն ու մարդկանց հոծ մի ամբոխ հետևում էին նրան…» (Խ. Գասպարյան): (Թերևս, Մեծարենցի պարագայում «Հայաստան» բառը չներկայացնելու պատճառ կարող էին լինել ժամանակը և պետությունը, որտեղ ապրում էր):
Թարգմանիչը չի անտեսել Ուայլդի «սալոնային ոճը» և հայերենում գտել է համարժեք արտահայտչաձևեր, օրինակ` «փոքր-ինչ» բառի փոխարեն գրել է «դույզն-ինչ»: Նման օրինակները բազմազան են: Թարգմանության քննության ուսումնասիրումը ենթադրում է մանրակրկիտ, «ոսկերչական» աշխատանք, սակայն իմ հոդվածի նպատակն է գեղեցկապաշտ գրողի գրքույկը միջոց դարձնել գնահատելու այն մեզ հայերեն մատուցողին:
Հիրավի, Խ. Գասպարյանի թարգմանության պսակը կարելի է համարել Էդգար Պոյի «Ագռավի», Ռ. Քիփլինգի «Եթե»-ի, Մասթըրսի գործերի, Ջոն Ֆլեթչերի և Ֆրենսիս Բոմոնթի հայտնի «Ամուսնացի՛ր և սանձի՛ր կնոջդ» պիեսի թարգմանությունները, որոնք, անտարակույս, բարձրարժեք են: Հանգ և ռիթմ ունեցող բանաստեղծություններ թարգմանելիս նա հնարավորինս պահպանել է տաղաչափական կանոնները՝ չանտեսելով հայերենի լեզվական պահանջները:
Խ. Գասպարյանը բազմաթիվ գործեր թարգմանել է նաև ռուսերենից, և պետք է առանձնացնել հատկապես Վ. Վիսոցկու գործերի, Գրիգորի Չխարտիշվիլու «Գրողը և ինքնասպանությունը» մեծածավալ էսսեի, Իննա Կաբիշի, Բելա Ախմադուլինայի ստեղծագործությունների թարգմանությունները: Ռուսերեն բանատողերի հստակ վերահաղորդման մասին է նշել նաև բան. գիտ. թեկնածու, գրականագետ Գայանե Մալումյանն իր «Թարգմանություն. տեսություն և գործընթաց» գրքում (Վանաձոր, «ՍԻՄ տպագրատուն», 2010 թ., էջ 167). «Բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանը հստակ է վերահաղորդել Ախմատովայի հայտնի խոսքերը՝ պահպանելով տաղաչափական ռիթմը.
Ржавеет золото, и истлевает сталь.
Крошится мрамор… к смерти все готово,
Всего прочнее на земле – печаль,
И долговечней царственное слово.
Ժանգոտում է ոսկին, ու պողպատն է փտում,
Եվ փոշի է դառնում մարմարն ան գամ:
Միակ մնայունը տխրությունն է կյանքում,
Եվ հավերժ է խոսքը արքայական (113, 3)»:
Գեղարվեստական թարգմանության մասին Խ. Գասպարյանն ասում է. «Դա նման է լարագնացության. որ կողմն էլ թեքվես` անկումն անխուսափելի է: Թարգմանելիս անկումների սարսափն է ինձ պատում: Բայց ես գերադասում եմ գեղեցիկ անկումը»:
Մեկ համեստ հոդվածով չես կարող հանգամանալից անդրադառնալ այն բազմաթիվ հետաքրքիր ու հաջող թարգմանություններին, որ կատարել է նա: Հակադրվելով իրեն՝ թարգմանիչ- մտավորականին, ով հաճախ կրկնում է. «…Անիմաստ, անշնորհակալ գործ է՝ գրականությամբ զբաղվելը մե՛ր իրականության մեջ», նշեմ, որ արժեքավոր թարգմանություններն ու ստեղծագործությունները վաղ թե ուշ գնահատվում են, քանի դեռ չի իմաստազրկվել գնահատման կուլտուրան…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։