ՄԵԿ ՄԻԼԻՈՆ
ՁՅԱՆ ՓԱԹԻԼ
Մեկ միլիոն ձյան փաթիլին
Ասել եմ` կանգ առեք,
Ուզում եմ քեզ համար
բանաստեղծություն գրել`
Սպիտակ…
Տետրիս ուսերին,
Այսքան ձյունը
Բառերը իրար են խառնում…
Ասացիր` թափվեք,
Մեկ հատիկ
«Քեզ սիրում եմե-ի համար
Ձմեռը չեն հետաձգում…
***
Ստիպված ես հավատալ,
որ սիրում եմ քեզ,
Երբ մեկ միլիոն ձյան փաթիլներից
Միայն ես եմ բախում
Լուսամուտիդ ապակին…
***
Լուսամուտից այն կողմ
Մեկ միլիոն ձյան փաթիլ,
Լուսամուտից այս կողմ
Մշուշ…
Մատնածայրերս այրվում են
Մի բանաստեղծության կարոտից…
***
Ահաբեկիչները կրակում են
Մեկ միլիոն ձյան փաթիլին,
Ձնեմարդիկ
Աշխարհ չեն գալու:
***
Ոտնահետք չկա
Մեկ միլիոն ձյան փաթիլի վրա…
Ա
Ա
Ա
Ահ, ով խորունկ մենություն…
***
Մենությունը
Մեկ միլիոն ձյան փաթիլի չափ
Թիկնել է քաղաքի ուսերին…
***
Վստահություն չկա
Այս գիշերին…
Մեկ միլիոն ձյան փաթիլ թափվել են, և
Մարդը
Դեռևս միայնակ է…
***
Ձյուների մեջ հայացքս
հառել եմ քեզ…
Եղանակը, որ բացվեց,
Տանիք կբարձրանամ
Եվ ձյան փոխարեն
«Սիրում եմե-ը
Կքերեմ թիակով…
***
Ինչու՞ տնից դուրս չես նետվում
Հիմա, երբ ձյունը նստել է տանիքներին,
Եվ բոլոր խոսքերը բանաստեղծությունների
Քո դուրս նետվելն է տնից,
Երբ ձյունը նստում է տանիքներին:
***
Արագ որոշումդ կայացրու
Կամ ցած իջիր,
Կամ վերադարձիր ամպերի գիրկը,
Երկնքի ու երկրի միջև
Ապահով չի,
Այսքան մոլորյալ գնդակների մեջ.
Ձյան փոքրիկ փաթիլ…
***
Անձրևին
Ընտելացել եմ քո աչքերի շրջակայքում,
Ձյանը`
Իմ մազերի շրջակայքում…
Երբեք մի՛ ընտելացիր,
Մենք տարբեր ենք իրարից…
***
Կարող ես ձնեմարդ սարքել
Չորս եղանակի համար…
Մազերիս նստած ձյունը
Երբեք չի հալվելու…
***
Այս բանաստեղծությունը
Քեզ համար եմ գրել,
Բայց հազար հոգի ևս
կարող է կարդալ`
Ամեն մեկը մեկ ուրիշի համար,
Այս լուսամուտը
Քեզ համար եմ բացել,
Բայց հազար հոգի կարող է նրանից դուրս ծիկրակել`
Ամեն մեկը մեկ ուրիշին
տեսնելու համար,
Ձյունը
Իմ մազերին է, բայց
Միայն քեզ համար է թափվում,
Եվ ոչ մի հազար հոգի չեն կարող
Քեզ այնպես սիրել,
Ինչպես ես եմ քեզ սիրում…
***
Սառը սիրտ և անողոք,
ինչպես ձնեմարդիկ են,
Ձնեմարդիկ այդպես չեն…
***
Տանկերի ոտնահետքը
Ձյան վրա…
Այսինքն՝ դեռևս
Ինչ-որ մեկը ողջ է
Եվ փնտրում է ինչ-որ մեկին…
Պարսկերենից թարգմանեց
Էդուարդ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ