***
Կյանքը` ինչպես կա –
Սահեց մայթերով`
Վաղ առավոտի թարմության վրա
Շաղ տալով փոշին իր թափառումի
և իր հոգնության,
Ու սև հետքերով պատելով անկոխ
Դեմքը նոր օրվա…
Կյանքը` ինչպես կա –
Վիրավոր ընկած թռչնակի նման
Թևաբախում էր
պատուհանիս տակ,
Կյանքը… ինչպես կա՜ –
Հաճախ արցունք էր
աչքերում խոնավ,
Երբեմն միայն`
Ակնթարթ փոքրիկ`
խավարում ծաղկած-
Բենգալյան հանգչող
կրակների պես,
Կյանքը ինչպես կա –
Կանգառ էր
աղբոտ կայարաններում,
Կամ շնչահատ վազք…
Ինքս ինձ հետ եմ…
Եվ հորինում եմ օրերիս միջում
մի այլ անցուդարձ.
Ուր հայտնվելու չունի ոչ մի շանս –
Կյանքը` ինչպես կա…
***
Ապրելու համար
Շատ բան պետք էլ չէ –
Տաքուկ անկյունում գորովանք- անթեղ,
Այգին` «Լույս բարիե-ն, ծաղկած շուրթերին,
Իսկ մթնշաղին` խաղաղ հրաժեշտ
շունչ ու անշունչին…
Ապրելու համար
Շատ քիչ բան է պետք –
Ժխորից հեռու կանգառ մենության`
Օրվա ժամերի երկայն երթի մեջ,
Կամ ժամադրության գեթ փոքրիկ պահեր`
Ծառերի, քամու և ինքդ քեզ հետ,
Ապրելու ճամփին-
Խրթին հաշիվներ, խնդիր ու լուծում
Կարող են երբեք ոտքի տակ չընկնել,
Բայց տալիք կյանքին ու կարիք հոգու
Փակ աչքերով էլ հարկ է ճիշտ կշռել…
Պարզից էլ պարզ է,
դժվար բան չկա.
Չնչին բան է պետք
ապրելու համար…
Ու եթե անգամ այդ քիչն էլ
ժլատ աշխարհը չտա.
Հոգու տարածքում`
թե սերմն է առատ,
Հունձը կլինի էլ ավելիով…
Կարող ես հանգիստ
բաժանել այլոց,
Տալ սրան, նրան ու չվախենալ,
Որ կպակասի քո կենաց հացից…
Ապրելու համար անգամ կարծես թե
Պետք չէր և ոչի՜նչ…
Սակայն մենք ինչո՞ւ
Ինչ-որ… չապրեցինք…
***
Ինձ հմայելու իր ջանքերի մեջ
այգը վարպետ է.
Եվ նորից` լարված անցած իր գործին-
Բոսոր ու դեղին հմայանքներով
Թակարդներ հինած հանդեպ իմ քայլքի…
Աշնանագույնով պատել է
ծանոթ իմ արահետը,
Բայց միտքս այնտե՜ղ`
Լեռան լանջից հետ,
դեռ Էրգրիս հետ է…
Աշունն ամենուր` քամու հետ ի ձույլ,
Փեշերով ծածան,
խոպոպներով հուր-
Սկսել է իր խայտագույն պարը,
Եվ սակայն հոգուս
հայացքն է շոյում
Իմ կարոտ երկրի
վեհ լեռնապարը…
Եվ սրտիս այսօր չի
թփրտալու անձրևի հևքը –
Նրա լարերին ուրի՜շ մի երգ է.
Վանա կապույտն է ու Մշո մեգը,
Մեր խև Մհերի` անձավից վաղուց
սպասվող ելքը,
Շնկշնկան հովը Սիփանա սարի,
Կիլիկիո արփին ու Սասնո բերդը,
Անի գեղուհու լուռ ու ցիրուցան
քարերն ու հենքը,
Հայ շինականի շուրթերին հանգչած
հորովել-վերքը…
—
Հայացքս շոյողն
Այգի լուսահեղց ու առույգ երթն է,
Եվ աշնան ցոլուն խայտանքով զուգված իմ արահետը,
Բայց… միտքս այնտեղ` դեռ Էրգրի՜ս հետ է…
***
Բոսորաշղարշ գեղուհին իջել
Ու … պա՜ր է գալիս…
Հորիզոն-բեմը` իր տակ մշուշած
լանջերը սարի`
Մեկ խոնջանում է ու մեկ` գալարվում`
Գգված նրա պիրկ, ճկուն իրանին,
Ու ծավալվում է
Մայրամուտ ժամի հմայքը անծիր…
Հոգսերն այսօրվա չեն թողնի հասնեմ
Օրվա ինձ հղած պար-հրավերին`
Ձուլվելու խայտող գույներին կրակ…
Եվ անկանգ երթիս հենց վազք- ընթացքից`
Փորձելով գոնե հայացքով որսալ
հևքոտ ռիթմը այն-
Գեթ հոգուս մեջ եմ մեկ խենթ գալարվում,
Մեկ էլ թալկանում վայրի թովչանքից…
Ու օրվա գործը որքան էլ համառ,
Որքան էլ ամուր գերությունը իր-
Գինովի նման երեր է քայլքս
Եվ ընկած խելքին հեշտավարք սրտիս
Այնտեղ եմ, ուր որ
Բոսորաշղարշ գեղուհին իջել
Ու …. պա՜ր է գալիս…
***
Թե գիշերները`
Այգի աչքերից մի կերպ պահվելու
Տեղ չգտնեին մեր հոգիներում,
Թե մեղքերին մեր թիկունք դարձրած`
Չաճապարեինք այն քար նետելում,
Թե չպրկեինք պարաններ բազում –
Չմտորելով կախվողի մասին,
Ու չտեսնելով մե՛զ նրա դերում,
Փոս չփորեինք աջում ու ձախում.
Թե մեր ձեռքերով չգցեր հունն իր
Խաթարված դարը,
Ու մամոնային չտայինք մեզ իսկ
Մատուցված անեղծ ու սուրբ նշխարը…
Ո՛չ մենք դառնահեծ
Կգալարվեինք վիհի հատակում,
Ո՛չ էլ աշխարհը…
Միայն ինչո՞ւ ենք`
անվերջ մեզ թողած,
Հոխորտանք հղում դեպի
բախտը մեր
Ու դեպ … Բարձրյալը…
***
Հեռանա՜լ կյանքից…
Դրանից հեշտ բա՞ն…
Դժվարն ապրելն է –
Կյանքի հետ դրկից-ընկեր լինելը,
Կիսելը իր հետ միևնույն բեռը
Ու կենաց-մահու կռիվ մղելը…
Մեկ՝ իր ուսերին, մեկ` ոտքերի տակ,
Մեկ` փուշը աչքի և դատարկ տեղը,
Մեկ՝ խնջույքների մշտակա
հյուրն ու ամենատերը…
Եվ… կարևորը –
Այդ ամենի մեջ միշտ
Մարդ լինե՜լը…
Մեռնելը հեշտ է.
Դժվարը… տևե՜լն է-
Խաղալը կյանքի բոլոր դերերը`
Անխաթար պահած այն
միակ տեղը,
Ուր հոգին է իր իրավունքներով
միշտ միակ տերը…
Չապրե՞լը… հեչ բա՜ն…
Դժվարը այլ է –
Խավարների մեջ լույս արարելը,
Աշխարհի խարդախ ափերին Բարին
ու Խիղճ շաղելը…
Ամենահեշտը
Կյանքի դռները ի ցույց փակելն է
Ու չորս փայտերում
լռիկ փակվելը…
Սակայն` ի՜նչ խրթին,
ինչ դժվար հապա –
Մեռնելուց անդին`
Լույսերում միայն …
շարունակվելը…
***
Լռություն է պետք,
Որ ծրարելով ժխորն ամբոխի –
Մեր ծարավ ունկը հանդարտիկ շոյի
Երգը աստղային,
Տնքոցը պոկվող-ընկնող տերևի,
Սյուքի հետ ծաղկի մրմունջը այգին,
Վայրի քրքիջը ծաղկող քարափի…
Մենությո՜ւն է պետք –
Ընկերակցելու սեփական հոգուն,
Շրջելու մեկ-մեկ սեփական փոքրիկ
Աշխարհի լքված ծայր ու անկյունում…
Մաքրություն է պետք,
Որ աշխարհային ավգյան ախոռում
Լույսը` փրկվելու,
Գոնե քո ափում հենարան գտնի…
Հեզություն է պետք.
խոնարհում ի վերջ
և մինչ ի գետին,
Որ մեր ճախրանքի առաջ բաց լինի
Կապույտը երկնի…
***
Ես հեռվից եմ անվերջ քեզ ափերով շոյել,
Ես հեռվից եմ միայն
տվել քեզ ձև ու կերպ.
Իմ մտքերի անզուսպ հորդացումով
Եվ իմ…կարոտներո՜վ, Երկիր…
Հիմա` լեռներիդ դեմ,
Ոտքս հողիդ հպած, սիրտս` սրտիդ –
Քո գույներն եմ ըմպում,
Քո հմայքը` փռված ամեն քար ու թփի,
Հիմա` գրկած մեկտեղ
Անի, Ղարս ու Կարին…
Վանա ծովի կապույտ կոհակներին գերի –
Ես իմ սերն եմ կնքում քո ջրերին, հողին…
Ես ինձ տեր եմ կնքում
իրավունքով իմ հին…
Ես եկել եմ, Երկի՛ր…
Ու եկել եմ… ընդմիշտ…