ՏԻԳՐԱՆ ԳԱՄԱՂԵԼՅԱՆ

ՀԳՄ վարչությունը

շնորհավորում է  բանաստեղծ

ՏԻԳՐԱՆ ԳԱՄԱՂԵԼՅԱՆԻՆ

ծննդյան 75ամյակի առթիվ

 

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

«Ինքնապեղում»

կամ «Առ Տեր»

շարքից

 

***

Օ՜, եթե իրավ չեմ դրսևորել

Ժողովրդաշահ մի իմաստություն,

Միտք ու գաղափար, բարի

կամք ու գործ,

Իր հերթին ես էլ չեմ ուրվագծել

Արժեհամակարգ տանող արահետ,

Առաքինության դասեր առնելով

Այն չեմ փոխանցել իմ նմաններին

Կամ չեմ ստանձնել

հանձնառություններ

Բարեփոխիչի,

Չեմ ջահը ձեռքիս խավարը ցրել,

Չեմ քայլել ի մարդ, չեմ սիրելսիրվել,

Ուրեմն Տիրոջ սխալն է արդեն,

Որ ծնվել եմ ես…

Նույնը և նրանք,

Ովքեր անմասն են մնացել ավա՜ղ,

Այլ և հատկապես ա՛յս շնորհներից:

Եվ հետևաբար, եղե՞լ եմ արդյոք

Ի՛նքս այդպիսին՝

Մատնանշածիս նախանձախնդիր,

Եղե՞լ եմ, ասենք, արժանավորին

Վերև բարձրացնող

Եվ անարժանին մշտապես ընդդեմ

Կամ հանիրավի քարկոծվողներին

Եղե՞լ եմ նեցուկ և դատապաշտպան,

Մոլորվածներին դարձել ուղեցույց,

Անհույս հիվանդին՝ ինքնաբալասան,

Կամ մուրացկանին՝ մի լումայատու,

Պարգևե՞լ եմ ես որևէ մեկին

Հոգեպանծացում՝ արարմունքներով

Այս և այդպիսի,

Վերջապես եղա՞ գթասրտության

Ու խղճի ասպետ…

Օ՜, եթե այո՛, ուրեմն ճի՛շտ է,

Տեղի՛ն է եղել աշխարհամուտն իմ,

Իսկ թե չեմ եղել մեկը այդպիսի

Իմ իսկ ծնունդով,

Ուրեմն, Տեր իմ, որպես թափթփուկ,

Որպես մի խոտան, ավելորդություն,

Ինձ դո՛ւրս շպրտիր այս հողագնդից…

 

***

Ես այն արտիստին կուզեի տեսնել

Մարդը բացատրող,

Որին մինչև իսկ կծափահարեր

Դասն աստվածների,

Այն նկարիչին կուզեի տեսնել

իր կտավներով,

Որոնց համեմատ Ռենեսանսն անգամ

Համեստ կթվար,

Քանդակագործին կուզեի տեսնել

Այն զարմանալի,

Ում ձեռքի հպմամբ քարը կծաղկեր,

Եվ Ֆիդիասը պիտի զարմանար,

Այն երաժիշտին կուզեի տեսնել,

Որի հղացած մեղեդիներից

կվերաշոյվեր

Ողջ տիեզերքի ականջն ու հոգին,

Կուզեի տեսնել պոետին և այն,

Որ գրառում է ասելիքն Աստծու…

Իսկ գրառողն այդ թող, Տեր, քո կամքով

Հենց ի՛նքս լինեմ…

 

Տեսիլք

Ո՛չ Տիգրան Մեծն եմ, ո՛չ Հանիբալը,

Ո՛չ իսկ հերոս եմ, զինվոր չեմ անպարտ,

Ինձ խորթ է արքան, աշխարհակալը,

Ո՛չ փարավոն եմ, ո՛չ էլ Բոնապարտ:

 

Եվ հետևաբար, ինչո՞ւ են ի տես

Ինձ դիմավորում այսչափ մեծարգո,

Պանծացման այս ի՞նչ

պոռթկում է այսպես՝

Բյուր շեփորների, ծափերի ներքո:

 

Հասարակ մեկն եմ ես ցավամորմոք,

Մինչ վանկարկում է ամբոխը էլի.

Ո՜վ մարդ, այլևս մեր Տիրոջ կամոք

Դու շարքն ես դասվել առաքյալների…

 

***

Ինձ պետք չէ առ Տեր բարեխոս վկա,

Ես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ,

Ես չեղա ո՛չ սուրբ, ո՛չ էլ սրիկա,

Իմ խաչը կրող մեկն եմ ինքնակամ:

 

Ավարայրից էլ թե ետ գամ փառքով,

Պետք չեն ինձ ծափեր, փող ու ծնծղա,

Եվ ընդամենը մի տողատակով

Թող ինձ էլ հիշի պատմիչ աբեղան:

 

Պետք չէ ինձ երկինք տանող վերելակ,

Իմ սանդուղքներով

կելնեմ երկնահարկ…

 

***

Լռե՛ք բոլորդ, քանզի այս պահին

Ջութակ կա ձեռքիս և ոչ թե գրիչ,

Քանզի դժվար է և անհնարին,

Որ բառը դառնա ջութակին մեկնիչ:

 

Ջութակի ասքը լսեք հուզմունքով,

Էլ անիմաստ է մտքեր բարբառել,

Երբ Բախն է հնչում մեր դեմ ջութակով՝

Պարտադրված է պոետն էլ լռել…

 

***

Հերոսի նման հայտնի հեքիաթի

Կանգնած խորհում եմ

լուռ երկմտանքով,

Թե ճամփաբաժնից անորոշ, խրթին

Ո՞ր ուղին ընտրեմ, ի՞նչ նպատակով:

 

Դժվարին տեղ է ուղիղը տանում,

Ձախը հուշում է փորձանք մի նորին,

Անհայտություն է աջը խոստանում,

Հետ դարձն էլ միֆ է ու անհնարին:

 

Ո՞ր ուղին ընտրեմ իրիկնամուտիս,

Ես ո՞ւր ընթանամ առանց երկյուղի,

Ծեր իմաստունը ասում է,  որդի՛ս,

Ընտրիր վեր՝ երկինք քեզ

կանչող ուղին…

 

Սկիզբ և ավարտ

Երկնակամարով մի մանուկ անցավ՝

Ձեռքին ծնծղա ու սրբապատկեր,

Մանկական քայլող երգչախմբի հետ

Տղան երգում է կենսախինդ երգեր.

Տղան ե՛ս էի, իմ երեկն էր դա,

Որ անցա՜վ անհետ…

Երկնակամարով և այր մի հասուն

Սրընթաց անցավ՝

Ճեղքելով ամպեր,

տարածքներ ամբողջ,

Սակայն ի՜նչ արագ նա անհետացավ

Երազանքներով, հույսերով իր ողջ.

Եվ այդ ե՛ս էի, իմ երեկն էր դա,

Որ անցա՜վ, անցավ…

Երկնակամարով մի տարեց անցավ,

Որ ուներ իր մեջ տառապանք ու ցավ,

Կորուստներ ուներ, ափսոսանք ու լաց.

Իմ երեկն էր դա, ե՛ս էի նորից,

Որ անցա՜վ անդարձ…

Երկնակամարով մի աճյուն տարան

Առ ի բարձունս, առ հանգստարան,

Արևն էր վրաս վերևից հանգչում,

Ներքևից ինչոր մեկն էր ինձ կանչում,

Իսկ մի մանկական երգչախումբ ի ցավ

Անցնում էր դանդաղ, խմբերգում նորից՝

Արդեն առանց ինձ, արդեն առանց ինձ,

Եվ այս ամենը, որպես վերջնավարտ,

Անցա՜վ ու անցա՜վ…

 

***

Մանկությունս պահ եմ տվել երկնքին,

Պիտի գնամ, որ տեր

կանգնեմ ես նրան,

Սպասում է այնտեղ նա իմ վերելքին,

Շտապում եմ՝ ես էլ իրեն միանամ:

 

Կհեկեկա փոքրիկ տղան իմ գրկում՝

Նախատելով, թե մենակ է մնացել,

Թափառել եմ, կասի, ամբողջ երկնքում,

Եվ առանց քեզ կարծես մի

որբ եմ դարձել:

 

Կգուրգուրեմ վերերկնային այդ որբին,

Հետո գիտեմ, լաց կլինեմ նաև ես,

Հետո Տերը մեր արցունքը կսրբի,

Որ չմնա մեզնից ոչ ոք որբի պես:

 

***

Կողքից նայողին թվում եմ տկար

Կամ տարօրինակ ու ծեր եմ թվում,

Երբ հետևից են նայում, ապիկար

Ու մի գինարբած մեկն եմ համարվում:

 

Իսկ երբ որ ինձ են նայում դիմադարձ,

Թվում եմ հպարտ ու խրոխտ այնքան

Կամ մի ասպետ եմ թվում սիրաբաղձ

Եվ կամ մի արքա…

Այսպես թվում եմ տարամերժ, թերի,

Չհասկացվածի վիճակին գերի…

 

Մինչ ամբողջապես, բովանդակալից,

Իմ ողջ էությամբ, խորքերով խորին

Տեսանելի եմ, երբ ինձ են նայում

Երկնի բացերից.

Եվ այդ նայողը դո՛ւ եղիր, Տե՛ր իմ…

 

***

Ձգտել էի միշտ երաժիշտ դառնալ,

Բայց ընդամենը ունկնդիր եղա,

Նկարիչ պիտի դառնայի, սակայն

Բնապաշտպանությամբ

բավարարվեցի,

Մի քանդակագործ ուզեցի դառնալ,

Մինչդեռ հիացա գործերով այլոց,

Քահանայապետ ուզեցի լինել,

Սակայն քահանա չդարձա նույնիսկ,

Ուզեցի լինել այր մի մարդապեղ,

Այնինչ ինքնապեղ մեկն եմ վերստին,

Ծովակալ էի իբրև թե ծնվել,

Ծովից ափ նետված մեկն եմ առ այսօր,

Պիտի լինեի…

Այս ձգտումներիս ի հակակշիռ

Դարձա ինքնամփոփ մի քնարերգու:

Մինչդեռ գիտեի,

Որ ինքնությունս, խոհերս նաև,

Տվայտանքներս, պանծացումս վեհ

Կարող էի լոկ երաժշտությամբ

Գերդրսևորել:

Չեղա այդպիսին, բայց դեռ կլինեմ,

Կլինեմ այն ժամ, երբ որ ես մի օր

Բարձրանամ երկինք,

Որտեղ մեծարվեստ մի նվագախումբ

Կանչերգով սիրո

Սպասում է իր նվագավարին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։