ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԸՆՏՐԱՆԻՆ / ՂԵՅՍԱՐ ԱՄԻՆՓՈՒՐ

ՂԵՅՍԱՐ ԱՄԻՆՓՈՒՐԼուսահոգի Ղեյսար Ամինփուրն ապրեց ընդամենը 48 տարի, սակայն պոեզիայի և գրականության բնագավառում ստեղծեց արժեքավոր երկեր՝ դրանք հանձնելով հետագա սերունդներին:
Ղեյսար Ամինփուրը շատ քաջ ըմբռնել էր իսլամական հեղափոխության մշակութային առաքելությունն ու նրա ջատագովներից էր, որի արդյունքում համարվեց իսլամական հեղափոխական հարուստ գրականության կարեվորագույն ներկայացուցիչներից մեկը:
Հարկ է նշել, որ Ղեյսար Ամինփուրը կարևոր դեր խաղաց նաև իրանական ժամանակակից չափածոյի և մանկապատանեկան գրական արձակի ասպարեզներում: Նրա «Այգաբացի շունչը», «Արեգակի փողոցում», «Տասներորդ օրվա կեսօրը», «Աղբյուրի, գետի նման» և մյուս ժողովածուները համարվում են մանկապատանեկան գրականության լավագույն նմուշներից: Նրա «Տասներորդ օրվա կեսօրը» պոեմն անչափ սիրված և ճանաչված է իրանական գրականության շրջանակներում, իսկ 1989 թ. այն համարվել է տարվա լավագույն մանկապատանեկան գիրքը: Հետագայում ետհեղափոխական և պատերազմական գրականության մեծարման տարբեր հանդիսությունների և մրցանակաբաշխությունների ժամանակ Ամինփուրի գրքերն արժանացել են նաև մի քանի կարևոր մրցանակների և պատվոգրերի: 1989 թ. նրա «Այգաբացի շունչը» բանաստեղծությունների ժողովածուն Սեյյեդ Հասան Հոսեյնիի «Իսմայիլի ձայնին զուգընթաց» գրքի հետ մեկտեղ արժանացել է «Նիմա Յուշիջ» գրական մրցանակին:
Երջանկահիշատակ պոետը 1988 թ.-ից «Սուրուշ» մանկապատանեկան հանդեսի գլխավոր խմբագիրն ու ԻԻՀ պարսից լեզվի և գրականության ակադեմիայի մշտական անդամ էր: Դասավանդում էր Թեհրանի պետական և «Ալզահրա» համալսարաններում: Նրա բազմաթիվ ստեղծագործություններ զետեղված են նաև պարսկերեն լեզվի և գրականության դպրոցական դասագրքերում:

ՌԵԶԱ ԱԹՈՒՖԻ
Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԱԶ
Մանկությանս երազներում
Ամեն գիշեր ինչ-որ գնացքի
Սուլոցի արձագանքը
Անցնում է կայարանից

Գնացքն
ասես երբեք չի վերջանում
ասես
Լուսամուտներ ունի հազարից ավել
Եվ բոլոր լուսամուտներում
Միայն դու ես ձեռք թափահարում

Հետո
լուսամուտների շրջանակներում
Բոցավառվում է գիշերը
Քամու մեջ ալիքվող քո վարսերի ծխով
Մշուշապատ ճանապարհի ընթացքում
Ծխի մեջ
Ծխի
Ծխի…

ՄՇՏԱԿԱՆ ԿԱՐՈՏԸ

Մեր խոսքերը դեռևս անավարտ
Հենց որ նայում ես
Պահն է գալու

դարձյալ նույն
Հեքիաթը մշտական
Նախքան գլխի ընկնելը
Անխուսափելի է դառնում քո մեկնելու պահը
Ով
Ով ավաղ և կարոտ մշտական

Հանկարծ
Որքան շուտ
Ուշ է լինում

ԼԱՐԱԽԱՂԱՑ
Հենվել եմ քամուն
Հասարակածային ձեռնափայտովս
Կանգնել եմ
Երկնքի պարանին
Հանկարծի զույգ անդունդի եզրին
Հանկարծակի ձայնից
Հանկարծակի լռությունից
Իմ ոտքի տակ
Բաց է մնացել
Գահավիժման անդունդի բերանը

Ստիպված
Լռության ձայնով
Մինչև մշտապես
Քայլում եմ
Զույգ անդունդների քավարանի վրա

Իմ ճակատագիրը երգելն է

ԳԱՂՏՆԻՔ
Ձեր շուրթերի երգն ու սազը այրվելն է,
Գիշեր ցերեկ ձեր մտքինը այրվելն է,
Մի գաղտնիք կա քո թիթեռի և մոմի մեջ,
Ձեր կրոնը դեռ էն գլխից այրվելն է:

ԱՐԵՎԻ ՓՈՂՈՑՈՒՄ
Ես մի գիշեր երազիս մեջ ասուպ գտա,
Միրաժների խաղաղ պարում ես ջուր գտա,
Արևավառ երգերով լի այս տետրն էլ
Արեգակի փողոցի մեջ մի օր գտա:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Ասես մի պահ պղպջակը մենք տեսանք,
Կամ միրաժի հրաշք պարը մենք տեսանք,
Վարագույրում ոչ պատկեր կար, ոչ էլ ձև,
Միայն ասես շրջանակը մենք տեսանք:

ՍԵՎ ՕՐ
Երբ որ դու չկաս
Ոչ մեր եղած-ներն են այնպես
Ինչպես որ պետք են
Ոչ պետք է-ները

Ամեն անգամվա պես խոսքիս վերջը
Եվ վերջին խոսքս
Կուլ եմ տալիս լացի անզուսպ ցանկությամբ

Մի ամբողջ կյանք
Լղարիկ ժպիտներս
Կուտակում եմ սրտիս մեջ
Թող մնա սև օրվա համար

Սակայն
Օրացույցի թերթիկներում
Օր չկա սև օրվա անվամբ

Այդ օրը ինչ էլ լինի
Երեկվա օրվա նման
Վաղվա օրվա նման
Մի օր է ճիշտ մեր այս օրերի նման
Սակայն ով գիտի
Գուցե
Այսօր նույնպես սև օր լինի
Երբ որ դու չկաս
Ոչ մեր եղած-ներն են այնպես
Ինչպես որ պետք են
Ոչ պետք է-ները

Ամեն օր առանց քեզ
Սև օր է

Թարգմ.՝ ԷԴ. ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։