Հունվարի 25-ին Վլադիմիր Վիսոցկին կդառնար 80 տարեկան
ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻ
«Բակային կամ գողական երգեր» շարքից
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՌՈՄԱՆՍ
Շրջում էի մի օր քաղաքում ինձ համար
Ու պատահմամբ երկու անցորդի գրսեցի.-
Միլբաժին ընկա էդ դատարկ բանի համար,
Տեսա մի աղջկա ու… սիրտս բռնեցի:
Գլխի չընկա, թե նա էնտեղ ինչ էր անում,-
Անձնագրի համար էր երևի եկել,-
Ջահե՜լ ու սպիտա՜կ, ժպտադեմ ու սիրո՜ւն…-
Ու qqացի` սիրտս էլ չի՛ ուզում պոկվել:
Հետևից գնացի, տան տեղը իմացա:
Բայց դե հետն ի՞նչ խոսեմ, ես`
մի լոթի անբան…
Լա՜վ խմեցի սակայն ու մի օր մոտեցա.
Ծանոթացանք, հետո` մտանք ռեստորան:
Իսկ անցորդներն անվերջ նրան ժպտում էին,
Թեկուq և տրաքվիր, բա՛ն չես կարող անել:
Չդիմացա, իջա ես մեկի մռութին,
Ով աշկարա փորձեց նաև աչքով անել…
Նրա համար խավիար էի քսում հացին,
Առատ հոսում էին փողերս գետի պես,-
Նրա պատվին ընտիր երգեր պատվիրեցի,
Իսկ ամենավերջում` «Կռո՛ւնկը» հատկապես:
Մինչ լnւյս նրան ինչ-որ բան էի խոստանում,
Նույն խոսքերը կրկնում ես նորից ու նորից.
«Հինգ օր է` ոչ մեկից ես բա՛ն չեմ գողանում
Եվ հանուն քե՛q, սե՜ր իմ`
առաջին հայացքից»:
Ասում էի, որ իմ կյանքն արդեն կորած է,
Հուզվեցի խիստ, նույնիսկ
լաց եղա դառնորեն:
Իսկ նա նետեց թեթև.
«Հավատում եմ, պե՛տք չէ,
Ձեq էժա՛ն, համարյա ձրի՛ ես կտրվեմ»:
Թունդ եռաց արյունն իմ,
դժվար էր ինձ սանձել,
Կուչ եկավ այդ ճերմակ
թռչնակն իմ ապտակից.
Նո՜ր հասկացա, թե ինչ առիթով էր էնտեղ
Հայտնվել սերը իմ` առաջին հայացքից:
ԻՋՆԵԻ ՀԱSԱԿ
Մինչև կոկորդս արդեն կուշտ եմ ես,
Նույնիսկ երգելն է դժվար ինձ համար:
Իջնեի հատակ սուզանավի պես,
Էնպես, որ տեղս ոչ ոք չիմանար:
Ընկերս օղի ինձ խմեցրեց,
Ընկերս ասեց` բան չկա՛, կանցնի՛,
Նա Վերկայի հետ ինձ ծանոթացրեց,
Որ Վերկան օգնի, և օղին` փրկի:
Բայց դե նրանցից ո՛չ մեկը չօգնեց,
Ո՛չ արաղը, ո՛չ Վերկան պետք եկավ:
Իջնեի հատակ սուզանավի պես,
Էնպես, որ տեղս ոչ ոք չիմանար:
Մինչև կոկորդս արդեն կուշտ եմ ես,
Օ՜, երգել, խաղալ` չեմ ուզում էլ, չէ՜:
Իջնեի հատակ սուզանավի պես
Ու չարձակեի փրկության կանչեր:
ԴԱՋՎԱԾՔԸ
Մեր միջև չենք կիսել,
չենք գnւրգnւրել մենք քեզ,
Իսկ որ սիրել ենք, էդ արդեն անցյալ է հին:
Իմ հոգում եմ պահում, Վա՛լյա, պատկերդ ես,
Իսկ Լյոշան նկարել, դաջել է ձախ կրծքին:
Ու երբ կայարանում բաժանվում էինք մենք,
Երդում տվի հիշել ես քեզ հուր-հավիտյան:
Ինձ ասացի. «Նրան չե՜մ մոռանա երբեք»:
«Ես` առավե՛լ ևս»,- վրա բերեց Լյոշան:
Դե էսքանից հետո դո՛ւ որոշիր` մեզնից
Ո՞ւմ համար է դժվար,
ո՞վ է մեղք ու տանջված.
Նա քո կիսադեմը ունի միայն դրսի՛ց,
Այնինչ, սիրո՜ւնս, դու հոqո՛ւս մեջ ես դաջված:
Ու երբ անտանելի qqված եմ էս կյանքից,-
Չնեղանաս հանկարծ էս խոսքերից դու իմ,-
Խնդրում եմ, որ Լյոշան շապիկը արձակի,
Ու նայո՜ւմ եմ, երկա՜ր նայում քո պատկերին:
Բայց էս վերջերս մեկն իմ ախպեր տղերքից
Ցույց տվեց հունարն իր,
ինձ փորձանքից փրկեց.
Մի լա՜վ արտագրեց քեq Լյոշայի կրծքից,
Ու քո դեմքը նաև իմ կրծքին հայտնվեց:
Գիտեմ` ընկերոջը մրոտելը լա՛վ չէ,
Բայց, հաստա՛տ,
դու ի՜նձ ես ավելի մոտ հիմա.
Ախր, իմ դաջվածքը շա՜տ ավելի լավն է,
Չքնա՜ղ է ավելի, քան թե կրծքին նրա:
***
Տարօրինակ ճաշակ ու պահանջներ ունեմ,
Եվ, մեղմ ասած, մարդ եմ մի քիչ արտասովոր.
Կարող եմ նույն պահին և՛ բաժակներ կրծել,
Ե՛վ, հեչի պես, Շիլլեր կարդալ բնագրով:
Երկու «ես» կա իմ մեջ` երկու ծայրաբևեռ,
Երկու տարբեր մարդիկ` իրար թունդ թշնամի.
Երբ ուզում է, ասենք, մեկը բալետ նայել,
Մյուսը երազում է սուրալ` ինչպես քամի:
Ինձ ավելորդ մի բան թույլ չեմ տա և՛ մտքում,
Երբ հանդես եմ գալիս ես առաջին դեմքով:
Բայց դnւրս պրծնում հաճախ,
սանձերն է արձակում
Երկրորդ իմ «ես»-ը` լոթու կերպարանքով:
Ու վախենում եմ ես, ճզմում նրան իմ մեջ:
Օ՜, խենթ ճակատագիր, օ՜,
անհանգիստ իմ բա՛խտ.
Ո՞վ իմանա, մեկ էլ ու հանկարծ պարզվեց,
Որ իմ ո՛չ այն «ես»-ն է ընկնում
հարվածի տակ:
Երբ հայտնաբերում եմ մեջս անկյուն մի նոր,
Ուր դեռ երազներ կան,
կարոտներ ու քնքշանք,
Մատուցողները ինձ սնում են և պարտքով,
Ու ձրի են սիրում, գուրգուրում ինձ կանայք:
Բայց, մեկ էլ, չքվում են երազները հանկարծ.
Ահա ես կոպիտ եմ, և՛ չար, և՛ անզիջում,
Ու «Շիլլերը» անխիղճ սեղանի տակ գցած`
Բութ, անջատված`
նորից իմ բաժակն եմ կրծում…
…Իսկ դատը գնում է, աչքերն ինձ են հառվել:
Բայց, ընկե՜ր դատախազ,
հարգելի՜ դատավոր,
Ե՛u չեմ, հավատացե՛ք, ցուցափեղկը ջարդել,
Այն սրիկա՛ն` երկրորդ իմ «ե՛ս»-ն է մեղավոր:
Եվ շատ խիստ մի՛ դատեք,
աղաչո՜ւմ եմ ես ձեզ.
Ինձ ժամանա՛կ տվեք, ոչ թե «սրոկ» մի նոր.
Դատի կգամ արդեն ես ոնց հանդիսատես,
Դատավորների հետ թեյ կխմեմ սիրով:
Մտադիր չեմ ինչ-որ ցուցափեղկեր ջարդել,
Ո՛չ էլ` քիթ ու մռութ, գրեցե՜ք հենց էդպես,
Կմիացնեմ հիվանդ, պառակտված իմ հոգու
Երկու իրարամերժ կեսերը վերջապես:
Արմատախի՛լ կանեմ, կթաղե՛մ ես նրան,
Կմաքրվե՛մ, կարգի կբերեմ ներսը իմ:
Ինձ միշտ խորթ է եղել բռի այդ սրիկա՛ն,
Եվ իմ երկրորդ «ես»-ը չէ՛ նա բոլորովին:
Թարգմ.` Լևոն Բլբուլյանի