***
Թե որ գնամ՝
Անձրևի տակ դու կմրսես,
Ախր, կրծքաբաց ես,
Թաց ես.
Ծիածանից ծորած
Գույն ես կարծես,
Արևի տակ
Պիտի շրջագծես
Թափուր իմ երկինքը,
Ու ես
Պիտի ճախրեմ, ճախրե՜մ՝
Ինչպես արծիվն ինքը,
Եվ գույներդ կտցեմ
Եթերակալ.
Թող նոր օրեր չգան,
Պահն այս այնքա՜ն լիքն է,
Որ գրկի մեջ
Աստղեր
Ու դարեր կան:
***
Որ գնամ, իր դուռը թակեմ,
Ու նա չբացի,
Ո՞վ տեղ կտա էս գիշերով
Իմ պես ցնդածին:
Խավարի մեջ բան չի ժպտում,
Լուսնյակից բացի,
Սիրահարված ջահելի պես
Քուչում մնացի:
Վարագույրով թաքնվել ու
Հետևում է ինձ,
Քաղցրածիծաղ ծիկրակում է
Բաց պատուհանից:
Իմ հաշվելով՝ վաղուց դուրս եմ
Էն խենթ օրերից,
Բայց նայում եմ հոգուցս ներս՝
Ջահե՜լ եմ նորից…
Ջա՜ն, գնում եմ սիրուն մի տեղ՝
Հեռու բոլորից,
Սրտիս վրա սեր է կաթել
Լուսնյակի կորից:
***
Խնձոր աղջիկ,
Պաղ ջուր՝ տապին,
Դու ասացիր՝
Ինձ տար՝
Ուլերի պես խաղանք
Էն քարափին.
Ի՜նչ անուշ էր
Ցածում
Երգում
Գետը Կարբի,
Ի՜նչ սիրուն էր
Բացվում
Լույս ծոցիդ մեջ
Արփին:
***
Որ մոլորակը առար, տարար՝
Բա չասի՞ր՝ ես ի՞նչ պիտի անեմ,
Որտե՞ղ արթնանամ, որտե՞ղ քնեմ,
Դրախտապատկան իմ լածիրակ:
Փակված կոպերիդ տակից անգամ
Փայլփլում են քո աչքերը սև,
Տիեզերական միջանցիկ Սեր,
Հիմա ես ինչպե՞ս քո գիրկը գամ:
Անթև, անկշիռ, եթերական՝
Բոլորից ցածր, բոլորից վե՜ր,
Քանի՜ տարի եմ այսպես տևել,
Մինչև իմ ուզած պահերը գան:
Հեքիաթային ու անիրական
Մնացել եմ այս ծփանքի մեջ,
Լուսատառ գրվող վերջին իմ էջ,
Ներսումս դեռ տաք կրակներ կան:
***
Չվերջանաս,
Կյանքը նոր ենք սկսելու,
Մատներս դեռ
ստինքներիդ կանաչում են,
Լիալուսնի պնակում եմ քեզ կիսելու,
Քո աստղակաթ երկնքից դուրս՝
իմաստ չունեմ:
Հեռուներից ծանոթ ձայնով ինձ
կանչում են,
Մոտենում եմ, բայց փշրվող
պատրանք է լոկ
Թռչուններ չեն, խենթ օրերի
փախչող չուն է
Անդարձ ճախրում
հիշողության ափով ողորկ:
Պարիր, մինչև զգեստաթափ
ինձ մոտենաս,
Ծխապարար մշուշի մեջ
թափահարվիր…
Երբեք իրար չենք ասելու՝
բարո՜վ մնաս,
Սերը երբեք չենք թողնելու
որբ ու անխինդ:
***
Ո՞նց գոյացար այսպես՝ մանրամասն,
Խնդակարկաչ, շքեղ, երանելի.
Ես կարծեցի՝ գարնան
հալոցքաբեր մասն ես,
Խենթ հոսքերով սերը եկավ էլի:
Դե, սավառնի՛ր, որ
իմ մոխիրներին հասնես,
Աստծո եղունգներով ինձ
արևից քերի՛ր,
Տիեզերքի միակ
լուսահանդերձ հարսն ես,
Ու որ կողքդ չեղա՝ ներիր, ներիր…
***
Սերը ծորում էր լուսնի քղանցքից,
Լույսն ավելի քան շրջահայաց էր,
Կառավարվում ենք երկնքի անցքից,
Մենք չէինք կարող կիրքը շրջանցել:
Անձրև չկար, բայց շապիկդ թաց էր,
Ստորին շուրթդ համով էր դողում,
Ուրախությունից ուզում ես լացել,
Ուզում ես անքայլ գամվել
նույն տեղում:
Ոչ մեկի կյանքը չենք տողադարձել,
Սակայն ամեն տեղ ասելիք եղանք,
Սրտիդ փողոցով ես մերկ եմ անցել,
Ինչպես արևից պոկված շափյուղան:
***
Մի՛ մանրացիր,
Ցավդ կոծկիր,
Անցիր
Կամ էլ զարկվիր ժայռին
Ու ցանուցիր
Զանգակաձայն դարձիր՝
Հնչեղ ու լուսածիր…
Մի՛ մանրացիր,
Ողջը ցնորք կարծիր,
Թևաբախիր
Եթերներով անծիր՝
Գնա,
Գնա,
Գնա,
Էլ մի՛ վերադարձիր…
Հորիզոնի կարմիր
Կուրծքը բացիր՝
Որպես նրա միջով
Ճախրող արծիվ,
Որ գնում է
Աստծո սեղանի մոտ
Նստում հացի…
Մի՛ մանրացիր,
Անցյալ ու ներկայի փողոցներում
Ցավդ գոցիր,
Անցիր…
ՍԵՐ
Սե՛ր,
Հենց ձեռքս բաց թողնես՝
Ընկնող ինքնաթիռի
ուղևորի կնմանվեմ՝
Տագնապած ու անհույս,
Եվ բանաստեղծության փերին
Երկնքում ճախրելով,
Կմղկտա՜
Լույսի թափանցիկ զգեստի
վրա սև ժապավեններ կապած:
(Ցմփոր հոգսերը տրաքում էին
Խնձորենու տակ,
մեր համբույրներից,
Թիրախավորել, կրակում էին
Չար վհուկները մահաբեր հեռվից:
Ավելի շատ՝ մերկ,
քան հանդերձներով,
Ճեմում էինք թունդ կրքերի այգում,
Ձայնեղ գիշերվա նվագը գերող
Մեր երազների շուրջն
էր նավարկում):
Քեզ մոտենում եմ ավելի,
Քան քո մաշկն է,
Որպես մարգարտե ուլունքաշար
Նետում եմ քեզ ճախրող
անուրջների պարանոցին,
Եվ պապանձվող ժամանակը
Մոլորվում է իր հաշիվների մեջ,
Եվ Աստված
Ժպտալով ինձ աչքով է անում՝
Իր սահմաններին
հասնելուս համար…
(Այս ամպի ճերմակ քուլաներն, ասես,
Քո ստինքներն են երկնքից կախված,
Հասակս կարճ է, թե նրանց հասնեմ,
Բայց իմ որոտից մաղվելու են ցած.
Ցնծությամբ պիտի նրանց
շուրջ վազեմ,
Կայծակնապատկեր
տարափի առաջ,
Դու կաթիլապար արծաթե հարսն ես,
Ով երազներից մաղվելու է ցած):
Մեր ժամանակի ընթացքից դուրս՝
Ի՜նչ ծիծաղելի ամայություն է,
Ի՜նչ հնչեղ է բառաչը՝
պալատների մեջ,
Ագահության ճիրաններում
տառապողների:
Ոսկե հատակին
սատկում են անհույս՝
Անթռիչք, աներգ օրերը բոլոր,
Եվ լափերի մեջ ու բիժուների
Փուչ գոյանքներն են
անշունչ տապալվում:
(Տաք համբույրներով
մոտեցրիր Աստծուն.
Համաչափությամբ պիտի ուղղորդեմ՝
Քո հոգուց կլլած՝ և՛ արև, և՛ ձյուն,
Գարնան ջրերով երգաձայն հորդեմ
Ծաղկման կարոտով դաշտերի վրա,
Եվ աստվածային շունչը հաղորդեմ
Հրեշտակների պարով հաշտարար՝
Մարելով ամեն շանթ ու որոտներ):
Դու չես թողնում, որ
Աստված հեռանա,
Երեխու նման փոքրիկ
ափերով ձեռքն ամուր բռնած,
Մոլորակի ուղիղ կենտրոնում՝
Ցնծության գրկում ալեկոծվում ենք,
Եվ մեր հորինած պարունակի մեջ
Խավարը հույսի նշաններ չունի…
(Չեմ համարձակվում հայացքս շրջել,
Քո շողերից դուրս պատկերներ չկան,
Դու արարչագիր մատյանի էջն ես,
Դրախտապատկեր դեմքն ես աղջկա:
Երջանկությունը դոփում է տեղում,
Եվ չենք երազում մենք վազքը նրա,
Սե՛ր, միայն դու ես մեզ մահից շեղում,
Սե՛ր, միայն դու ես
կյանքի շափյուղան):
***
Ինձ կամուրջներ էլ հարկավոր չեն,
Եթերային են ճամփաներս,
Ինքնասույզ՝ ի վե՜ր պիտի թռչեմ,
Անտես գրկիս մեջ՝ վերջին սերս:
Կապույտ երկինքը կկանաչի,
Ինձ կճանաչի խաչված Տերս,
Եվ ծաղիկ դառած սերս կաճի՝
Թերթերին պարզած լա՜յն թևերս:
***
Տարրալուծվեցիր գիշերվա մեջ,
Հաղորդվեցիր ինձ մանրամասն,
Մշուշի միջից շքեղ իջել,
Դարձել ես ձեռքիս գինու թասը:
Խինդը, բերկրանքը՝ անպակաս են,
Էս փուչ աշխարհում քանի դեռ կաս,
Ականջիդ մի բան պիտի ասեմ,
Որ դու ամոթխած նորից ժպտաս:
***
Տանդ մոտ ձնեմարդ կսարքեմ,
Կժպտաս գազարե քթին,
Կիմանաս՝ եկել եմ արդեն,
Խնդասիրտ դուրս կգաս կրկին,
Կպարեն փաթիլները քո դեմ՝
Որպես նաժիշտներ խոնարհ,
Քեզ ամուրամուր կգրկեմ,
Կդողան շուրթերդ խոնավ՝
Ուր հենց նոր մի փաթիլ հալվեց,
Խառնվեց համբույրին ձյունե…
Այս ձմռան գիշերը ի՜նչ լավն էր,
Ցնծության շքերթ էր գունեղ:
***
Ճանապարհները մոտենում են ինձ,
Ես տեղում գամված
խաղաղ թռչում եմ,
Այս պարունակը ճողվել է ցավից,
Ես իրեն փրկող բալասան չունեմ:
Ընդունենք՝ թե քեզ չհանդիպեի,
Եվ չիմանայի՝ աշխարհում դու կաս,
Ասենք՝ շրջանցեր ինձ սիրո փերին
Եվ չշշնջար թե՝ մի օր կգաս:
Մեկը սև լաթով աչքերս գոցեր,
Երբ իմ դիմացով դու անցնում էիր,
Որոնումների աննման ծոցեր
Խառներ գինեվետ հիացումներիս…
Չէ՛, ինչ էլ լիներ՝ քեզ կգտնեի՝
Հոտոտելով տաք հետքերը հոգուդ,
Ամենաչքնաղ լուսե կինն էիր,
Դո՛ւ պիտի տայիր կրքերիս հագուրդ,
Որ հնար լիներ շարունակելու
Ներզննումների խաղը խուսափուկ,
Եվ պարունակն այս մեր կամքին հլու,
Չասեր, թե հոգնած
աչքերն է փակում:
***
Երբ սիրելիդ արդեն չկա,
Ճանապարհը տեղ չի տանում,
Օղակվում է ու ընթանում,
Երբ սիրելիդ արդեն չկա:
Ամեն ինչի մեջ թերանում
Ու չես գտնում շուրջդ ոչինչ,
Փշրվում է երազդ ջինջ
Ժամանակի մութ բերանում:
Թռչուններն են ըմբերանում,
Երբ սիրելիդ արդեն չկա,
Մղումները սրտիդ անձկավ
Ոչ մեկին չեն ընկերանում:
Երբ սիրելիդ արդեն չկա,
Այնպես հեշտ ես դու ծերանում,
Հանբարձվում ես ու վերանում,
Երբ սիրելիդ արդեն չկա:
***
Քեզ վստահում ու
հավատում եմ, Տե՛ր,
Ինչպես ծնողիս կհավատայի,
Քեզ անիմաստ է այլևս մատնել,
Չարաղետ ոչինչ էլ չի պատահի,
Երբ ես ավարտվեմ մի
խաղաղ պահի,
Ինձ հավերժական
կյանքով չպատվես.
Քեզ վստահում ու
հավատում եմ, Տե՛ր,
Կուզեի դու էլ ի՛նձ հավատայիր…
***
Տես, թե ովքեր ասացին՝
ձեզ չենք ճանաչում,
Մեզ ուրացող երկնաթաթախ
քանի սրբեր,
Հուդայապաչ տվողների
բույլն է աճում,
Տերը ինքն է նրանց
հոգուց մեղքը սրբել:
Պատկերազարդ գրքի նման
օրը բացվել,
Ինձ կանչում է՝ շունչ
հաղորդեմ հեքիաթներին,
Բարությունը դեռ աշխարհից
չի համբարձվել,
Կախարդանք է ու
բերկրանք է բերում փերին,
Եվ թողնում է լույսով
արված դիմագծեր՝
Փողփողալով սիրածարավ
մեր ափերին,
Սե՛ր, քո առաջ մի քողարկված
դուռ եմ բացել,
Գիտեմ, որ քո պատկերի
դեմ չեմ համբերի
Ու կթեքվեմ գինով
լցված տակառներին,
Որ մի շնչով քո կենացին
թասեր պարպեմ,
Քեզանից դուրս՝ հոգիները
դատարկ էին,
Մահն էր ցցվում քեզ
շրջանցող օրերի դեմ:
Երազներիս
ավերակված ապարանքում
Քո թևերից վար ծորացող
շողեր դեռ կան,
Մոմի նման հալվում էիր
սրտիս վանքում
Եվ լույսերով փառավորում
անշուք ներկան:
***
Չկարողացա ապրածս մարսել,
Անթաղ մնացին օրերս անցած:
Դու վերերկրային
պատահար ես, սե՛ր,
Ես քո վթարից գլորվեցի ցած:
Հիմա նայում եմ՝ շատ չեմ վնասվել,
Հոգիս մարմնից դուրս
այլընտրանք ունի,
Անսերները թող մի
կուշտ բամբասեն՝
Կրծքերին դաջած գերբը արքունի:
Մեր մոլորակը գրկիդ մեջ պահիր,
Քեզ կներառեմ սրտիս զամբյուղում,
Թե հետո ինձ հետ
մի բան պատահի,
Դու կզգաս՝ ո՜նց են
բառերը բուրում,
Թերթիկների մեջ՝ գգվանքները մեր,
Շամանդաղի հետ՝ սիրո գոլորշին,
Կթվա՝ ես եմ նորից հայտնվել՝
Մաքրելու կրքի թանձրացող փոշին: