2002 թվականն էր, ամիսը՝ չեմ հիշում, բայց հրաշալի եմ հիշում այն օրը, երբ Սամվելը նվիրեց «Բիթլզ. Երգեր» փոքրիկ գրքույկը, որ կազմել էին ինքն ու Արամ Ուռուտյանը: Ասեմ, որ նվերս ստացա յուրահատուկ «քննությունից» հետո, միայն երբ համոզվեց, որ բիթլզները նաև իմն են ու կյանքիս անբաժան մի մասը: Ամիսը՝ չեմ հիշում, բայց այսօրվա պես եմ հիշում, թե ինչպես էր պատմում իր ալբոմների, հավաքած վիթխարի գրականության և երգերի նոտաների մասին… Գրքույկն ընդունեցի որպես անսպասելի ու սպասված պարգև, և իմ գրադարանում այն առանձնահատուկ տեղ ունի: Փետրվարի 25ին բանաստեղծ, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի ծննդյան օրն էր, նաև՝ «Գրական թերթի» գեղարվեստական խմբագիր Սամվել Մկրտչյանի ծննդյան օրն էր, գրադարակից վերցրի «Ուլիսի» կողքին հարմար տեղավորված գրքույկը… և հասկացա, որ «Գրական թերթի» ընթերցողի հետ միասին պետք է հիշենք նրան:
Կ. ԽՈԴԻԿՅԱՆ
ՋՈՆ ԼԵՆՈՆ
ՎԱՂՆ ԱՆՀԱՅՏ Է
Միտքդ անջատիր,
լողա հոսանքն ի վար.
Սա դեռ մահ չէ, սա դեռ մահ չէ:
Թող մտքերդ, հանձնվիր
դատարկությանը.
Այն շողում է, այն շողում է:
Որպեսզի տեսնես
ներքին իմաստը.
Այն լինելն է, այն լինելն է:
Սերն է ամեն ինչ և ամեն ոք:
Այն ճանաչելն է, այն ճանաչելն է:
Ականջ դիր գույներին
երազներիդ.
Սա ապրել չէ, սա ապրել չէ:
Կամ խաղա «գոյությունը»
մինչև վերջ.
Սկզբի մասին, սկզբի մասին,
սկզբի մասին…
ՈՉՄԻՄԱՐԴ
Ոչմիմարդ կա այս երգում,
Նստած իր Ոչմիերկրում
Ոչմիծրագրեր է մշակում
ոչ մեկի համար:
Չունի ոչ մի տեսակետ,
Չի մեկնում, չի դառնում ետ,
Մի՞թե նա նման չէ ինձ ու քեզ:
Ոչմիմարդ, ի՞նչ ես ուզում դու,
Ոչ մեկին էլ չես հուզում դու,
Ոչմիմարդ, աշխարհը
քոնն է ընդմիշտ:
Կույր է նա, ինչպես ոչ ոք,
Իր ուզածն է տեսնում լոկ,
Ոչմիմարդ,
տեսնո՞ւմ ես արդյոք ինձ:
Ոչմիմարդ, մի՛ փախչիր դու.
Ոչմիմտքից միշտ կառչիր դու,
Մինչև որ ուրիշ մեկը
ձեռք մեկնի քեզ:
Ոչմիմարդ կա այս երգում,
Նստած իր Ոչմիերկրում…