Էդուարդ Հարենց

***
Օրը չի գալիս, բայց
տարիներն են լքում…

(Օդում գծագրվող թռչուն մի անանուն):

Բայց ես գիտե՛մ հաստատ.
նա Անո՛ւնն է թռչում`
ճյուղերին իր կապույտ
տերևները թողած…

Գծագիրն է ճղվում,
ես ընկնում եմ ծառից`
աչքերիս մեջ առած
կլոր ճամփորդության
եռանկյունի բույներ…

Ժամի թափված քարերն ինձ վրա
մի՛ նետեք.

իմ աչքերի բացվերք փչակներում ահա
ձեր թաց անունների
սաղմ(ոսն)երն են պտղած,-

երբ Օրը գա` կորցրած
իր ձվերը գտնի…

***
Չեն ավարտվում նավերս բայց`
ջրարբուքի խոր (մ)տածում-
ներեն` քնած երազի մեջ
քեզնից դեպի դուրս խեղդվողի…

Ներումնահայց հրեշտակներ
շրջահայաց են քո զարթնում,
որ լուսանցքի ծիլն ապրենա
մանկությանդ անմայր Էգոն
(ո՛չ նկարիչ Շիլեն, անշուշտ):

Շիլ են աչքերն իմ-քո, մեղքիդ
վիրահատման շեղբերի շուրջ
թախիծ-թախիծ զվարթորեն
պար են գալիս կաթնուկ վարդեր`
հատ գնացած, ուր մաշվում են
քո ստացական հոդերը նուրբ…

Բայց ելնում են անվանս մեջ
վարդի նուրբերը գեղագիր
վայելչական տողադարձով
ու խարսխում որբ նավդ` հանց
Գ–Ք-ի թաց ուղղագրություն…

Բայց իմ նավը չի՛ ավարտվում
դարձյալներում տողան-տողան`
ինձ դեպի քեզ խորտակվածի,-
ակն ընդ
ական, որով-հետև
երրորդության մեջ Ե՛ս կա…
մ…

***
Դռները
ձեռքով են անում մեզ:

Ձեռքերը ժամեր են`
մահացման լույսերով
բառերի սրտից մեր սերմերը
կողոպտող…

Ժամերս մնացին
դռներիդ արանքում…
Բլյուզ
Երբեք չպաշտպանող
ասպիրանտի նման
մահն արյուն է ոթում`
կրծելով գլուխներն սկզբնաղբյուրների…

Տեսախցիկն, ինչպես օպտիկական թանաք,
պատ-Էրազմի
նաիվ փիլիսոփայության
խոտոր լանդշաֆտներն է փորձում
քարտեզագրել`
ժամագործի խարխուլ
Կանաչ ժամի դաշտում,
որտեղ Սիզիփոսի խոշորացույցն հսկա
թվեր է բազմացնում
վիժման արագությամբ…

Խղճի քարակույտեր`
խելագարված ու որբ,-
ներքնաձիգը կորցրած
եռանկյուններ-պասկալ…

Ցվետանան` լույսի շառավղով միակ
կանաչ դաշտի ծաղիկ,
օտար ու անպաշտպան,
իր զույգ տերևներով –

ժանգոտ և արնածոր
սլաքներն է ջանում
ճշգրտել
ֆոկուսից ընկած ժամագործի…

***
Լուսինն իջնում է ցած`
վանկերն իր ծամելով,
ու նստում է կողքիդ,-
ձեռքում պահած մի մեծ
աղեղնաջիղ տերև…

Պարսատիկի աղեր
ծոցը լցրած ու մերկ`
հույսդ քեզ քնել, իսկ
դու զարթնում ես հույսից,
ձայնդ շոշափում, բայց
կողքիդ ոչ ոք չկա,
որի կողքին նստես…

Լուսնի շրջագծով
կամակորն ես ծխում:

Լուսամուտին կապույտ
ջրաներկեր ճզմած`
թաց Երկվորյակների
ափերին ես փնտրում
վարդերիդ թռչնի մեջ
կորած քո երազի
Կշռաքարը միակ…

Դողն է Աղեղնավոր
քեզ վանկարկում, ինչպես
սուտակ-սուտակ կարմիր
երիկամի զառեր…

Պատուհանի քարտեզն
Է վար հոսում կապույտ`
թրջելով ժամերիդ
սաղարթները` որպես
Գեթսեմանի ջրտուք…

Այդ աղոթքի՛ց էր քեզ
ջերմում մերկ տառերով`
թռչնին առնչակից
տերևը քո անվան,

որ դու պատռում էիր
լուսնի փորագծով
ու կորսված ծխում
դողէրոցքը քո՛ իսկ
պատճառավոր Կույսի…

Գրավյուր
Թաց գիշերի ու զգեստի
հոդակապը թռցրած`
անվան սիրած ժամերն էգ
պարան-պարան են խաղում
պատի քունը մխրճված
տրամվայի երազում,
որի ռելսերն են փախցրել
ժանգոտները քաղաքից…

Անհոդաբաշխ վարդերով,
անհյուրընկալ ու մրսած,-
շրջադարձին հեքիաթի
դու նստել ես կանգառում`
պայծառ հետքերդ թողած
տրամվայի ռելսերին,
որոնք կորան` խեղդվելու
ծախու բաշխիչ ցանցերի
ժամագոտու նեղվածքում…

***
Ներման մի՛ գնա,
այլ միջո՛վ արի…

Դարձիր ներումնակի
կարողություն ի՛նքդ…

Միայնա՛կ սրբիր, Դեմքից
մի՛ ներվիր,
դիմագծով վե՛ր ներողամտվիր…
(Ներման մի՛ գնա, այլ միջո՛վ արի):

Ներողությո՞ւնը: Օ՜,
չէ՞ որ հարուստ է նա:

Կարողացի՛ր, քեզնի՛ց
կարողություն դիզիր:

Դե քանզի-բայց-իսկ Ո՞ւմ
հարստությունն ես դու…

***
Բայց-և-իսկ վերջին
աղոթքում չասված պոպոքների պես –
Հույսը կաս-տխուր իր գրպաններն է
կարում մեզ վրա
ու Երբեքն ելնում
վեր` խորտակվելու չմեռնելու մեջ…

Ի՞նչ բառեր են մեզ
վանկատում ցածրիկ`
երկրաչափական միջօրեների
դեղին-անխաղաղ
ջրերի վրա…

Ո՞ւմ վանկերն են մեր
երազն օրորում
կեսի գիշերով`
սլաքներն ուղղած նեղ
լուսանցքներին
մեր անքնության մուգ թեյավարդի…

***
Տա արմատի պես լայնարձակ` մեկ էլ
թևատարած է լեզո՛ւն մեր գյուղի,

ուր մինչև այսօր
հանգստարան են շիրմատանն ասում:

Տաթևում երեք հանգստարան կար
(հեծանվիս երեք անիվների պես):

Բայց ասում էին,
թե գյո՛ւղն էլ
մի հին,
վաղուց ժամկետանց
գերեզմանոցի տեղում են հիմնել:

Իսկ մեր մանկամիտ
հեծանվավազքն ու պահմտոցին
հանգիստ չունեին այդ քարերի մեջ…

Երեկոյան կողմ
խաղերից հոգնած` նստում էինք
նույն քարերի վրա,-
լույս հրեշտակներ,-
և դիմավորում
ներքևից արդեն տուն դարձողներին…

Մի գյուղ կա վերև,
ուր թևատարած
մի լույս է նստել
խաղերից հոգնած մեր իսկ քարերին
ու մեզ է սպասում,
որ դիմավորի,
երբ իրիկնանա…

Բարիտոն
Մի կողով ընկույզի մուրաբան

քանի՞ հատ կոկորդ է
կազդուրում`

որբ գեղձերն ուռած
ու բարձիթող

ընտանի հավքի կույր
կտուցի դեմ,-
մենակ,-

կորուսյալ լուսայգի
մոտեցող
ջրերին բանադիր
անդորրից

բարձրացող ջերմությամբ,-

գիշերվա: –
Անհանգիստ թփերում

քանի՞ հատ
մոլորված արմատ է
ոռոգում

մի կողով ընդկույսի մուրաբան…

***
Մարդը նավ է,
խարիսխ,
մարդը` կառամատույց:

Խորտակվողի վարդը`
գուցե
այդ ամենի
վասն և պատճառով…

***
Թռչունը բառ է
մահացման միջով…

Վե՛րքն է գեղեցիկ`
հանդերձ անհանդերձ: –

Կապույտ արնահոս
ճանապարհ-ծաղիկ,-
օրորոց` լցված քարերով,
բայց դու…

Երբ գեղեցկանաս թռչնի արանքում,
Աստծուդ վերքերից
ի՛նձ նետիր «բայց դու»-ն…

***
Այսպեսիկ դանդաղ
ինձանում

բառդ մեռնում էի որ
չլինի հանկարծ

սիրտդ իր խոնարհ
գլուխը կախի…

Գուցե կա(ն)խորոշ
ափի եզրով աջ
քեզ ձեռք էր տալիս

սայրը հայելուդ

ընձեռնես ես ուր
գլուխկոտրուկդ

լուծարեմ
դանդաղ լուծեմ բայց…

նայիր

այնպեսիկ փութով
բառդ որ մեռա…

One thought on “Էդուարդ Հարենց

  1. Ինքնատիպ երևալու ճիգն ու մարմաջը շատերին անհեթեթության է
    հասցնում…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։