«ԵՐԿԻՐ ԻՄ» շարքից / Հովիկ Գրիգորյան

Հովիկ-ԳրիգորյանԵրկիր իմ,
Դու ամեն օր ես ծնվում,
Ու քեզ օրhներգող մայրը
Հավերժությունն է…

***
Երկիր իմ,
Դու չես քնում…
Քո ամենօրյա
Կենարար շնչառությունը
Քո որդիների արարչական
Բան ու գործի մեջ է…
Ու որդիներիդ
Արյան մեջ:
Արյուն,
Որն ինքնամաքրման
Բնատուր
Խորհուրդ ունի իր մեջ
Եվ սիրով նորոգվելու
Աստվածատուր շնորհ:

***
Երկիր իմ,
Ծաղկագորգերով զուգված
Քո դար ու դաշտով,
Քնարաձայն աղբյուրներիդ
Հավերժականչով,
Աստծո ժպիտն ես փռում
Ոգիներում՝ որդիներիդ,
Որպես հիացում…
Ու… հավատիդ,
Հույսիդ
Լուսե հունդը,
Ջերմ բողբոջում է
Քո գալիքի արդար,
Անարատ մարգագետիններում,
Որպես խորհուրդ անմեկնելի…

***
Երկիր իմ,
Դու ամեն օր ես ապրում
Քո ջահել հասակը…
Ամեն օր ես ապրում
Քո հասուն տարիքն ու
Նահապետի քո
Ալեհեր իմաստնությունը…

***
Երկիր իմ,
Դու ծեր ես,
Ինչպես քո ժողովուրդը…
Ծեր ես դու
Իբրև Նոյ Նահապետ,
Իբրև Հայկ Նահապետ…
Իբրև Մեսրոպ Մաշտոց,
Նարեկացի,
Քուչակ…
Եվ բոլոր,
Քո բոլոր ծերունազարդ,
Եվ… ծերունազարդ
Շեմն այդ՝ չհատած,
Լուսատուներիդ
Խորհուրդն ունես…

***
Երկիր իմ,
Քո լեզուն զուլալ է,
Ինչպես անուշահամ
աղբյուրներիդ
Քաղցրահունչ կարկաչը,
Ինչպես լուսաբացին ղողանջող
Մանկան ծիծաղը…
…Մտահոգ է,
Որպես
Լուսաբացին սպասող
Ծերունազարդ,
Իմաստուն սերմնացան…

***
Երկիր իմ,
Դրախտավայր,
Աշխարհի բոլոր
Լուսատուների հետ,
Լուսատու որդիներդ,
Քո՝ Երկիր մոլորակի վրա,
Խաղաղությո՜ւն,
Լո՜ւյս, սե՜ր են ցողում…

Ալեկոծված սրտերին՝
Համբերությո՜ւն,
Խռովյալ հոգիներին՝
Իմաստնությո՜ւն…
Ոգու և մարմնի վերքերին՝
Ապաքինո՜ւմ…
Ու զինվորին քո՝
Հազար ողջույն,
Հազար հազարներով
Պատիվ ու փառք,
Չար ուժերին գետնող
Ո՜ւժ, կորո՜վ ու կա՜մք…

***
Երկիր իմ,
Աստվածները
Այն հզոր ուժն են քեզ տվել,
Որ դու
Արժանապատվորեն,
Աշխարհի
Սասանված կշեռքի
Նժարները
հավասարես…
Հավատի և Արդարության
Պատառոտված
Երկինքը
Կարկատես…

***
Երկիր իմ,
Լույսի հեղեղն ես քո՝
Տարափով՝
Տեղում այնտեղ,
Ուր մութն է մռայլ փռվել՝
Իբրև տիրակալ…
Ու չարի՝ չար ոգին,
Դարանակալ,
Մութ մրուրն է փառաբանում,
Ու իր ճանապարհն է
Փորձում հարթել…

***
Ես գիտեմ,
Ու դու գիտես,
Թե ի՜նչ պիտի անեմ…
Ես կորցրել եմ բանալին
Իմ սրբազնատան,
Ուր Աստվածներն էին բնակվում՝
Իմ եղեռնազարկ ցեղի
Նախապապերի մեջ
Ու նրանց սուրբ հոգիներում…
…Ու ես փորձում եմ օր առաջ
Տուն հասնել…

Տո՛ւն հասնել՝
ոչ զբոսաշրջիկ,
կամ
Պապերիս ոտնահետքերը փնտրող
Հիշողություն,
որ կարող են,
մեծահոգորեն,
Թույլ տալ
անգամ
դահիճները
ցեղասպան…
Իմ տանը
բնակվող
օտարներն անգամ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։