ՎԼԱԴԻՄԻՐ ԻՍԱՅՉԵՎԸ ռուս ժամանակակից ճանաչված բանաստեղծներից մեկն է, նաև պետական-հասարակական գործիչ: Նրա գրչին են պատկանում տասնյակից ավելի ժողովածուներ, իսկ բանաստեղծություններից շատերը գեղեցիկ երգերի ու ռոմանսների են վերածվել ռուս և արտասահմանյան երգահանների կողմից: Ռուսաստանի «Ոսկե գրիչե մրցանակի դափնեկիր է, արժանացել է Կարաչևո-Չերքեզական Հանրապետության ժողովրդական բանաստեղծի պատվավոր կոչման:
ԿԱՆԱՆՑ
Գարունը դա արթնացումն է մայր բնության,
Գեղեցկությու՛ն, հմա՛յք է այն միշտ ձեզ համար:
Թո՛ղ որ ամբողջ տարի, կանա՛յք, սերը միայն
Ամենուրեք շրջապատեն ձեզ մայրաբար:
Թո՛ղ ուղեկցի ձեզ քնքշանքը ամեն վայրկյան՝
Ու ամենից առաջ հենց ձե՛ր տղամարդկանց.
Որ պաշարը ձեր սիրո ու երջանկության
Միշտ երկուսիդ միջև կիսեք դուք սրտաբաց:
Ու ձեզ արդեն որևէ բան չի խանգարի՛,
Որքան էլ տաք ու կանչող են հայացքները:
Շողերն ահա սկսել են պահմտոցին,
Ցատկոտում են, զվարթ կանչում առվակները:
Եվ ամեն ինչ գնում է իր նորմալ հունով,
Պարզ այս աշխարհն են թռչունները գովերգում:
Կեցցե՛ գարունը և կյա՛նքը՝ լեցուն խինդով,
Կեցցե՛ չքնաղ ձեր աչքերի լույսը հորդուն:
***
Գարնան գալուստն է գոհ դիմավորում
Բնությունն առվի զվարթ կարկաչով,
Խավոտ ուռենու վարսերով փայլում,
Գոչում առաջին խոլ ամպրոպներով:
Իսկ երևելի բվեճն անտառում,
Խորունկ իր թմրից մի կերպ ելնելով,
Վախեցած ճչաց՝ կիսաթմբիրում
Օրը գիշերից չտարբերելով:
Կռունկներն են մեզ վրա սավառնում,
Ակոսում երկնի խորքերն անհատակ,
Ու ամենքին նույն լուրը ավետում.
«Գարու՛ն է, գարու՛ն, սիրո՛ ժամանակ»:
***
Ողողեցի թերթիկներով քեզ թխենու,
Տանջեցիր ինձ սպասումով դու քո համառ:
Ի՞նչ էր երգում սոխակն այնժամ, չեմ իմանում,
Գիտեմ միայն, որ երգում էր հենց մեզ համար:
Երգն հնչում էր մերթ շատ մոտիկ ու մերթ՝ հեռվից,
Ո՛չ լռում էր սոխակը, ո՛չ ծառից թռչում:
Իսկ շեկ լուսինը ներշնչված շողում վերից,
Նայում էր մեզ ու երջանիկ, գոհ հառաչում:
Հնչում էր երգն ու ամենուր խինդ տարածում:
Էլի՛, էլի՛…Օրը սիրով, լույսով էր լի:
Մի՞թե գարնան առավոտի հետ այս ժպտուն
Ես իմ ու քո պատանությունը ետ բերի:
ԶԱՐԹՈՆՔ
Որքա՛ն ուրախ եմ ես քո հայտնությամբ,
Բարի գալու՛ստ քեզ, իմ գեղեցկուհի՛:
Տես՝ ձմռան թմբրից աշխարհը ելավ,
Զուլալվեց, ժպտաց այնպե՛ս անթերի:
Ու վերջալույսը անտառի վրա
Ճառագայթների հովհարով նորից
Սև ու արծաթի խառնուրդով ահա
Սարյակներին է ողջունում հեռվից:
Ա՛խ, ճոխ վարսերիդ ոսկի՛ն լուսեղեն…
Հիմա հասկացա՝ որտեղից լույսն այս:
Նման փայլերի մեջ կարելի՞ է
Կյանք ու աշխարհով այս չհիանալ:
Ա՛խ, աչքերը այս…հեռաստաննե՛ր մով,
Երկնի ցոլանք կա խորքերում նրանց,
Ուրախ որոտ, որ կհնչի շուտով,
Անտառ՝ գունավառ գորգերով ծաղկանց…
Կարծես շրջել են կողովը մեկեն
Ու շուրջբոլորը՝ եզերքից եզերք,
Հասմիկներ, վարդեր, ձնծաղիկներ են…
Փորձի՛ր հավաքել-հազա՛ր ձեռք է պետք:
***
Կան կին հանելուկներ. դժվար է հասկանալ՝
Քսա՞ն տարեկան են, երեսու՞ն, թե՞՝ հիսուն…
Նրանց հայացքը՝ մերթ ծաղկում, փայլում շռայլ,
Մերթ կայծկլտում է տաք:
Նայում են, ջերմ ժպտում:
Կմոտենա, ու ողջ այս աշխարհը հիմա
Կողողվի նրա ժպիտով լուսավոր:
Կյանքի հետ չի՛ կռվում ու չի՛ չարանում նա,
Գեղեցկացնում է լոկ իր հմայք ու փայլով:
Ամեն ինչ գալիս է նուրբ ձեռքերից նրա,
Նրա կողքին ամեն գործ հաջող է գնում:
Ամպրոպի հետ անգամ լեզու կգտնի նա,
Հայացքով կսանձի փոթորիկ ու սամում:
Պատանության լույսն է ճառագում նրա մեջ,
Ու տարիքը՝ խոնարհ, հնազանդ է նրան:
Այդ կնոջ կենա՛ցն եմ խմում ես մինչև վերջ.
Կա՛ նա, ու պարգև՛ն է դա հենց երջանկության:
***
Անհնար է հաշվել կանանց այս աշխարհի…
Բայց ահա դու՛ հայտնվեցիր իմ դեմ մի օր,
Եվ ուրիշ մեկն այլևս ինձ հարկավո՛ր չի.
Գերեցիր ինձ քո բարությամբ ու քնքշանքով:
Խաղ են անում խոպոպիկներդ քամու հետ:
Քո իրա՛նը…Այն քանդակ է աստվածային:
Քո հայացքը մրցում է խոր երկնքի հետ,
Իր լազուրով գերազանցում ծով ու լճին:
Քո շոյանքը մազափնջի հպում է մեղմ.
Դիպչելով ինձ ասես միայն պատահաբար՝
Փոթորկում է էությունս: Ու ոնց բազե՝
Ես սիրո մով բարձունքներն եմ մղվում համառ:
Կուրծքդ ասես խաղողի ճոխ ողկույզ լինի.
Ո՛նց է անվերջ մարգարտային տապն այդ ձգում:
Նրա հպումն արբեցնում է ինչպես գինի:
Կխառնվե՛մ ես ալիքին այդ փրփրուն:
Իսկ համբույրդ՝ քնքշանքի ու կրքի պոռթկում:
Լոկ բոցավառ խարույկի հետ կհամեմատվի:
Կկիզի ինձ ու… էլ չունե՛մ գիտակցություն:
Ու երկինքը մեզ համար մեծ վրան է մի:
Եվ ժպտում է մեզ լուսինն իր կիսադեմով:
Ու նորից՝ դո՛ղ մի երջանիկ, հուզու՛մ պայծառ:
Անմեղ, զուլալ քո հոգու մեջ՝ խորհրդավոր
Գաղտնիքներ կան, որ անհնար է հասկանալ:
Ու սիրտը քո բաբախում է զանգակի պես,
Ձգվում, մղվում դեպի ափերն հավերժության:
Ես պատրաստ եմ սերն այս ամբողջ կյանքում կրել
Որպես վսեմ խորհրդանիշ երջանկության:
Թարգմանությունը՝ Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆԻ