Հերոսը, առանց որի էպոսը չէր ստեղծվի, գտնվում է առասպելիի և պատմության միջև: Կասկած չկա, որ «Սասնա Ծռեր» էպոսը արաբների դեմ Հայաստանի վարած ազատագրական պայքարի արձագանքն է: Սակայն սխալ կլիներ նույնացնել Սասունցի Դավթին Բագարատի որդի Դավիթ Բագրատունու կամ էլ Ձենով Օհանին` Խութեցի Հովնանի հետ: Էպոսի ճշմարտությունը չի համընկնում պատմության ճշմարտության հետ: Ինչ վերաբերում է առասպելին, ակնհայտ է, որ Սանասարն իր «ծովային» (ավելի շուտ «լճային») ծագումով, զենքով ու կաթնաղբյուրի ջրով, որը նրան հագեցնում է, հիշեցնում է ամպրոպային հերոսին: Այնուամենայնիվ, նշված տարրերից և ոչ մեկը էական չէ պատումի համար, իսկ էպոսի տարբերակներից մի քանիսում դրանք ընդհանրապես բացակայում են: Տարբեր մակարդակներում, Սանասարի, Մեծ Մհերի և Դավթի դեպքում, շատ ավելի թույլ արտահայտված` Փոքր Մհերի դեպքում, էպիկական հերոսը ազատվում է առասպելական արմատներից` մարմնավորվելու համար մարդկային գոյության մեջ: Այսպիսով, հարաբերությունները հասարակության հետ որոշիչ են դառնում: Պարադոքսն այն է, որ Դավիթն ու իր ընտանիքը պատկանում են Սասնա թագավորական տանը, և, միաժամանակ, կատարելապես հավասար են հասարակության անդամներից յուրաքանչյուրին և նրանց հետ կիսում են բոլոր դժվարությունները, այդ թվում նաև` ծայրահեղ աղքատությունը: Հենց այդպես է Դավիթը դառնում գառնարած՝ օրվա ապրուստ վաստակելու համար, և պառավի ապտակն ու հանդիմանությունն են ստիպում նրան գտնել իր ճշմարիտ ուղին: Սա թվում է ոչ պատահական և ոչ էլ անհարիր արքայազնի համար, այլ միանգամայն բնական տվյալ հասարակության ներսում: Ակնհայտ է որ սա այն նահապետական հասարակության արտացոլումն է, որի իշխանական տները պիտի թալանվեին XV-XVI դարերում Օսմանյան կայսրության հաստատման ժամանակ:
Հասարակության այս կլանային կազմակերպումը ներկայացնելու նպատակով հեղինակը շատ տեղին մեջբերում է Թովմա Արծրունու` Խութի շրջանի լեռնցիների կյանքի հրաշալի նկարագրությունը: Ամեն ինչից զրկված հերոսը չունի իր անձնական աշխարհը, նա ինքնահաստատվում է հանրությանը ծառայելու իր գործողությունների միջոցով: Նրա արարքներն ընդունելի և հասկանալի են բոլորին, որովհետև նրա անհատականությունը ամբողջ համայնքի մի մասն է: Երկխոսությունների գունագեղ անմիջականությունը և գործողության աշխուժությունը համեմում են էպոսի ամենաարտահայտիչ հատվածները: Միայն բացառիկ դեպքերում է էպոսում նկարագրվում ինքն իրեն մտորող հերոս: Այսպիսի դրվագների էպիկականությունը կասկածելի է: Օրինակ` այն դրվագում, երբ Մեծ Մհերն իրեն հարց է տալիս, թե արդյոք պետք է սպանի՞, թե՞ խնայի իր եգիպտացի երկու կանանցից մեկի կյանքը, որի ամուսնական անհավատարմությունը բացահայտվել էր, անկասկած, բուն սկզբնական պատումին ավելացել է ավելի ուշ:
Էպոսին յուրահատուկ ներքին ներդաշնակությանը համաձայն, հերոսների արտաքինը համապատասխանում է նրանց քաջությանը: Դավիթը կարող է լինել միայն առասպելական ուժի տեր հսկա: Պատմական իրականության մեջ Վասակ Մամիկոնյանը, ով իրականում կարճահասակ էր, Շապուհ թագավորի մոտ իրեն նկարագրում է որպես «հսկա»: Սրան հակառակ, արժանիքներից ու քաջությունից զուրկ Ցռան Վերգոն էպոսում սովորական հասակ ունի: Հերոսի դյուցազնական ուժը չափվում է ուտելու անսովոր կարողությամբ, և այդ ուժի նպատակն է հանրության պաշտպանության ապահովումն ու թշնամու հաղթանակի բացառումը:
Սասնա հսկաները խորը մարդկային կապվածություն ու ջերմություն են տածում մերձավորի և համերկրացիների նկատմամբ, կարեկցում են կենդանիներին: Այն դեպքում, երբ հին էպոսների հերոսները վեր են որևէ բարոյականությունից, հայկական էպոսի հերոսները ենթարկվում են Բուզանդարանի (նկատի ունի Փավստոս Բուզանդին-թարգմ.) ժամանակներից ամրագրված ասպետական օրենքներին, օրինակ` Մուշեղ Մամիկոնյանի դեպքում (V, 1-6): Պարզ հաղթանակը բավարար չէ փառքի համար, խորամանկությունն ու ուխտադրուժությունը արգելված են: Թշնամին նման բարոյական փորձությանը չէր դիմանա, նրանց մղողը ստոր նպատակներն են: Նրանք ապավինում են ոչ թե սեփական քաջությանը, այլ զենքի ուժին: Այնուամենայնիվ, թշնամին ոչ միշտ է պատկերված բացառապես բացասական լույսի ներքո, այն քիչ դրական գծերը, որոնցով նրանց օժտում են, ավելի են ընդգծում հաղթողի արժանիքները:
Միշտ չէ, որ ամենաարհամարհելիները օտարներն են: Հենց Սասնա տնից սերող Վերգոն և Սառիան (Օհանի կինը) մարմնավորում են այն արատները, որոնց կրողն էր Հոմերոսի Թերսիտեսը աքայացիների համար: Էպոսի հերոսը նույնքան միամիտ է, որքան քաջ: Նրա միամտությունը, որը զվարճալի է դարձնում պատումը, ավելի է ընդգծում նրա քաջագործությունների գեղեցկությունը: Այսպիսով, հումորը դառնում է էպոսի կարևորագույն տարր և պատմողի կողմից հերոսների մանկության հանդեպ հետաքրքրության պատճառներից մեկը:
Էպոսը պատմում է Սասնա տան չորս սերունդների պատմությունը, որոնք մեծանում են, անցնում կյանքի բոլոր տարիքային փուլերը: Այս ամբողջության կառուցվածքը հետևողական է և կուռ, այնպես որ, դրա տարբեր դրվագները սերտորեն փոխկապակցված են: Այստեղ առկա է ժամանակի համընդհանրություն, որում Ա. Եղիազարյանը նկատում է աստվածաշնչային ավանդույթների արձագանքներ: Մենք, մեր կողմից, կառաջարկեինք Հին Պարսկաստանի տարբերակը: Ժամանակային այս պատկերը հակադրվում է մյուս էպոսներին, ինչպես, օրինակ, ռուսական բիլինաներին, որտեղ հենց սկզբից իբրև մեծահասակ հանդես եկող դյուցազունները թվում են ժամանակից դուրս:
Ա. Եղիազարյանը կարծում է, որ մանկության պատկերումը հատուկ է բացառապես հայկական էպոսին: Նա գրում է, որ Ամիրանին` վրացական Պրոմեթևսը, մանուկ հասակում պատկերված է որպես «փոքր մեծահասակ»: Սա մեզ թվում է ոչ ճշգրիտ: Նրա գերբնական ուժը թույլ է տալիս հակառակվել մեծերին: Սակայն նա օրորոցային է երգում, զվարճանում է խորթ եղբայրների հետ խաղալով և չի գիտակցում իրեն վստահված մեծահասակի պատասխատվությունը, երբ պիտի սպանի հոր աչքը հանած դևին: Այսպիսով, նրա մանկությունն այնքան իրական է, որքան Սասնա ծռերինը:
Փոքր Մհերը հանդես է գալիս որպես չար երեխա, որը ծնվել է ձեռքի մեջ մի կաթիլ արյունով: Այս կապակցությամբ Ա. Եղիազարյանը հիշում է կիրգիզական էպոսի Մանասին: Կարելի էր նշել նաև «Ադամի և Եվայի կյանքը» (21,3b), որտեղ Կայենը գրեթե նույն նշանն է կրում. նա խելագարի պես պոկում է այն կանաչ խոտը, որի վրա ծնվել է: Փոքր Մհերն ի սկզբանե օտար է իր հայրենիքին, իր ժողովրդին: Բախումից բախում այս խզումն ասես տարածվում է երկրի ողջ մակերեսով մեկ, նրա համար այլևս հողի վրա տեղ չկա` միայն ժայռի մեջ: Այս բանտարկությունը խորհրդանշում է «սատանայական» դարձած աշխարհի մերժումը, որն ուրանում է էպոսի հերոսական արժեքները:
Որոշ իմաստով էպոսի իրադարձությունները ծավալվում են ներկայից անդառնալի սահմանով անջատված անցյալում: Ֆրեդերիկ Ֆեյդիի հետ նկատենք, որ պատումը սկսվում է հանգուցյալ հերոսներին նվիրված ողորմիներով: Եվ, այնուամենայնիվ, դեռ XIX դարում գյուղացի ասացողները իրապես հույս ունեին, որ Փոքր Մհերը դուրս կգա ժայռից և կօգնի քրդերի դեմ պայքարում: Ավելին, դեպքերը ծավալվում են աշխարհագրականորեն որոշակի վայրերում, ինչի մասին են վկայում բազմաթիվ տեղանունները, մարդկային գործունեության ռեալիստական նկարագրություններով, որոնք հղում են ունկնդիրների արդիականությանը: Մհերը կհայտնվի միայն այն ժամանակ, երբ «ցորենը դառնա քանց մասուր մի և գարին քանց ընկուզ մի», ասել է թե` այն ժամանակ, երբ Երկրի վրա կհաստատվի առատություն ու արդարություն:
Ինչպես արդարացիորեն նկատում է Ա. Եղիազարյանը, XIX դարում էպոսի պատումի հստակ ձևի մասին վկայությունները շատ քիչ են: Զարմանալի է, որ նա չի հիշատակում ծնունդով վանեցի ազգագրագետ Դանիել Չիթունուն, որը Շուշիում Մանուկ Աբեղյանի հետ համագործակցել է «Սասնա Ծռերի» ուսումնասիրությամբ զբաղվող առաջին խմբակում, 1943 թ. Փարիզում հրատարակել է մի գիրք, որում նշանների մի համակարգի միջոցով ներկայացրել է վարպետ ասացողի և նրա աշակերտների երկխոսությունները, ինչպես նաև առոգանության տարբեր տեսակները` սովորական, շեշտավորված, երգեցիկ (Daniel Tchitouny, Sasounacan, Epopee` populaire arme`nienne, Paris, imprimerie Arax Topalyan t.1,1168 p. in 8).
Ա. Եղիազարյանի մենագրությունը հայկական ազգային էպոսի խորքային իմաստության և բացահայտման վստահելի մի ուղեցույց է: Հեղինակի գեղագիտական նուրբ զգացողությունը մեզ համար բացահայտում է այս գլուխգործոցին հատուկ գեղեցկությունն ու համնուհոտը, կոլորիտը, որն արժանի է ստանալու իր սեփական գնահատականը որպես այդպիսին և ոչ պարզապես որպես պատմական վկայություն կամ էլ առասպելների պատառիկների մի շտեմարան, ինչպես հաճախ արվել է նախկինում:
Ինչ վերաբերում է համեմատություններին` Ա Եղիազարյանը հիշատակում է բազմաթիվ օտար էպոսներ. Հոմերոս, ռուսական բիլինաներ, Ռոլանդի երգը, Նիմի սայլը, Կալեվալա, Մանաս, Ամիրանի, Դեդե Կորկուտ: Այս վերջինը հատկապես հետաքրքրական է, քանի որ իրադարձությունները ծավալվում են Արևմտյան Անատոլիայում. այստեղ օգուզների թշնամիների առաջնորդին կոչում են «թագավոր» հայերեն բառով: Ընդհանուր առմամբ, տեքստում բերված զուգահեռները հաջողված են և տեղին, սակայն զերծ չեն անճշտություններից ու ավելորդ պարզեցումներից: Օրինակ` Ռոլանի օլիֆանը բոլորովին էլ «կախարդական» եղջերափող չէ: Ճիշտ է, որ Ամիրանին ի վերջո սպանում է այն դևի քրոջը, որն օգնել էր իրեն ազատվելու եղբորից, սակայն նրա ամենամեծ սխալը երդման խախտումն է, ըստ որի ինքը պետք է ամուսնանար նրա հետ, քանի որ աղջիկը ուզեցել էր վրեժ լուծել Ամիրանիի ուխտադրուժության համար, որն էլ Ամիրանիին, հակառակ իր ցանկության, մղում է աղջկա սպանությանը` վերջինիցս պաշտպանվելու ժամանակ:
Չնայած այս երկրորդական անճշտություններին, մնում է միայն հիանալ այս հրաշալի աշխատությամբ և երախտապարտ լինել Պ. Ս. Քաուիին՝ այն անգլերեն թարգմանելու համար:
Ֆրանսերենից թարգմանեց Աստղիկ ԵՐԵՄՅԱՆԸ