ՀԱՎԱՏԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐ Քննիչի օրագրից / Գագիկ Վանո

Նրա աչքերում և՛ թախիծ կար, և՛ տագնապ: Երկչոտ հայացքով նայում էր ինձ ու լռում, ասես պատրաստվում էր դժվարին մարտի և գրոհից առաջ անելիքը մեկ անգամ ևս չափում-ձևում էր:
– Ես ձեզ լսում եմ,- խզեցի լռությունը:
– Ես… ես Արմենի կինն եմ,- վերջապես խոսեց կաշկանդված ու կցկտուր:
– Արմենն իր ցուցմունքներում նշել է, որ ամուսնացած չէ,- ասացի:
– Նա ճիշտ չի ասել,- կինը ինձ մեկնեց ամուսնության վկայականը:
– Իսկ ինչո՞ւ է ամուսնությունը թաքցրել:
– Վախենում էր ինձ համար. մենք այստեղ հարազատներ չունենք, կարող էին վրեժխնդիր լինել… Չէ՞ որ մարդ է սպանել:
– Այդ մասին ե՞րբ իմացաք:
– Դեպքն իմ աչքի առջև է կատարվել, իմ պատճառով… Ախր, Արմենը…
Որքան ջանաց հուզմունքը զսպել` չկարողացավ. շրթունքները սկսեցին դողալ: Ջուր լցրի բաժակը, մեկնեցի նրան: Մեղավորի պես նայեց ինձ ու դողդողացող ձեռքով բաժակը տարավ շուրթերին…
– Լացը չի օգնի, տիկի՛ն, հանգստացեք և մանրամասն պատմեք դեպքի մասին: Ինչպես երևում է` ձեր ամուսինը խճճել է գործի նախաքննությունը, ինչն անհրաժեշտ է նրա հանցանքը ճիշտ որակելու համար:
Հեռախոսը զանգեց: Քրեական հետախուզության տեսուչը, կատարելով իմ հանձնարարությունը` ՆԳ նախարարության հատուկ բաժնից հայտնեց, որ տուժողը վերջերս է վերադարձել կալանավայրից: Նա դատապարտվել էր չարամիտ խուլիգանության համար:
– Տեղեկատվության համար շնորհակալություն: Շտապ ինձ մոտ հրավիրեք ռեստորանի մատուցողին,- հանձնարարեցի տեսուչին և դիմեցի կնոջը.
– Ուրեմն, ռեստորանում Արմենի հետ եղել է հարազատ կի՞նը:
– Այո, կինը, ոչ թե այդ օրվա ծանոթուհին, ինչպես նշել է Արմենը:
– Դա է՞լ է ձեզ հայտնի, – զարմացա ես:
– Այո՛:
– Այդ դեպքում խնդրում եմ պատմեք ինչ ձեզ հայտնի է:
Կինը սրբեց արցունքոտ աչքերը և մի պահ խորհելուց հետո ասաց.
– Մենք աշխատում էինք Լենինգրադի մետրոպոլիտենում: Իմացանք, որ Արփա-Սևան ջրատարի համար մասնագետներ են պետք: Եկանք. հայրենի հողը ձգեց:
Նա լռեց, խոր հոգոց քաշեց, ապա շարունակեց.
– Իմ ծննդյան օրն էր, որոշեցինք նշել ռեստորանում… Երեկոն անցավ աննկատ: Պարեցինք, ուրախացանք: Սպասում էինք մատուցողին, որ վճարեինք: Մեզ մոտեցավ կաշվե բաճկոնով, լայնաթիկունք, ինքնավստահ մի երիտասարդ և առաջարկեց իր հետ պարել: Բնականաբար, մերժեցի: Նա համառեց, փորձեց բռնել ձեռքս: Խուսափեցի: Ուշադրությունս Արմենի կողմն էր` վախենում էի, հանկարծ համբերությունից դուրս գար: Բայց նա իրեն զսպում էր: «Արմե՛ն, գնանք»` ասացի: Մոտեցավ մատուցողը: Վճարեցինք և ուզում էինք հեռանալ… Հանկարծ այդ տղամարդը սեղանի վրայից վերցրեց գինու բաժակն ու պարունակությունը շփեց դեմքիս… Մինչ կսրբեի աչքերս` Արմենն արդեն հարվածել էր խուլիգանին… Ախր, միայն մի հարվածից… Նա ընկավ հատակին… ախր…
Կնոջ աչքերը դարձյալ լցվեցին: Որոշ ժամանակ լուռ էր: Հետո ջուր խնդրեց, խմեց, ապա շարունակեց.
– Ես վախից դողում էի: Շփոթված էր նաև Արմենը, բայց իրեն չկորցրեց ու ականջիս շշնջաց. «Ես ամուսնացած չեմ, քեզ չեմ ճանաչում, այսօր ենք ծանոթացել: Հասկացա՞ր: Իսկույն հեռացի՛ր այստեղից»: Ես անմիջապես հեռացա: Այսօր իմացա.. որ խուլիգանը հիվանդանոցում չորս օր ապրելուց հետո մահացել է: Չդիմացա, եկա… Ախր, Արմենը շատ համբերեց, բայց վերջին պահին չդիմացավ, նա չէր ուզում…
Աշխատասենյակ մտավ քրեական հետախուզության տեսուչը և գլխի շարժումով հասկացրեց, որ մատուցողն այստեղ է:
– Ներս հրավիրեք,- ասացի:
Ներս մտավ ռեստորանի մատուցողը և նկատելով Արմենի կնոջը` ասաց.
– Նա է, այս կինն էր Արմենի հետ ռեստորանում:
Այո: Նա էր: Մատուցողը միայն հաստատեց իմ համոզմունքը: Կնոջ պատմածը ինձ համար նորություն չէր, նման ցուցմունքներ էին տվել նաև դեպքին ականատես բոլոր վկաները: Նորությունն այն էր, որ կասկածյալի հետ եղել է նրա կինը:
Հոգուս խորքում և՛ ցավ զգացի, և՛ չարություն: Մոտեցա լուսամուտին, բացեցի փեղկերը: Գարնանաբույր օդը խուժեց սենյակ: Մտասույզ ետ ու առաջ էի քայլում աշխատասենյակում և վերջնական որոշում կայացնելուց առաջ մեկ անգամ ևս մտովի գնահատում էի գործով ձեռք բերված ապացույցները, երբ մտքիս թելը կտրեց կասկածյալի կնոջ սրտաճմլիկ ձայնը.
– Արմենին կգնդակահարե՞ն…
– Ո՛չ, տիկի՛ն, դուք դեռ միասին կապրեք,- պատասխանեցի:
Կնոջ աչքերը մի պահ պայծառացան, լցվեցին հույս ու հավատով, սակայն քիչ հետո նրան կրկին պաշարեց թախիծը, և թերահավատորեն նկատեց.
– Չէ՞ որ նա մարդ է սպանել…
– Տիկի՛ն, ո՞ր տղամարդը, այն էլ հայ տղամարդը, կարող է անտարբել մնալ, երբ աչքի առաջ իր կնոջ նկատմամբ հարբած խուլիգանը բռնություն է գործադրում բացառիկ հանդգնությամբ, վիրավորանք է հասցնում` արտահայտված ցինիզմով,- բացատրեցի:- Ձեր ամուսինը հանցանքը կատարել է ոչ թե կանխամտածված, այլ տուժողի անօրինական գործողությունների հետևանքով առաջացած հանկարծական հոգեկան խիստ հուզմունքի ազդեցության տակ, հոգեկան խիստ հուզական վիճակում: Նման արարքի համար, որպես պատժամիջոց, նախատեսված է ազատազրկում` մինչև հինգ տարի ժամկետով: Դատարանը հաշվի կառնի նաև մեղադրյալի ով լինելը… Գուցե ավելի մեղմ պատժատեսակ կիրառի:
Կինը լուռ ու ապշահար նայում էր ինձ` ասես ստուգելու համար ասածիս ճշմարտացիությունը:
– Ուրեմն վերևում Աստված կա… ախր, Արմենից ի՞նչ մարդասպան,- մրմնջաց:
– Աստված ներքևում է նաև, տիկի՛ն,- ասացի,- հարցաքննված վկաների խղճի մեջ, որոնք ճշմարտացի ցուցմունքներ են տվել:
Կնոջ աչքերը նորից լցվեցին, այս անգամ` ուրախությունից: Եվ արցունքի խոշոր կաթիլները գլորվեցին այտերն ի վար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։