Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծի՛տ» վեպի մոտիվներով
Որդուս երդման արարողությունից հետո հաջորդ հանդիպմանը երկար պատրաստվեցի: Քառասուն օր աղբամանների մոտերքից վայրի կատուներ էի հավաքում: Ամեն անգամ մեքենայի թափքը բացելիս, տեսնում էի՝ անիվների կողքերը տաք շարժիչի տակ կծկված կատուներ կան: Հերթով շոյելով գրկում ու նրանց լցնում եմ թափքը, շոյանքիս հեշտությամբ հանձնվում են: Մեջները մի հատ դինջը կա՝ Ծտին շատ նման: Նրան գցում եմ պարկը, ներսում՝ կողքիս եմ դնում: Արդեն երեսունչորսերորդ օրն է, Ծտին ամեն երեկո իմ մատի արյունից եմ տալիս, սնվում է: Նառային այնտեղ պետք է հանդիպենք:
Զինակոչիկներով լցված ավտոբուսը սպասում է տղուս: Մենք, ձեռքներս թափահարելով, հրաժեշտ ենք տալիս: Դու կանգնած ես ավտոբուսի դռների առջև՝ մոմլաթե տոպրակը ձեռքիդ: Անհեթեթ տեսք ունես: Տոպրակի մեջ՝ տապակած հավ, փորի մեջ՝ բջջային հեռախոս: Ներքևից որպեսզի չհեծկլտանք, հռհռում ենք՝ ապեր, հավին լա՛ավ կնայես, հավի՛ն:
Ես գնում եմ տղայիս հետևից: Վախեցած, տագնապած: Տեսել էի նրա այրվող կոկորդը: Ձեռքս Ծտի մեջքով գնում-գալիս է: Պարկի մեջ ուռցրել է մեջքը, փռվել նստատեղին: Ծիտ ջան, դու նրա աչքերին ուշադիր կհետևես, առաջինն աչքերը հանիր:
Ճանապարհը երկար է: Եվս մի կատու, սա ձագ է: Հրամանատարի համար զինվորներ եմ հավաքագրում: Անցի թափք, ճուտո՜: Մյուս սոված զինվորների մոտ, շո՜ւտ: Ծիտը զինվոր չի: Վզին ձեռք չտաս, չոլորես: Երկար ճանապարհը անիվների տակ փախչում է կատուների մլավոցների ներքո: Հարևանիս տղան՝ Բալայան Սահակը, նույն զորամասում է ծառայել: Սահակիկը պատմում էր, որ հրամանատարը ծակվում է, քաղաքից պոռնիկներ են բերում ու սաղ գիշեր օրգիաներ անում: Բայց Աստված չանի, եթե մեկը դեղի տակ եղած ժամանակ ձեռքն ընկնի, վերջը կտա:
Տղես զանգել էր: Ջրծաղիկ էր: Ասում է՝ երեսս լրիվ էծի պտուկների պես երկար, սպիտակ, խոշոր, կանաչավուն, անորսալի երանգներով այտուցներ են: Ասում եմ, բալես, ծանոթ կա, հորքուրիդ ամուսնու քեռու տղան շտապօգնության մեքենա է քշում էդ կողմի զորամասերում, ասեմ մտնեն, զննեն, տեսնեն հո վտանգավոր բան չկա՞: – Չէ, մամ, պետք չի,- տնքալով հազիվ խոսում ա: Բուժկետի պատուհանիս դիմաց ծառե հայելի կա: Մամ, ինչ ես կարծում, կմնա՞մ արդյոք ծառի հիշողության մեջ… մյուս զինվորը, որ պառկելու է ինձանից հետո, պատուհանից դուրս նայելիս կտեսնի՞ արդյոք ծառաբնին դրոշմված իմ գունատ դեմքը: Մամադ մեռնի, արա՜, ասում եմ: Մամ, լավ, մարդ եկավ, մոռացած, հեռախոսն առանց անջատելու բարձի տակ է դնում, լսում եմ երեխուս կոկորդ ճղող բղավոցը. էլի եկա՞ր, դու տուն-տեղ չունե՞ս, էլ զինվոր չունե՞ս պղծելու: Ի՞նչ ես ուզում ինձանից: Հիմա բարձիս տակ դանակ եմ պահել: Լուրջ եմ ասում: Լույսը կվառեմ ու կոկորդդ կկտրեմ կամ մորս կկանչեմ: Դու մորս լավ չես ճանաչում: Եկավ քեզ քացու տակ կգցի, ու Ծտին էլ ձեռք չտաս: Լսո՞ւմ ես: Ծիտը զինվոր չի, այ բոզ: Դու էլ չես մորթի նրան, ճաշարանի պատի տակ չես բռնացնի ու վիզը չես կտրի, գլուխը չես շպրտի մեր ոտքերի տակ: Կատվին չի կարելի սպանել, հրամանատար: Մեղք է: Ես լսում էի, պապանձվել էի, մեջքս պատին հենել, լացս փորս էի լցնում, որ հրամանատարը բարձի տակից ձայնս չլսի:
Արդեն ութ ժամ է՝ ճանապարհ եմ գնում: Հասնում եմ պահակակետին: Էստեղ էլի երդման արարողություն է: Մի ժամից դարպասները կբացվեն: Հսկիչները պուճուր տղերք են: Ծնողներ են մոտեցել: Հարցուփորձ են անում երեխեքին, ուզում են ծանոթներ գտնեն: Որտեղի՞ց ես: Հրազդանից: Սևոյին ճանաչո՞ւմ ես: Չէ, մենք շուտ ենք դուրս եկել Հրազդանից, էնտեղ երկար չեմ ապրել: Ստում են տղերքը: Էստեղ բոլորը պետք է մենակ լինեն: Ներսում դեղին ատամներով հրամանատարը նրանց ատամները կհաշվի: Մտնում եմ անցակետ՝ ասում են պետք է ստուգենք ձեր իրերը, ալկոհոլ ներս տանել չի կարելի, ասում եմ՝ մոտս միայն գիրք կա: Հարցնում եմ՝ բա ձեր հրամանատարները որտե՞ղ են մնում: Ցույց են տալիս միհարկանի շինությունը, կամանդիրն ըտեղ ա մնում, մորքուր ջան: Հրազդանցուն ավելի եմ մոտենում, համարյա ականջի տակ հարցնում՝ բա էն դեղին ատամներովի պատուհանն էստեղից երևում ա՞: Շշուկով պատասխանում է՝ շենքի հետևից ա, վերջինն էս կողմից:
Վերադառնում եմ մեքենայի մեջ սպասելու:
Շարվել են տղերքը: Հիշեցի առաջին անգամ այստեղ գալս: Նույն դեմքերի մեջ փնտրում էի որդուս: Կողքիս զինվորների ծնողները, բարեկամները, բոլորը գտել էին իրենց երեխեքին շարքերի մեջ: Ես համարյա լաց էի լինում: Աչքերս չռվել էին: Գնալով բազմանում էին նույնազգեստ, նույնադեմք ստվերները: Հազիվ գտնում եմ: Ավարտվում է հայրենասիրական ճառասացությունը: Մոտեցավ տղես: Լավ է, ընկերները նրան իր անունով էին դիմում, թե չէ ստեղ մարդիկ նոր են ծնվում:
Երկար խոսեցինք իրար հետ, հարցուփորձ: Ասում էր՝ հա, մամ, ամեն ինչ լավ ա: Ես ետ-ետ էի նայում: Հա, բալես, պիտի դիմանաս, անփորձանք ծառայես, գաս, պապադ մեղք ա, հասնես քո ընտանիքին, ծաղիկներիդ: Էլի շրջվում՝ հետ էի նայում: Գիտես, սպասում ենք, տղես: Անընդհատ հետ-հետ էի նայում: Մեկ-մեկ գլխիս հետևի մասում այրոց էի զգում: Թաց հարվածի ցավ: Էն բոզի տղուն էի սպասում՝ լոլիկը ձեռքին:
Երեխուս ձեռքով բարևում էին: Խաղաղվում եմ: Տուլիկ չեմ ուղարկի տղուս, ոչ էլ կթողնեմ տնեցիք նամակ դնեն մեջը, մտածում էի: Հետս միայն Պաչյանի վեպն էի բերել: Ասում եմ՝ ազատ ժամանակ ունենաս՝ կկարդաս: Քեզ համար ճշմարտություններ կգտնես, լիքը հարցերի պատասխաններ: Հետո շրջվում եմ: Զորամասի դիմաց ամենահեռավոր կետում մենակության մեջ թափառող երկու ուրվապատկեր էի պատկերացնում, անտուն շների նման. զինվորն ու նրա նարնջագույն մազերով մայրը: Տղես մատների ճարպիկ, բայց փափկուն շարժումով ծոցագրպանից հոլանդական բարակ սիգար էր հանում, վառում: Մանուշակագույն երանգներով ծուխը իմ կողմ էր փչում: Խորհուրդներ էի տալիս, ասում էի քեզ լավ նայիր, չմրսես, ազարտների մեջ չընկնես, կարտ-մարտ չխաղաս ու… մեկ էլ զուգարանում ընկածը չվերցնես, թեկուզ մի միլիոն դոլար, ոսկի, ադամանդ, գլուխ, սիրտ, աչք, եթե ընկավ, վերջ, պիտի թողնել ու հեռանալ, ընկավ՝ կորած է… ու մեկ էլ… մեռնեմ քեզ, սանր չպահես մոտդ: Հեռախոսն էի վերցրել: Տեսնում եմ ոչ ոքի համարն էլ անունով գրանցած չի. ո՜չ քրոջ, ո՜չ իմ, ո՜չ հոր: Կողքովս քայլում է, ուղեկցում է մինչև զորամասի դարպասները. աջ ձեռքի մատներով քնքշորեն գրկում Դյուրերի մուշտակի օձիքները:
Հիմա մեքենայով պտտվում եմ, գնում շենքի ետևի մասում՝ ծառերի խիտ սաղարթների տակ, հրամանատարի պատուհանի դիմաց սպասում, որ մթնի, գիտենք, էսօր հերթապահն ինքն է: Ծառերի ստվերները երերում էին ոտքերի տակ թափված մանր տերևիկներին ու եղևնիների փշերին, խստացնում նրանց երանգները: Տեսնում եմ պատուհանի դիմաց գնացող-եկող ստվերներ: Վարագույրը մի քիչ բացվում է և՝ պատուհանի վերևի փոքր փեղկը: Ներսից ինչ-որ ձայներ են լսվում, հետո լռում: Նառան մորն ու մահվանը աթոռից հրել է, այս մեկն ինչ է՞, որ գլուխ չհանի: Մի քիչ առաջանում եմ, երևում է: Դեղին, վրան կարմիր ձկնիկներով տրուսիկով տանգո է պարում հրամանատարի հետ, հետո սմբուլամբադայե: Սկսում է միաու կանչել: Սմբուլամբադայի ձայնը բարձրանում է, միաուները՝ ավելի: Միաաաուուուուու ուուու: Ահա: Ամենաերկար միաաաուն: Ժամանակն է: Պարկերով կատուները բացված փեղկից հերթով լցնում եմ հրամանատարի սենյակ: Թրմփում են ու մռլտում: Մի քանի կատու վարագույրին կպան, հետո համարյա ծղրտալով թափվեցին հատակին: Հանդիսավոր դիրքավորվում եմ պատուհանի տակ ու կիսաձայն կարդում. հրամանատար, հին եգիպտացիները կատվի վրա ձեռք բարձրացնողներին անիծում են, սարսափելի տանջանքների արժանացնում: Մի խնդա, քեզ եգիպտացիները չեն ներելու… Նրանք քեզ չեն սպանում, չեն կրծում թոքերդ, երիկամներդ, շնչափողդ, որովհետև դու նրանց աշխարհն ես ընկնում հերձված: Դու անզոր ես: Կատուներով տռզած պարկ, մյաուուուուուուուուուուու, ինչ ես անշարժ հայացքով նայում, հրամանատար: Ապրե՜ս, Ծիտ, էլ չի նայում: Իմ ձայնը խլացնում են կատուների մռլտոցը, միաուուուուները: Ցտեսություն, հրամանատար…
Երբ վերադառնում եմ, Նառան արդեն Ծտի տեղը նստած է լինում: Բոբիկ ոտքերը նստարանին դրած, թևերով գրկած՝ ճոճվում է:
Գաթա կեր, Նառ, ասում եմ: Նառան սևեռուն նայում է գորշ զանգվածին ու քթի տակ խոսում. թե նավարկում ենք այն ծովի վրա, որ շատ ավելի կապույտ է, քան ամբողջ կապույտն աշխարհի, այն ծովի վրա, ուր երբեք չեն գոռում ՑԱՄԱՔ: Հիմա զորամասում կապույտն ավելի էր… Մեքենան նավի նման ճոճվելով, մեզ տուն է տանում:
Հիմա Արամս ողջ առողջ տանն է, բազմոցին պառկած բանան է ուտում ու շոյում փոքր Ծտի մեջքը: Ես էլ առաջվա նման ծաղիկներս եմ խնամում ու բժշկի խորհուրդ տված գազարագույնին խփող սպիտակ պուտիկներով հաբերն եմ փոշի դարձրած ամեն առավոտ ջրի հետ լցնում ծաղիկներիս հողին: Ծաղիկներս կրկին ձգվում են դեպի լույսը: