Դիտանկյուն / Կարինե Խոդիկյան

Կարինե Խոդիկյան - 1ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունից մեկնած և ՀՀ ժամանած քաղաքացիների թվերի տարբերությունը կազմել է 122191` հօգուտ մեկնածների: Նախորդ տարի երկրից մեկնածների թիվը (նույնպես պաշտոնական տվյալներով) եղել է 109405:
Փաստորեն` «Պլանը գերակատարվել է 12 տոկոսով»…
Միայն վերջին 3 տարում (էլի պաշտոնական թվեր են) Հայաստանը դատարկվել է 250000 մարդով: Կամ` քառորդ միլիոնով… Ավտոբուսների քարավաններով ընտանիք-գերդաստանով գաղթող, բայց պաշտոնական վիճակագրու­թյան կողմից հաշվառման ոչ ենթակա հեռացողներին չհաշված:
Ուզում եմ պատկերացնել երկրիս անղեկ ղեկավարների հոգեվիճակը կամ գոնե` դեմքերի արտահայտությունը, երբ նրանց իշխանական գրասեղաններին են դրվում այս թվերը: Ախր, ամենասովորական տանտիրոջը որ ասեն, թե քո տնտեսության մեջ թեկուզ մի «մազ է պակասել»` իրար կխառնվի, կորցրածը կփնտրի, սրտին կսկիծ կտա գոնե… Բա մի ամբողջ երկրի պատասխանատվությունը ստանձնած այրը ի՞նչ պիտի զգա, երբ ոչ թե «մի մազ», քառորդ միլիոն մարդով պակասել է իր «տնտեսությունը»: Ախր, մտածող, մի քիչ սիրտ ու զգացմունք ունեցող մարդու սիրտը եթե չպայթի, կսկիծից հաստա՛տ պիտի մրմռա: Թե՞ այս թվերը գրասեղաններին չեն հասնում: Ուզում եմ հավատալ, որ այդպես է, թե չէ… Չշարունակեմ:
Բայց մի կասկած էլ է ինձ տանջում, սկսել եմ լրջորեն մտածել, որ էս իշխանությունները ամեն ինչ անում են, որ կա՛մ իրենք մնան երկրում, կա՛մ` մենք: Միջինը չկա: Թե չէ հասարակական վստահության վերջին փշրանքը վաղուց կորցրած այս կառավարությամբ ինչպե՞ս կարելի էր ասպարեզ հանել ոչ ավել ու ոչ պակաս` կուտակային պարտադիր կենսաթոշակի մասին օրենք 25 տարի-երաշխավորությամբ, երբ եկող տարվա հեռանկարը չկա: Ախր, այդ օրենքը առնվազն քաղաքակիրթ, ժողովրդավարական երկրի համար է, թե՞ մենք էլ արդեն այդ երկիրն ենք, միայն դեռ գլխի չենք ընկել… Իսկ ավելի լուրջ` այս օրենքը պետական մակարդակով իրականցվելիք ռեկետ է, իսկ ռեկետահարվողը` ՀՀ քաղաքացին: Սկզբում դեռ այսքան վստահ չէի, բայց երբ ՀՀԿ-ն բոյկոտեց այդ հարցի խորհրդարանական լսումները, և ինչ պատճառաբանությա՞մբ… այո՛, այո՛, նրանք տեղեկացվել են, որ ընդդիմությունը բովանդակային քննարկում է անելու (իսկ իրենք շա՞տ գիտեն, թե ինչ ասեն, ինչպե՛ս հիմնավորեն օրը ցերեկով սպասվող կողոպուտը),- համոզվեցի, որ փողերն առնելու ու թռնելու են… միայն չգիտեմ` Փարի՞զ, թե՞ Դուբայ: Բայց որ թռնելու են` ոչ մի կասկած: Որովհետև, ուշադրությո՛ւն, «կուտակային գումարները» պիտի հավաքեն մասնավոր հիմնադրամները: Շարունակությունը պարզ է. X ժամին այդ հիմնադրամներն էլ, մեր դրամներն էլ կանհետանան: Ասվածից հետևում է` կա՛մ մենք-կա՛մ իրենք շախմատային պարտիայի ելքը մեծապես կախված է նաև այս հարցից. ՀՀ քաղաքացին կվճարի՞ ռեկետը, թե՞… Ճիշտ հասկացաք, օդանավի տոմսը կա ու կա: Ինչպես նաև կլինի ավտոբուսների քարավանների անիվների տակից բարձրացող փոշին, որից դասալքության հոտն արդեն նեխում է: Իսկ նեխում է, որովհետև, պարզվեց, ամենահեշտը թողնել-գնալն է…
Հետո էլ ասում են` Շանթը ինչ արեց: Շանթն արեց այն, ինչ ինքը կարո՛ղ էր ու կարողացա՛վ անել: Վկան` նրա ապրած կյանքը, կենսա­գրությունը, որ մեր աչքին ի տես է ապրվել-գրվել: Շանթի արածն այն հուսահատ ճիչն էր, որ ամեն գնացողի համար մրմռացող սիրտ ունեցողի ներսում է: Բայց ցավն այն է, որ Շանթի քայլը անկեղծ էր ու իսկական, բայց… օգտվեցին իշխանական գրասեղանների առջև նստողները, ա՛յն գրասեղանների, որոնց վրա, ինչպես վերևում ինքս ինձ համոզեցի, այս թվերը չեն հասնում: Որ հասնեին, Արարատի քաղաքապետի ընտրության արդյունքները այդպիսի վիրտուոզ աճպարարությամբ չէին «խփի»: Ու հիշում եմ կայքերից մեկում կարդացած հոդվածի վերնագիրը, որ այս օրերի բանաձևն է. «Ամեն կեղծված 1 քվեաթերթիկը հավասարազոր է հանձնված 1 քառակուսի սմ հողի»: Թե՞ հակառակը. այնքան լավ են տեղեկացված ամեն գնացողի մասին, որ եվրաձևեր թափելու ժամանակ չունեն: Ու ես նորից եմ հիշում. «Ամեն կեղծված 1 քվեաթերթիկը հավասարազոր է հանձնված 1 քառակուսի սմ հողի»…
Հերթական թիվը «խփեցին», Շանթին տարան հոգեբուժարան, Փակ շուկան դարձրին իրենց ամենաթողության բաստիոնը, մեկի կամքով (եթե անգամ նա երկրի նախագահն է) մի քանի ժամում ԵՄ-ից մեզ տեղափոխեցին ՄՄ և դատելով դեպքերի նման ընթացքից` տագնապ ասվածը միայն բառ չէ…
Վերջերս մի հարցազրույցում ասել էի, չէ՛, պայթե՛լ էի, որ իշխանության թացը ընդդիմու­թյան չորից չեմ տարբերում: Ու սա ամենադժվար խոստովանությունն է, որ երբևէ արել եմ: Երեսուն արծաթի կամ պղնձյա փողերի պժգանքը այս օրերի անհուսությանն ու դատապարտվածությանն են մեզ մեխել:
«Իմ գլխավոր հույսը «Միշայի սերունդն է»,- հայտարարել է Միխայիլ Սաակաշվիլին` նկատի ունենալով ստրկամտությունից ազատագրված վրացի երիտասարդությանը:
Չէ՛, ես նախանձ մարդ չեմ, բայց…

ՀԳ
Կասեք` անկա՞պ է շարադրանքը: Ի՞նչ մի դժվար բան էր «կապված» տեսքի բերելը: Բայց մեր ապրած օրերն էլ այս շարադրանքին նման չե՞ն…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։