Այսինքն՝ անցնել բոլոր հնարավոր փորձություններով, որոնք կարող են հանդիպել մարդու կյանքում: «Կրակն» ու «ջուրը» ընկալվում են միայն որպես «ֆիզիկական» փորձություններ՝ քաջության, խիզախության, կամքի: Իսկ, այ, «պղնձյա փողերի» փորձությունը ամենադժվարն է, և կրակով ու ջրով անցած ամեն մեկը չէ, որ դիմակայում է փառքին ու հանրաճանաչությանը:
Ընդամենը յոթ-ութ ամիս առաջ ֆանտաստիկայի ժանրին հարիր կլինեին տասնամյակներ անընդմեջ իշխանության տեր ու տնօրեն ՀՀԿ-ի քաղաքական պարտության, Գյումրիից Երևան հասած թավշյա հեղափոխության հաղթանակի, արդեն օրինաչափություն դարձած կեղծիքներով ընտրված Ազգային ժողովի արձակման, արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ քաղաքական մեկնաբանների ու վերլուծաբանների կանխատեսումները: Այսօր այդ ամենը իրականություն է: Եվ ինչն է, գոնե ինձ համար, կարևորը. ցանկացած հեղափոխության հաղթանակի հետևանք ոգևորությունը, կարծես թե, զգալի անկում չի գրանցում, բայց ավելի լսելի են դառնում սթափ ձայները: Սեղմ անդրադարձիս համար ընդարձակ բնաբան հենց այնպես չեմ ընտրել: Իսկ ասելիքս հստակ է՝ չկրկնենք անցյալի սխալները: Ղարաբաղյան շարժման հզոր ալիքի վրա իշխանության բերեցինք ՀՀՇ-ին ու հավատացած էինք, որ երկրին տեր ենք ընտրել: Ու մեր աչքի առաջ նրանցից շատերը, որ պայքարի մեջ խիզախ էին ու ազնիվ, շատ արագ փոխվեցին, այլ կերպ ասած՝ պարտվեցին պղնձյա փողերին: Նրանք իրենք իրենց պարտվեցին, իսկ ընդհանրական պարտվողը եղավ հուսահատված, արտագաղթի ճամփան բռնած ժողովուրդը:
Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք: Եվ հատկապես նրանք, ովքեր վարչապետի թիմն են, համախոհները: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ թիմը առայժմ և հիմնականում Փաշինյանի անձնական խարիզմայով է գործում: Եվ նրանցից գոնե մեկի սխալ քայլը, թերացումը, իշխանական լծակները անձնական բարեկեցության համար օգտագործելը ոչ միայն թիկունքից հարված է իրենց ղեկավարին, այլև մեր բոլորի հեղափոխությանը: Հենց այնպես չեմ գրում այս տողերը՝ ԶԼՄ-ում արդեն հայտնվում են նորանշանակ, տարբեր «կալիբրի» պաշտոնյաների անվան հետ կապվող լրագրողական բացահայտումներ: Իհարկե, պաշտոնյաների կողմից հակադարձումները կան՝ այդ ամենը հակահեղափոխական մութ ուժերի դավադրությունն է: Ավելի քան հնարավոր է, առավել ևս եթե հաշվի առնենք, որ նրանցից շատերը, իսկապես, անողոք պայքար են սկսել նախկին վարչակարգի օրոք աննախադեպ ծաղկում ապրած կոռուպցիայի դեմ: Ու եթե այդպես է, ուրեմն դուք՝ հեղափոխության պաշտոնական այրերդ, առավել սթափ, ողջախոհ, հեռատես պիտի լինեք: Ի դեպ, սա խորհուրդ չէ: Սա պահանջ է, որի տերն է մեր երկրի ապագայով մտահոգ ցանկացած քաղաքացի: Ձեզ մնում է միայն հիշել «պղնձյա փողերի» մասին: