Լրահոսի սարսափը
Նրանք, ովքեր մայր են, ովքեր մայր չեն, ովքեր կին ու աղջիկ են, լրահոսի հոսող նորությունների մեջ երևի փշաքաղվեցին, սարսափեցին. Գյումրու գիշերօթիկ հաստատության բակում զույգ նորածինների են գտել: Պահակը պատուհանից տեսել էր, որ բակում դեղին պոլիէթիլենային տոպրակ կա, մտածել է՝ աղբ են բերել թափելու, բացել ու տեսել է երկու տղաների, որոնք շնչում են… որոնք շնչում են… որոնք շնչում են… Էդ օրն ամբողջ ժամանակ էս լուրը զնգում էր ականջներիս մեջ: Պահակը գրկել է անօգնական փոքրիկներին, ներս տարել, գուցե շփոթվել, գուցե ժպտացել:
Լրահոսի կոկիկ բալիկները
Գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաները մաքուր հագուստներով էին, նույնիսկ՝ նոր փոխված տակդիրներով ու կուշտ,- ասում է լրահոսը: Երեխաները խնամված էին, մաքուր հագնված: Փոքրիկ մայրիկը հոգացել է, որ նրանք մաքուր լինեն, փաստորեն նախապատրաստել էր բալիկների շորերը, երկար մտածել է, լացելով ամենամաքուր շորերն է հագցրել, ընտրել է, գրկել է, շորերը կրծքին սեղմել է, հոտ է քաշել, համբուրել է: Հետո կրծքով կերակրել է խեղճիկներին, անուշ-անուշ կաթը հոսել է: Կուրծք է տվել այնպես, ինչպես պատկերացրել է մայր լինելու մասին, հերթով մոտեցրել է տաք կրծքին, ընթացքում հերթով շոյել փոքրիկների գլուխները: Մայրիկներն այդպես են անում: Էս տարրերը սիրո ու կեղեքող բաժանման սրտխփոցներ են:
Ուզում էի իմ շրջապատի զույգ տղաների հիշել, ուզում էի նրանց մեծացած պատկերացնել՝ իրար սիրող, զույգերի համաչափ խփող սրտի զարկերով:
Փոքրիկները ծնվել են հոկտեմբերի 1-ին, նրանցից մեկի անունը Վահե է, մյուսինը` Վահան:
Լրահոսի մայրը
Մայրը վերադարձել է: Չէ՛, երեխա մորը գտել են: Նա երեխաներին բերելիս երևի հազիվ էր հասել մանկատան դռանը, շատ հազիվ: Երկար է մտածել, տասնյոթ երկար օր, իր հացի փողն է խնայել տակդիրի համար: Փաստորեն, հասարակության խարանը, իր մենակ լինելը, իր հացի խնդիր ունենալը, իրեն չընդունելը, հուսահատությունը, ընտանիքի ծայրահեղ աղքատ լինելը, իր դժվար մանկությունը, ընտանիքի հաշմանդամ անդամները գիշերային մտքերի մեջ ավելի ծանր էին նժարի մի կողմում, քան իր արևոտ զույգ տղաները: Դժվար է այս մասին կարծիք ունենաս ու քեզ մեղավոր չզգաս: «Օրեր են եղել, որ ես ինքս եմ սոված մնացել, որպեսզի երեխաներս ոչնչի պակաս չունենան, ես կարծում եմ՝ ավելի բարոյական է հրաժարվելը, գոնե վստահ կլինեմ, որ երեխաները լավ կապրեն, սովամահ չեն լինի»,- լրահոսին ասել էր 18 տարեկան մայրը: Գուցե դեռ չգիտեր, որ մայրական բնազդը ծնողներից իրեն բաժին հասած սիրուն ավելացնելու, կրկնապատկելու, եռապատկելու կարողություն ունի, անհնար բոլոր սերերը զգալու է իր բալիկների նկատմամբ, և բոլոր հնարավորությունների դռներն են բացվելու, ա՛յ փոքրիկ մամա:
Աղջկա ոտքերի հոգնությունը հիշեցնելու էր Արարատի մարզից Գյումրի ընկած ճանապարհը: Հոգնությունը հիշեցնելու էր խաչը ուսին գնալը, սրտի անկյունում գրած անունները՝ Վահե ու Վահան, գիշերօթիկի դռան առջև երկար կանգնելը, խորհելը, թողնե՞լ.. Հեռանա՞լ… վերցնե՞լ, հեռանա՞լ… Սպասե՞լ…
Կարծում եմ՝ ինքը գիտեր, թե հաջորդ պահերին, հաջորդ ժամերին, հաջորդ օրերին, հաջորդ տարիներին, հաջորդող ժամանակին ի՜նչ էր մտածելու: Գիտե՜ր: Ցավն այն է, որ իրեն երբեք չէր ներելու դրա համար: Երիտասարդ կինը Գյումրի էր եկել մոր հետ, որը նույնպես մենակ էր մեծացրել աղջկան: Տեսնես ճանապարհին ի՞նչ են խոսել: Ախր ի՞նչ խոսեին: Նա իր մորն էլ չէր ներելու:
Լրահոսի հրաժեշտը
«Կարելի՞ է վերջին անգամ տեսնեմ երեխաներիս». երկվորյակներին թողած 18-ամյա մայրը Գյումրիից հեռացել էր լացով: Բայց ես գիտեի, որ կհաջողվի համոզել, խնդրել, կացարան ու ապաստան տալ փոքրիկ ընտանիքին, վերադարձնելու, ապրեցնելու, թե չէ էս վերջին անգամ տեսնելու մեղքը անվերջ վերադարձնելու էր փոքրիկ-հասուն մայրիկին իր բաժանման վայրը:
Լրահոսի հասարակությունը, պետությունը
Ոմանք շտապել էին քարկոծել, ոմանք խղճացել էին, ոմանք առաջարկել էին իրենց տունը, իրենց հացը կիսել նոր ընտանիքի հետ: Սակայն պետք է մի հարցում վստահ լինել. պետությունը այսուհետ պարտավոր է որդեգրել այնպիսի սոցիալական քաղաքականություն, որպեսզի կյանքի դժվարին պայմանները երեխաներին մանկատուն հանձնելու պատճառ չդառնան: Այս դեպքը ասվածի հաստատումն է:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ, ով գիտակցելով, որ սխալ որոշում է կայացրել, ցանկանում է վերադարձնել իր փոքրիկներին:
Հանդիպման ժամանակ Մանե Թանդիլյանն ու մայրիկը պայմանավորվել են, որ երկամսյա ժամկետում մայրիկը կանի իրենից կախված առավելագույնը՝ բարելավելու իր սոցիալական կարգավիճակը՝ երեխաներին իր հոգածության տակ վերադարձնելու նպատակով: