Արդեն կարող ենք ասել, որ ավարտվեց թավշյա, բաց ձեռքերի, սիրո և հանդուրժողականության հեղափոխության առաջին փուլը, անցյալ ժամանակ և հաստատ՝ պատմության էջ դարձավ մարտի 31-ին Գյումրու Վարդանանց հրապարակից արված առաջին Քայլն ու մայիսի 8-ին ժողովրդի կողմից ընտրված և Ազգային ժողովում այդ անկասելի փաստի օրինական վավերացումն ստացած վարչապետը՝ ազատ, հպարտ երկրի վարչապետը:
Եվ այդ պահից սկսվեց երկրորդ փուլը: Ոչ պակաս դժվարին, եթե չասեմ՝ առավել դժվարը: Զգացմունքային հիացմունքին փոխարինելու է սթափ պրագմատիզմը: Սկսվում է մի աշխատանք, որի սկիզբը տեսնում ենք բոլորս (կամ՝ համարյա բոլորս), իսկ ավարտի մասին միայն կարող ենք երազել՝ այնքա՛ն խնդիրներ են կուտակվել մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ անխտիր… Բայց մինչև դրանց, այս կարճ անդրադարձում, հպանցիկ թվարկումը, կարող եմ նշել հիմնախնդիրը, որի արմատը ջանադիր հետևողականությամբ էր թուլացրել, համարյա արմատախիլ արել Հանրապետական վարչակարգը և որին համարժեք պատասխանը ստացավ երկրի հրապարակները հեղեղած ՀՀ քաղաքացիներով և Ս. Սարգսյանի հրաժարականին հետևած համաժողովրդական, ամենավառ երևակայությունից էլ վեր, ցնծությամբ: Այո՛, խոսքը Արդարության մասին է: Եվ որպեսզի չտրվեմ պահին հարիր պաթոսին՝ կարճ կապեմ: Մեր հեղափոխության պահանջը մե՛ր երկրում օրենքի գերակայության հաստատումն է: Եվ հերթական Քայլը արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն: Ինչքան շուտ՝ այնքան հավանական է մեր ընթացքի շարունակականությունը: Այդ ընտրությունները պետք է մաքրեն քաղաքական դաշտը, պատգամավորին վերադարձնեն իր ընտրողի առջև հաշվետու լինելու, նաև նրա կողմից հետ կանչվելու իրավունքն ու պարտականությունը: Այս օրերը դաս չեղա՞ն, երբ գիտակցելով, որ իբր ժողովրդի կողմից ընտրյալներին օրենքի ուժով չեն կարող եթե ոչ՝ հասկացնել, գոնե պարտադրել իրենց կամքը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, հուսահատ ու նաև՝ դաժանացած, մարդիկ դիմեցին ճնշման այլ միջոցների… Մայիսի 1-ին, վաղ առավոտից մինչև գիշեր հրապարակում կանգնած, ՀՀԿ-ի հերթական (բայց ոչ վերջին) հակահարվածից թեկուզ մի պահ կոտրված, սակայն անկոտրում պարող Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները ազատ ու թափանցիկ ընտրության իրավունք ունեն, ընտրություն, որը կվերադարձնի Մարդու և Քաղաքացու արժանապատվությունը, շատերին ապաշխարելու հնարավորություն կտա՝ ընտրել սեփական կամքի ու խղճի մտոք, մոռացության տալով այն նվաստացնող 10000 դրամները… Ես միայն երկրորդում եմ Նիկոլ Փաշինյանին՝ առաջին գործը ՀՀ ընտրական օրենսգիրքը պետք է փոխել: Եվ, իհարկե, ռեյտինգայինը փոխարինել պարզ համամասնական համակարգով, որը ՀՀԿ-ի ստեղծած ներքին հիմնասյուներից մեկն էր, ուրեմն և՝ օրենսգրքի փոփոխությունները խորհրդարանական հանրապետականները անպայման կփորձեն տապալել:
Գիտակցում եմ, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար և՛ օրենսդրական, և՛ իրավիճակային, և՛ հազարումի խութ ու խոչընդոտներ կան, բայց, վստահ եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը ասի օրն ու ժամը՝ Հրապարակի վերածված երկիրը նորից կկանգնի նրա կողքին, այս անգամ՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացնելու համար:
Վերևում պատահական չասացի պրագմատիզմի մասին: Մեր դեպքում՝ դա նաև դառը փորձությունն է: Ուղիղ 30 տարի առաջ ազգային զարթոնք էր Հայաստան երկրում, դեռ լավ ենք հիշում հարթակից պետական ամբիոն բարձրացված առաջնորդներին, ու եկեք չմոռանանք, որ առ այսօր բաց ու թափանցիկ ընտրությունները միայն 1990 թ. Գերագույն խորհրդի և 1991 թ. Նախագահական ընտրություններն են եղել: Նրանք էլ էին վայելում համաժողովրդական սերն ու վստահությունը, իսկ հետո… Պարզվեց՝ կարող ենք հաղթել պատերազմում ու պարտվել խաղաղության: Չշարունակեմ: Նախ, որ ցավ եմ ապրում, ու նաև՝ ակնարկս ավելի քան թափանցիկ է: Այդ դառը փորձն ունեցողների անափ ուրախությանը զգուշավորության դառնահատիկն է խառնված, թեև… «Կապ չունի, թե ով կլինի ՀՀ վարչապետ, այսօր և սրանից հետո միայն մի սուբյեկտ իրավունք ունի որոշելու, թե ով իրավունք ունի լինել իշխանության մեջ, և այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է և ուրիշ ոչ ոք: Պետական պաշտոնը՝ նախագահ, վարչապետ թե ԱԺ պատգամավոր, դրանք ընդամենը ծառայություն են ժողովրդին, և սրանից հետո ժողովուրդը պետք է հոգ տանի, որ բոլոր պաշտոնյաները՝ վարչապետով, նախագահով, բոլորով, ազնիվ և անմնացորդ ծառայեն ժողովրդին, հակառակ դեպքում՝ ժողովուրդը պետք է անի իր քայլն այնպես, ինչպես արեց 2018 թվականի ապրիլին»:
Սա ասել է արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում: Եվ ՀՀ քաղաքացին դրանք չի ընդունել որպես այդ հանդիսավոր ժամին հարիր խոսքեր, այլ ի գիտություն՝ ամեն պահի հիշեցնելու վճռականությամբ:
Իսկ մեր երիտասարդները, Հեղափոխության ջահելները այնքա՛ն վստահ են ասում. «Հենց մի բան այնպես չեղավ՝ արդեն գիտենք՝ ինչ անել»: Վստահ են, որովհետև այս հաղթանակը նախ և առաջ նրա՛նց հաղթանակն է: Եվ որպեսզի նրանց վստահությունը չերերա՝ զգուշավորներս պիտի նույնքան պատասխանատվություն ստանձնենք, որքան Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը: Առջևում վարչապետի ծրագրի ներկայացումն է ԱԺ՝ հնարավոր սցենարների մի քանի տարբերակների հենքին… Իրեն կառուցողական հայտարարած մեծամասնական ընդդիմությունը (մերն, իրոք որ, ուրիշ է), հավատացած եմ, դեռ մեկ անգամ չէ, որ կփորձի հետհաշվարկի հնարավորությունը, ի վերջո, այսքան տարիների կուտակած փորձից հեշտ չեն հրաժարվի, միայն Սահմանադրությունը մեկ անձի վրայով չափել-ձևել-կարելը ի՜նչ արժե…
Իսկ որ ՀՀ Սահմանադրությունը պետք է «նորմալ տեսքի» բերել՝ դրանում ոչ մի կասկած: Իսկ որ օլիգոպոլիայի կազմաքանդումը օրակարգային հարց է՝ ևս կասկածողներ չկան… Իսկ որ… Իսկ որ… 20 տարի ջանադիր հետևողականությամբ երկիրը հասցվել է անելանելիության եզրին, ու հիմա, ինքս իմ կողմից հռչակած Երկրորդ փուլից մի քանի ժամ չանցած՝ խնդիրներ է, որ շարում եմ կողք կողքի: Ու դեռ քանի՜սն են սպասում իրենց հերթին: Ինչ է սա, իրատեսության պակա՞ս, գրողի «ռոմա՞նտիկա», պայծառ ապագայի պարզ թե պարզունակ անհամբերությո՞ւն… Ո՛չ, ու կրկին ո՛չ: Սա պրագմատիկ վերաբերմունքն է իրականությանը, թեև խնդիրները ավելի քան ժամանակատար ու դժվարլուծելի են: Բայց ընդամենը մեկ ամիս առաջ ո՞վ (այդ թվում և՝ ես) կհավատար, որ իրեն սպառած, բայց անմեռ թվացող վարչակարգը կնահանջի Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների բաց ձեռքերի ու սիրող սրտերի առաջ…