Ճշտեմ` երկու հարցական միայն, մնացածը կարող է շարունակել ընթերցողը…
«ՀայՌուսգազարդը» (ականջդ կանչի…) Ռուսաստանից եկող գազը սահմանին ստանում էր 1 խորանարդ մետրի դիմաց 189 դոլարով, իսկ մեզ` հայաստանյան սպառողին, վաճառում էր կրկնակի գնով` մոտ 385 դոլար: Պատճառաբանությունն էլ ներկայացվեց` մինչև մեզ են հասցնում էդ չարաբաստիկ գազը, կոտորվում են խեղճերը, է՜ն ծախսերի տակ են ընկնում, որ… ի սեր մարդկության ու մարդասիրության մի կերպ «տեղավորվում են» էդ համեստ գնի մեջ: Ներկայացնում ու տեղնուտեղը համր, խուլ ու կույր էին դառնում, իբր` չենք տեսնում ձեր ապշահար դեմքերն ու չենք լսում ձեր մրմնջոցը` «ախր, ուրիշ երկրներ էլ նույն կերպ են գազ բերում, բայց ձեզ պես կրկնակի գին վերցնող չկա»… Ու մինչ հայաստանյան սպառողը էդ հարցն էր որոճում` «ՀայՌուսգազարդը» (մեկ էլ ականջդ կանչի ոչ…) իր ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասն էլ մատուցարանի վրա նվեր արեց «Ռուսգազարդին» ու ձեռքերը լվաց (մենակ չես, Պիղատոս…): Ինքը քաշվեց մի կողմ, մեզ գցեց կրակը. հիմա ո՞ւմ բողոքենք, բողոքենք էլ` էդ «Ռուսգազարդում» ծաղրի առարկա չե՞նք դառնա, թե` ձեր սեփական իշխանությունը օրը ցերեկով քեզ թալանում էր, նրան կարելի էր, մեզ` ո՞չ…
Եզրակացություն. բողոքելու իրավունքից էլ զրկեցին, բայց կարծիք հայտնելուց` դեռ ոչ, ուրեմն` ասեմ. «Երկրիս բարձրաստիճան գրպանահատնե՛ր, հակառակի պես այս դաժան ձմռանը տասնյակ հազարավոր մրսած ու ցրտահարված ձեր հայրենակիցներից գրպանած միլիոնները մարսեք… եթե կարողանալու եք: Գուցե համոզված եք, որ արդեն մարսել եք, բայց ասում են, թե մի Վերին Արդարություն էլ կա: Կամ էլ` համբերությունը երբևէ կորցնելու ունակ քաղաքացի»:
Պարտադիր կուտակային… էլ չեմ շարունակի, սիրելի՛ ընթերցող, էմոցիաներդ զսպիր: Հայհոյելը միշտ էլ կա: Արի խելք խելքի տանք ու փորձենք հասկանալ. մեր երկրում գոնե սթափ մտածող մեկ մարդ կգտնվի՞, ով կհավատա, որ այսօր «կուտակումի» տված փողը մի 20-30 տարի հետո ստանալու է, այն էլ` էս իշխանությունից: Նախ` հերթական պարտադրված գրպանահատության են ենթարկվելու 1974 թ.-ից հետո ծնվածները, որոնց մեծ մասը հենց այսօր պատրաստ է հեռանալ երկրից: Հեռացողները ասենք թե փրկվեցին, մնացողները ումի՞ց փող պահանջեն, կարծես այնպիսի օրինապաշտ երկրում ենք ապրում որ… Թարմ ու ցնցող փաստ. Սահմանադրական դատարանը մինչև մարտի 28-ը կասեցրել է այդ օրենքի որոշ հոդվածների գործողությունները: Բայց որոշ գործատուներ արդեն պարտադիր վճարը փոխանցել են կամ գումարը պահել իրենց հաշվին: Ավելին ասեմ` պետական գերատեսչություններում հունվար ամսվա աշխատավարձերից «պակասել» է այդ 5 տոկոսը: Իսկ պետական ծառայողները նույնիսկ կուտակային կառավարիչ չեն ընտրել (օրենքի պահանջն է). նրանց փոխարեն որոշել ու ընտրել են «վերևներում»: Այս մի փաստը բավական չէ՞` հասկանալու համար, որ եթե հիմա, երբ կրքերն այսքան շիկացած են, բացահայտ օրինազանցություն ու շորթում է տեղի ունենում, բա որ Սահմանադրական դատարանը օրենքին «կանաչ լույս» տա (կասեք` հնարավոր չէ՞…), ինչե՜ր են լինելու…
Եզրակացություն. «Երկրիս բարձրաստիճան գրպանահատնե՛ր, առաջարկում եմ՝ առաջիկա մեկ-երկու տարին դուք ու ձեր գիտակից մերձավորները պարտադիր «կուտակվեք», իսկ «անգիտակից մասսային» հանգիստ թողեք` գոնե հասնի մինչև ծերություն: Այսպես ասած` անձնական օրինակ ծառայեք: Իսկ հետո կամ… կամ…»:
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ