25 տարի է անցել: Իսկ այն օրվա երկինքը` շատ կապույտ, օդը` զարմանալի տաք, դույզն իսկ չի խունացել հիշողության ժամկետից, ասես քառորդ դար առաջ չէր, որ գետինը պայթեց, ու մի քանի վայրկյանում երկրաշարժը նվաճեց երկիրը: Չէինք կարող հասկանալ, չէինք ուզում հասկանալ… Փլուզվող կայսրությունից արդարություն պահանջող, Ազատության հրապարակում ու Ստեփանակերտում «Արցախ» վանկարկողներս մի քանի վայրկյանում որբացանք 26000 մահով, մեր բռունցքված միասնությունը գետնահարվեց այրվող փլատակների վերածված գյուղերի ու քաղաքների հոգեվարքով… Այս պահին էլ լսում եմ Երևանի երկնքում վայրէջքի իրենց հերթին սպասող աշխարհի ինքնաթիռների միալար ու խուլ գվվյունը, հիվանդանոցներ սուրացող շտապ օգնության մեքենաների աղեկտուր շչակները… Մղձավանջ էր, դժոխք: Ով սպասում էր, թե կոտրվեցինք, կոտրեցին, շատ արագ հասկացան, որ սխալվել են իրենց հաշվարկներում: Փլատակներից ում դուրս էին բերում` առաջին հարցն էր` Երևանը կա՞, մնացե՞լ է… Հարցնում էին, որպեսզի երբ փլուզվող կայսրության վերջին ղեկավարը գար-հասներ Լենինական` փլատակներից դուրս եկողների առաջին պահանջը լիներ` Արցա՛խը: Փլատակներից հրաշքով դուրս բերված հայը նայում էր թեկուզ և փլուզվող, բայց կայսրությա՛ն ղեկավարի աչքերին ու հարց տալիս, պահանջում` ստիպելով նրան արտասվել ու փախցնել հայացքը: Մեզնի՛ց: Այդ ի՛նչ ուժ ունեինք, ի՛նչ համառություն էր մեզ պահում, ինչքա՛ն ազատ էինք և ինքներս մեզ հարգող:
25 տարի անց Գյումրիում դեռ 4000 մարդ անօթևան է, դեռ մնում են «դոմիկները», որտեղ ապրող մարդիկ վաղուց են հատել ծայրահեղ աղքատության շեմը…
Երկրաշարժի տարելիցից մի քանի օր առաջ ամրացող կայսրության ղեկավարը Գյումրիում էր: Գյումրվա մի քանի փողոցներին «պոտյոմկինյան» փայլ էին տվել, ձմեռվա կեսին ծառերը կանաչեցրել ու սիզախոտ էին աճեցրել, ու գյումրեցիների մի մասն անկեղծորեն ուրախացել էր, որ Ռուսաստանի թագավորը կգա ու մեկ էլ տեսար` իրենք, որ վաղուց կարոտ են աշխատանքի, վերջապես գործ կունենան, կաշխատեն…