ՄՈՀԹԱՇԱՄ ՔԱՇԱՆԻ
1
Այս ինչ հուզում է պատել ողջ աշխարհը նորից,
Այս ինչ սուգ ու ողբ է լսվում ամեն կողմից,
Առանց շեփորի կանչի այս ինչ
դատաստան է ահեղ,
Որ հասել է երկնի բարձունք փառահեղ,
Եթե առավոտ է, ապա օրն ինչո՞ւ է մթնել,
Աշխարհի և մարդկանց գործը քաոսի մատնել,
Արևմուտքից է, իբր, արևն ելնում, ահա
Խառնաշփոթ է տիրում ողջ աշխարհի վրա,
Թե աշխարհի վերջ ասեմ` չի լինի իզուր,
Մոհառամ է կոչվում դատաստանն
այս հանուր,
Սուրբ կացարանում, որտեղ դեռևս էն գլխից
Ո՛չ տխրություն է եղել, ո՛չ դառնություն, թախիծ,
Սրբեր ու հրեշտակներ` վշտահար,- մարդու
Կորուստն են սգում նրա լավագույն որդու,
Որը արևն էր երկնի ու երկրի,
Եվ արևելքի հույսն էր ու լույսն էր,
Աստծո մարգարեի հավատակիցը`
Իմամ Հուսեյնն էր:
2
Քարբալայի փոթորիկից փշրված նավ,
Քարբալայի հրապարակում արյուն ու ցավ,
Թե աշխարհի զույգ աչքերը հեկեկան, լան,
Արյան ծովում կխեղդվեր ողջ Քարբալան,
Արցունքից զատ բան չտեսավ
այս աշխարհում,
Այն ծաղիկը, որ բացվել էր Քարբալայում,
ՔուՖեցիները խնայեցին նույնիսկ ջուրը,
Կարոտ մնաց ջրի Քարբալայի հյուրը,
Բոլոր դևերը կուշտ էին, հրեշներն անգամ,
Ծարավից տոչորվում էր Քարբալայի արքան:
Այն ծարավների ձայնը մղկտում է վշտից,
«Կրակ, կրակ» – կանչում Քարբալայի դաշտից:
Վայ ձեզ, թշնամիք` խոնարհ, անհառաչ,
Որ ծնկի չիջաք ձեր արքայի առաջ,
Երկիրը ծխաց ամոթից այդժամ,
Բողոքը թնդաց հանցանքից դաժան:
3
Երնեկ կործանվեր աշխարհը հենց
այն օրերին,
Եվ այս բարձր վրանը մնար առանց սյուների,
Սարից ու ձորից հուր թափվեր հեղեղի նման
Եվ սև մոխիրը պատեր աշխարհը համայն:
Հավատացյալների սրտի ցավ ու տնքոցով
Երնեկ խանձվեր երկիրը կսկիծի բոցով:
Բոցկլտար աշխարհը խարույկի պես պայծառ,
Քարանար երկինքն էլ ցավի մեջ անծայր:
Երանի այնժամ,
Երբ նրա աճյունը հանձնվեց հողին,
Մարդկանց մարմնից դուրս նետվեր հոգին,
Երնեկ, երբ ջարդվեց նավը սրբազան,
Ողջ աշխարհը խեղդվեր ծովի մեջ արյան,
Թե դատաստանի օրն այն վրեժը չլուծվի,
Մարդկանց համբերության բաժակը կլցվի,
Մարգարեի հավատակիցների
ձայնից բողոքի,
Փուլ կգան հիմքերն երկիր-երկնքի:
4
Այս ցավերից, երբ որ մարդկանց
Կոչ հղեցին հրավերի,
Առաջինը կոչ հղեցին
գերդաստանին մարգարեի:
Մարգարեներին երբ որ հերթը
հասավ հանկարծ,
Խաղաղ երկինքը թփրտաց մեկից,անսանձ,
Այն հարվածից, որն առյուծին խոցեց Աստծո,
Այն դռանը, Գաբրիելն էր որի ծառան ամենազոր, Բռնատերերը խոցեցին
կողն արդարի,
Եվ ալմաստից բոց էր ժայթքում, կայծեր հրի,
Երբ ճարակվեց հրում Հասան Մոջթաբային,
Ապա վրանը քանդեցին հողի վրա անմեղ,
անբիծ,
Եվ Քարբալա հասցրեցին Մեդինայից:
ՔուՖեցիների այն դաշտում կացնից դաժան,
Արմավենիներ գլխատեցին
այգեստանում սրբազան,
Այն սուրը« որ սիրտը խոցեց ՄուսթաՖայի,
Խոցեց նաև Մորթեզայի
ընկերներին հավատակից,
Կոկորդները, որ տոչորվում էին ծարավից:
Ծվատեցին մարմինները
ապրողները սրբատեղի,
Ողբը նրանց հասավ երկինք, ցավն անմեղի:
Գաբրիելը գլխին քաշեց հիջաբը իր, ու երևի
Այնպես մթնեց, որ չտեսավ աչքն արևի:
Տողացի թարգմ. ԺՈՐԺ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հանգավորեց՝ ՀՈՎՀ.ԳՐԻԳՈՐՅԱՆ