ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ… ՎԱՐԴԱՆԻ ՀԱՄԱՐ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Դեկտեմբերի 17-ին հաշված օրեր են մնացել: Այդ օրը պետք է հրապարակվի Վարդան Պետրոսյանի դատավճիռը: Ու հիմա՛ եմ համարում այն պահը, երբ ամիսներ շարունակ ինձ մտատանջող հարցերը, վարկածները, կարծիքներն ու մեկնաբանությունները ի մի բերելով, կարող եմ խոսել ոչ թե Վարդան Պետրոսյան դերասան-մարդ-քաղաքացի անհատի մասին, այլ մի երևույթի, որը կանվանեմ «Արդարադատություն… Վարդանի համար»:
Մեզանից ոչ ոք ապահովագրված չէ կյանքի փորձություններից ու փորձանքներից: Հենց հիմա, երբ գրում եմ այս տողերը, խմբագրասենյակիս պատուհանից երևում է Բաղրամյանով վեր ու վար սլացող մեքենաների անվերջ շարանը, և ո՞վ գիտե, նրանցից ո՞ր մեկին, ճանապարհի ո՞ր շրջադարձին ինչ է սպասում: Ոստիկանական ամենօրյա լրահոսում քանի՞ դեպք է արձանագրվում` Գագիկ Շամշյանի հարեհաս ֆոտոամրագրումով: Եվ ամեն պատահար իր ընթացքն է ունենում, բայց ինչ-որ չեմ հիշում, որ դրանցից մեկը վերածվեր դատավարության մարդու դեմ: ՄԱՐԴՈՒ, ոչ թե` ՎԱՐՈՐԴԻ: Որովհետև ցանկացած ճանապարհատրանսպորտային պատահարում վարորդն է մեղավոր, եթե իսկապես մեղավոր է (փողոցի ամենաբանուկ մասով, կարմիր լույսի տակ «արանքը ճղող» ճարպիկների դեպքում է՞լ է վարորդը մեղավոր…): Բայց Վարդան-վարորդի փոխակերպումը Վարդան-մարդու կատարվեց մաքիավելական աննկատությամբ ու ճարտարությամբ: Ինչ խոսք, արջի ծառայություն, թեկուզ ակամա, մատուցեցին նրա բազմահազար երկրպագուները` ֆեյսբուքյան փոթորիկ բարձրացնելով և բարոյական հարված հասցնելով երկու երիտասարդի մահից ուշքի չեկած հարազատներին: Երբ Վարդանի ամենաջերմ ու ամենաանկեղծ ընկերներից մեկին այդ մասին ասացի ու խորհուրդ տվեցի հարգել նաև դիմացինի ցավը, միայն ուսերը թոթվեց: Հետո… Հետո Վարդանը մնաց այդ հարվածին դեմ հանդիման, իսկ ֆեյսբուքյան հողմերն անցան նոր օբյեկտների որոնումների: Այս ամենից լիակատար ու լավագույնս օգտվեցին նրանք, ում վաղուց նյարդայնացնում էին Վարդանի ներկայացումները, որոնք ներկայացում չեն միայն, դրանք ազատ երկրի անկախ քաղաքացի դառնալու լսարան են: Եվ դատավարությունը ստացավ քարտ-բլանշ` ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՈՒ ՄԱՐԴՈՒՆ մեղադրել սպանության մեջ և ոչ թե վարորդին` ով ՃՏՊ-ի արդյունքում ոչ դիտավորյալ երկու պատանիների մահվան պատճառ է դարձել: Ավելի ճիշտ` փորձում են մարդուն դատել, և անընդունակ են հասկանալ, որ Վարդանն իրեն այնպես է դատել ու այն դատավճիռն է հանել, որ այս դատավարության ո՛չ երևացող, ո՛չ աներևույթ բեմականացնողների երևակայությունն անգամ զորու չէ պատկերացնել: Նայեք լուսանկարներից ձեզ նայող Վարդանի դեմքին, աչքերին, լսեք նրա խոսքերը, լսեք նրա լռությունը… Գիտեմ, որ ոչնչով չեմ կարող փոխել հաստատված սցենարը, բայց կարող եմ խնդրել` աղոթենք… մեզ համար: Մեզ համար, որ Վարդանը դիմանա, ինչպես դիմացել է մինչև հիմա, չկոտրվի, ինչպես կերազի ինչ-որ մեկը… Աղոթենք մեզ համար, որ արժանանանք Վարդանի ներկայությանը մեր կյանքում, որը նրա ԲԵՄՆ է:
Ու նաև հավատացած եմ. որտեղ և ինչ էլ խաղա Վարդանը, այդ դահլիճում անտես երկու աթոռ կլինի, ու Վարդանը, միայն նա՛ կտեսնի իր երկու հանդիսատեսին, որոնց մահվան ակամա պատճառը դարձավ և այդ գիտակցումով պիտի ապրի այսուհետ…

One thought on “ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ… ՎԱՐԴԱՆԻ ՀԱՄԱՐ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

  1. Անձեր կան ինչ ալ գրեն ՝քանի անկեղծ են եւ օժտուած ուղղակի սրտիդ կը հասնին։ Կարինէն այդ անձն է ինձ համար ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։