ԴԻՏԱՆԿՅՈՒՆ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Քննադատությունը տասներորդ Մուսան է:
Գյուստավ Ֆլոբեր

Քննադատությունը գրական ընթացքի կարևոր բաղադրիչն է, նաև` գրականության մի մասը: Գրաքննադատն առաջինն է մեկնաբանում ժամանակակից գրական գործը, որի մասին պատկերացումն արդեն խորացնում է գրականագիտական ուսումնասիրությունը: Եվ չվախենամ հայտնի իրողությունը մեկ անգամ ևս կրկնելուց. գրաքննադատության զարգացումն ինքնին գրականության կրթվածության աստիճանի ցուցիչն է:
(Օրեր առաջ կայացած ՀԳՄ վարչության պլենումը վաղուց սպասված էր և, կարծում եմ, առաջին քայլն էր: Սպասենք հաջորդներին, առավել ևս, որ զեկուցումներն ու դրանց հաջորդած մտքերի փոխանակությունը օրվա պահանջ են դարձնում սկսված խոսակցության շարունակությունը):
Քննադատություն, այսինքն` գործուն մասնակցություն «կայացող գրականության տիրույթում»: Այդպիսով` գիտականությանն ու գեղարվեստականությանը հավասար, նաև հրապարակախոսությունն է կարևոր հատկանիշ դառնում: Եվ գիտություն-արվեստ սինթեզում գերակայող է ինտելեկտուալ-վերլուծական սկիզբը, իսկ քննադատի անհատականությամբ արվեստը «մերձենում» է քննադատությանը-ահա այսպիսի անպաճույճ, բայց կարևոր բնորոշում: Բայց մի՞շտ է գործում այն… Գրաքննադատությունը վերլուծում է այսօրվա երևույթները, ազդում է հասարակական կարծիքի վրա. ուրեմն տասնապատիկ կարևորվում է նրա գործառույթը մեր իրականության մեջ, որտեղ ամեն ինչ գլխիվայր է, արժեհամակարգ ասվածը կորցրել է իր բարոյական վեկտորը, և կասկածելին ու այպանելին վախեցնող հաճախականությամբ ու համառությամբ նվաճում են հաղթողի դափնեպսակը: Եվ քննադատն արդեն միայն գրական տեքստի մեկնաբան չէ, նաև այս խեղված իրականությանը դիմակայողներից մեկն է, իրական արժեքներ թելադրողը: Բայց այս մասին ավելի լավ է ասել Օսկար Ուայլդը. «Քննադատությունը ավելի կուլտուրա է պահանջում, քան ստեղծագործությունը»:
Ցավոք, «ԳԹ»-ի խմբագիր եղած տարիներին մեկ անգամ չէ, որ համոզվել եմ, թե ինչպես կարող է անտեսվել այդ կուլտուրան, երբ գրական բանավեճը, մի կողմ թողնելով բուն թեման, իջնում է «անձերի հաշվեհարդարի» մակարդակի, երբ մասնագիտական հարցին նույնքան մասնագիտական պատասխան տալու տարրական անհրաժեշտությունը մոռացած` կենցաղային բառուբանով (չասեմ` ավելին) փորձում են ոչնչացնել դիմացինին: Եվ ինչո՞ւ խմբագիրը պիտի փորձի տեքստից հանել այդ ամեն… (եթե կարողանա), կամ ինչո՞ւ այդ գործառույթը պիտի իր վրա վերցնի: Այդ դեպքում ո՞ւր մնաց կուլտուրան…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։