Ապրելիք կյանքի տասնամյակների մեջ ժամանակը մեզ ուղեկից է կարգում հաջորդաբար նոր սերունդներ: Նրանց առջև նախ պատասխանատվություն է պահանջվում յուրաքանչյուրիցս: Այնուհետ` տարեցտարի վաստակում ենք ընկերությունը այն արժանավորների, ովքեր, գաղափարներ ժառանգելով, պաշտպանում են իրենց սկզբունքները հանուն վաղվա` ընդհանուրիս ապագայի:
Ճշմարտություն է. այսօրն է միշտ գալիք ապահովում: Գրի ու գրչության արվեստով սերունդների մեջ ազգայինը կկերտվի, ինչպես մեսրոպյան գրերի գյուտի 1600 տարիներին և շարունակաբար մեր այսօրը, նույնպես, գրականությամբ է կայանում, քանզի ստույգ է, որ ԽՈՍՔՆ է հաղորդակցման շարունակականությունը:
Հայ ընթերցողը ժամանակակից գրականությանը տրված գնահատականը միշտ էլ վերագրել է անձնապես իրեն` իր ապրած և դեռ ապրելիք տարիները համեմատության մեջ դնելով: Նա նաև գրական կերպարը միշտ նույնացրել է գրողի հետ: Այսօր էլ իր ներկայի մեջ է առանձնանում գրողը որպես կերպար և ընթերցողի համար հաճախ չափանիշ է մարդու, մարդկայինի և բարոյականության: Արժեքներ, որ մանկուց մարդը փնտրում և գտնում է բանաստեղծության տողի անկեղծության մեջ, որը նրա երևակայության մեջ արժեք է` գեղեցիկի, բարու, վսեմի և համարձակության:
Հիշենք. ինքներս մանկական բանաստեղծություններ ասմունքելով ենք սկսել շրջապատի ուշադրությունը գրավել, բարձր արտասանելով բանաստեղծական այն ճշմարտությունը, որ կրտսեր տարիքում համահունչ էր երազային մեր իրականությանը: Իսկ երբ մեծացանք, շատերիս ապրած օրերում հողմացրիվ եղավ երևակայության մոլորակը: Եվ եթե մենք ուժը չե՞նք գտնում նվաճելու այն տարածքը, որը մերն է ի սկզբանե…
Մշակութային տարածքը յուրաքանչյուրինս է, և՛ մուտքն է ազատ, և՛ ելքը. (ի լրումն) ապահովում է սեփական Ես-ի արտահայտություն:
Դպրոցական դասագրքե՞րը, նորամուտ բարքե՞րը, թե՞ գիր ու գրչության մասին աղավաղված պատկերացումներն են պատճառների պատճառը ընթերցանության պակասի, որ այսօր և իրատեսորեն նաև վաղը մեր սերունդների համար անդառնալի կլինի, երբ կորսվում է անկորնչելին:
Ժամանակակից մարդուն չի ոգևորում գրական հերոսը, որովհետև…
Այս ձևակերպմամբ հարցադրման պատասխանը որն էլ որ լինի, միևնույն է, համոզիչ չի հնչելու, որովհետև կյանքը ճանապարհ է դեպի իրականություն, և կերտողը մենք ենք` մեր հույզերի, տենչերի գերնպատակը ապրելու ձև ու բովանդակություն դարձնելով: Ուստի, գրականությունը ևս ճանապարհ է դեպի իրականություն և գրականության մեջ հերոս կերպարը մարդն է` Չարի ու Բարու խաչմերուկներում ըստ իր նկարագրի գոյատևելով:
Ժամանակակից կյանքը տեխնոլոգիաների դարն է: Համակարգչային հնարավորությունները գերակա են մեր կենցաղում:
Պատճառաբանություն է սոսկ. իսկ իրականում` մարդկայինը սերն է, հավատը բոլոր ժամանակներում, և նա, ով կոչված է բանաստեղծ լինելու:
Տիեզերական անսահմանության մեջ ամեն ինչ ճշգրիտ է, տեղին ու ժամանակին:
Ժողովուրդների պատմության մեջ բաց թողնված էջեր չեն լինում, որովհետև հուշամատյանն էլ թվագրվում է, որ չափելի լինի մարդկային կենսագրության ժամանակի և տարածության մեջ:
Բոլոր ժամանակներում ընթերցողը կենսունակ ապրող մարդն է, եթե շարունակականության մեջ չի նվաստանում ժամանակակից գրողի դերը, և չի աղարտվում առաքինի նրա կերպարը:
Գեղարվեստական գիրքը որպեսզի լինի մեր ներկայի մեջ բարձրագույն արժեք, ժամանակակից մարդը պիտի տեսնի, ճանաչի, գնահատի բանաստեղծների սերնդի կենդանի անհատին, քանզի մեր ապրած օրը ժամանակն է խոսքի արվեստի, առավել` պոեզիայի: Եվ յուրաքանչյուրը մեզանից իր շրջապատում կտեսնի այն մարդուն, ով թեև չի հասել բարձունքի, բայց հավատում է վերելքի գաղափարին: Եվ մենք կարող ենք նրան բարի ճանապարհի խոսք ասել, քանզի մեզնից յուրաքանչյուրը ապրող, կենդանի գրող է, բանաստեղծ իր շրջապատի համար, և մենք չենք կարող անտեղյակ և հեռու լինել, չանսալ օրվա կանչին ու չհասնել, ինչպես շարքային զինվորը օրվա ճակատամարտին:
Միշտ ժամանակն է քայլելու առաջ և ժամանակն է բանաստեղծության, քանզի բառն է արտասանվում: Խոսքը խորհուրդն ունի միտք ու գաղափարի: Եվ արտասանվում է, ինչպես Արարիչն ասաց` «ԼՈՒՅՍ ԼԻՆԻ»: Եվ եղավ. և կա խորհուրդը լույսի ցայսօր, ամեն օր:
Ո՞վ ենք մենք առանց աստվածային խոսքի, որ հաղորդակցում է` մարդկային հույզերի բառացի արտահայտություն, որն, անշուշտ, ձև է ու բովանդակություն:
ՁԵՎ. ահա մեր ժամանակակից կյանքի` շուկայական հարաբերությունների չափն ու կշռութը, որը եթե ճիշտ չափաբաժնով օգտագործենք, կնվաճենք տարածություն` անսկիզբ, անվերջ ժամանակի մեջ: Այս է եղել գրականության տեղը մշտապես: Սահմանագիծ չկա նշված: Կյանքը ճանապարհ է դեպի իրականություն ու միշտ առկա է իր ձևով ու բովանդակությամբ:
Միշտ գրականության ժամանակն է: