Նշանավոր էզոթերիկ փիլիսոփա, գրող, ճանապարհորդ Ելենա Ռերիխի այս գիրքը լույս է տեսել 1933 թ. և ընդգրկում է ժողովուրդների արդար ապրելու երազանքները, իրավունքը: Շեշտը դրված է Առաջնորդի այն իդեալական տեսակի վրա, որին ուղղորդում է Բարձրագույն Հիերարխը կամ Բարձրյալը: Իսկական Առաջնորդը, որ կանգնած է Հիերարխիայի բարձր սանդղակին, չպետք է շեղվի Նրա Օրենքներից:
Ստորև բերված են հատվածներ գրքից:
● Առաջնորդը կանգնած է գագաթում, որտեղից վայրէջք չկա: Հակադրությունների միջև սահման կարող է գտնել միայն ի ծնե Առաջնորդը: Այս գաղտնի սահմաններից են հյուսված հաղթանակի գորգերը: Ամեն օր, ամեն ժամ Առաջնորդի առջև բացվում է գաղտնիքների կծիկը: Ահա նրա առջև են մեծահոգությունն ու ամենաթողությունը: Իհարկե առաջինից ծնվում է երկրորդը, բայց նրանց միջև ընկած է Արդարության թուրը: Չէ՞ որ մեծահոգությունը Լույսից է, իսկ ամենաթողությունն արդեն՝ խավարից: Գագաթում դրանց միջև ընկած է Առաջնորդի Թուրը:
Շատերն են կարդացել, թե ինչպես էր Դավիթը դիմում Բարձրյալ Ուժերին: Նա վազում էր դեպի այդ Ակունքը, որպեսզի խուսափի սխալներից: Այսպիսի շատ օրինակներ կան տարբեր ազգերի մեջ: Բոլորն էլ գիտեն դրանց մասին: Նույնիսկ հարկ չկա հնագույն ժամանակների մեջ խորանալու, նորագույն իրադարձություններում նույնպես տեսանելի են Հաղորդվելու և Ծառայելու այդ նշանները: Սակայն գիտենք նաև, որ Մեծ Հաղորդության համար հարկավոր է մաքուր սիրտ ունենալ: Ոչ մի անմաքուր բան Հաղորդություն չի կարող ստանալ, այդ պատճառով էլ Առաջնորդի սիմվոլը պետք է լինի սրտի մաքրության նշանը: Ոչ միայն իր գործողություններում, այլ նաև մտքերում Առաջնորդը կրում է ժողովուրդների բարօրությունը, նա գիտի, որ իրեն հանձնարարված է բերել լեցուն բաժակը, նա ուղիները չի կորցնում դեգերումների մեջ, նա չի թափթփում իրեն վստահված բաժակի պարունակությունը: Այսպիսով Առաջնորդ հասկացությունը Ապագայի նշանն է:
● Առաջնորդը գիտի, որ ինքը հակադրված է խավարի ուժերին: Առաջնորդը գիտի, որ իր դեմ մղվող պայքարը դաժան է: Առաջնորդը գիտի, թե որքան նենգ են խավարի խորամանկությունները, սակայն նա երկու զենք ունի խավարի դեմ: Առաջինը՝ անձնական սթափությունն է և չափավորությունը կյանքում: Երկրորդը՝ Հաղորդությունն է Լույսի Ուժերի հետ՝ նրանց ողջ Անհաղթելիությամբ հանդերձ: Հանաք բան չէ խավարի բոլոր սարսափների հետ դեմ հանդիման կանգնելը, և ոչ էլ հնարավոր է երես թեքել դրանցից: Սակայն Առաջնորդն զգում է Ուղղորդող Ձեռքը, և ճակատամարտում հայտնվում է այդ Ձեռքի զգացողությունը, կամ էլ նրա մարմնի վրայով անցնում է Երանության զեփյուռը: Առաջնորդը բաց չի թողնի Երանության այս կարգի նշանները: Առաջնորդը պետք է օգնի ժողովրդին և մաքրագործի շփոթահարությունը: Կյանքի շփոթը նշանակալիորեն առաջանում է հասկացությունների շփոթից:
● Օգնելու ցանկությունը Առաջնորդի զարդն է: Որքան հնարավորություններ են տեղաբաշխվում այս ազնիվ ցանկությունից: Շատ ցանկություններ վերածնվում են կրքերից, սակայն օգնելու ցանկությունը հենց ինքնահրաժարման արմատն է:
● Աշխատանքային ուրախություն ունեցող ժողովուրդները իրավունք ունեն աշխատանքի արդար գնահատական սպասելու Առաջնորդից: Առաջնորդը պետք է հասկանա աշխատանքը՝ որպես հիմնական արժեք: Առաջնորդը պետք է ընդունի իրական վաստակի երևույթը, ինչպես մտավոր-ստեղծագործականը, այնպես էլ մկանայինը: Ուրախությունը պետք է աշխատանքի հետևանք լինի: Լուսավորչական տեսլարանների և հարցազրույցների տարաբնույթ լինելը ակներևորեն հանգստացնող կառավարում կլինի: Կարելի է հասկանալ, երբ աշխատանքային ուրախության ժողովուրդները չունեն պաշտոնաթող աշխատակիցներ: Միայն հիվանդությունը կամ զառամությունն են, որ հասարակական բովանդակություն են ստանում: Պաշտոնաթողության մասին խոսք անգամ չի կարող լինել, եթե ուժերը սպառված չեն, քանի որ աշխատանքը ուրախություն է: Հնարավոր չէ մարդկանց զրկել այն աշխատանքից, որ համապատասխանում են նրանց բնույթին: Սրա համար անհրաժեշտ է Կրթյալ գիտնականների խորհուրդ, որը, հեռու լինելով սնահավատությունից և նախապաշարումներից, կարող է դատել լուսավորյալ կերպով: Առաջնորդն է ընտրում այդ Խորհրդին, և թող նրա պատասխանատվության տակ լինի տգետների և խավար ուժերի բացառումը: Չի կարելի մտքով անգամ անցկացնել, որ աշխատանքը և համագործակցությունը հայտնվեն տգետների և շահամոլների ձեռքում: Աշխատանքը գիտակցության որակի չափորոշիչն է: Աշխատանքը պետք է գիտակցությունը տանի դեպի կատարելություն: Այդ դեպքում աշխատանքը կդառնա Վեհացման նշան և իր հետ ուրախություն և առողջություն կբերի: Այսպիսով Առաջնորդը նախ և առաջ հանդիսանում է աշխատանքի հովանավորը, և ինքն էլ կարողանում է ուրախանալ աշխատանքով:
● Իրավունքի հաստատման արագությունը բնակչությանը առույգություն կհաղորդի: Առաջնորդը պետք է պատասխանատվություն ստանձնի, որ արդարադատությունը անհապաղ առաջընթաց ապրի: Արդարադատությունը պետության ազնվության դրսևորումն է:
Աշխատանքային ուրախության երկիրը, աշխատանքի որակը բարձրացնելով, գուցե բնականորեն ընդգրկված է ապագայի մեջ: Առաջնորդի պարտականությունն է ժողովրդին ուղղորդել դեպի ապագան:
● Փողային ողորմությունը պետք է վերանա: Օգնությունը պետք է տրվի աշխատանքի կամ իրերի ձևով: Չպետք է լինեն գործազուրկներ, երբ ժողովուրդը քայլում է ոգու ճանապարհով:
● Կարևոր է հասկանալը, որ գիտության, արվեստի արգասիքները կրթություն են և ոչ թե զվարճալիք: Այսպես էլ հայհոյելու երևույթը պետք ավելի խիստ պատիժների արաժանանա:
● Իր օրինակով նա վառ կերպով վառում է լույսը և ստեղծում է ժողովրդի գիտակցությունը:
Առաջնորդի ձեռքերը չգիտեն, ինչ է հանգիստը: Առաջնորդի գլուխը պինդ պահում է գործերի ծանրությունը: Առաջնորդի բանականությունը ուսումնասիրում է որոշումների վճռական լինելը: Փորձի հզորությունը կոտրում է ուրիշի անկարողությունը: Վնաս կրելու սահմանին նոր հնարավորություններ է գտնում: Նահանջի սահմանագծին ամրություններ է կառուցում: Թշնամու աչքերի առջև ծածանում է Դրոշը: Հոգնածության օրը անվանում է հանգստի օր:
● Ազատության դիսցիպլինը առանձնացնում է Առաջնորդին:
Պետք է կարողանալ խրթին պլանը փոխարինել առավել հասարակով, և երբեք դրա հակառակը: Քանի որ հակառակորդները գործում են հասարակից դեպի բարդը պլանով:
● Վատն է այն Առաջնորդը, որ թաքցնում է վտանգը: Այն կարելի է հաղթահարել միմիայն լիարժեք տեղեկացվածությամբ:
Թանկարժեք բանաձև հորինողը չի կարող բաց պատուհանից գոռալ այդ մասին, քանի որ վնասը ավելի մեծ կլինի, քան օգուտը: Հենց այնպես, ինչպես փակ անոթը, ինչպես չթալանված լեռը, ինչպես լարված աղեղի նետը, այդպես էլ կանգնած պետք է լինի Առաջնորդը:
Ժողովրդական Առաջնորդը պետք է բոլոր նոր հորիզոնների գագաթնակետում լինի: Նոր Աշխարհը պետք է լավագույն սեյսմոգրաֆի զգայնություն ցուցաբերի:
● Առաջնորդը պետք է բարի գործերը հաստատի ժողովրդի գիտակցության մեջ: Նրա տնօրինության տակ պետք է գտնվեն բոլոր տեսակի բարի ու ազնիվ հաղորդագրությունների տարածման միջոցները: Առաջնորդի յուրաքանչյուր լռություն լի է չարությամբ, որը հետևում է բարու ամեն մի նահանջին։ Հոր պես է վերաբերվում Առաջնորդն իր ժողովրդի հետ: Այսպես կարելի է նորոգել աշխարհների համհնչյունությունը:
● Վախը անհամատեղելի է Առաջնորդ գաղափարի հետ: Վախի ցանկացած արտահայտություն արդեն իսկ Առաջնորդի նկատմամբ հարգանքի ոչնչացում է: Նա չի կարող ցրվածություն կամ թափթփվածություն դրսևորել: Նույնիսկ ոչ հիմար մարդկանց վախը ստիպում է շրջապատում ուժեղացնել պահակախումբը: Սակայն Առաջնորդը պահակախմբի կարիք չունի: Նա կարող է շրջապատված լինել աշխատակիցներով և օգնականներով: Վախի երևույթը շատ պետություններ է կործանել: Սարսափը ամենավարակիչ երևույթն է: Կարելի է պատկերացնել, թե ինչպես է Առաջնորդը վարակվում սարսափով։ Հնարավո՞ր է այդ դեպքում նրա հաղորդակցությունը Հիերարխիայի հետ: Ժողովուրդները շատ զգայուն են այն ամենի նկատմամբ, ինչում իրենք մեղավոր են, իհարկե, ամենից առաջ՝ վախի: Ժողովուրդները կարող են հարգել առնականությունը նույնիսկ ամենատարօրինակ ձևերի մեջ: Սակայն վախը և անվճռականությունը չեն ներվի, մանավանդ որ վախի ամեն մի արտահայտություն կտրում է արծաթյա թելը:
● Իսկապես, շքեղությունը պետք է լքի նոր կառույցը, առավել ևս, որ շքեղությունը չի համապատասխանում ո՛չ գեղեցկությանը և ո՛չ էլ իմացությանը: Սակայն շքեղության սահմանները որոշակի չեն և հնարավոր չէ որևէ օրենքով դրանք սահմանել: Առաջնորդն իր վրա պետք է վերցնի նաև այս ծանր պարտականությունը: Նա կարող է միանգամայն ոչնչացնել ամեն մի աղտեղություն, որ ուղեկից է շքեղությանը:
● Յուրաքանչյուր գյուտարար և գիտնական պետք է զգա, որ իր հայտնագործությունները պաշտպանված են պետության կողմից: Գիտնականը չպետք է ուժերը ծախսի իր գյուտը պաշտպանելու վրա։ Պետությունն ինքը պետք է իր վրա վերցնի օգտակար հայտնագործությունների ոչ միայն պահպանության, այլև լայն կիրառության գործը: Ինքը՝ գյուտարարը պետք պարգևատրվի պետության կողմից և դրվի բարենպաստ պայմանների մեջ, որ կարողանա շարունակել ու բարելավել աշխատանքները: Չի կարելի, որ ստեղծագործ ուժերը ձևական բթության կողմից դժվարություններ կրեն: Ինքը՝ Առաջնորդը պետք է իմանա, թե ուր են ուղղված ժողովրդի ստեղծագործ ուժերը: Այսպես, կյանքը լավացնող աշխատանքային միավորը պետք է ըստ արժանվույն գնահատվի:
● Առաջնորդը շատ փորձություններից հետո է հավաքագրում աշխատակիցներին: Նախ և առաջ նա փորձարկվողին առաջարկում է որևէ իրավիճակ նկարագրել: Եթե տեղեկատվությունն սկսվում է ժխտումով, ուրեմն աշխատակիցը պիտանի չէ, քանի որ յուրաքանչյուր հայտնություն ինչ-որ օգտակար բան է պարունակում: Սակայն կա յուրահատուկ աչք, որը նկատում է ամեն մի օգտակար հատիկ: Պետք է ընտրել այսպիսի հեռատես աշխատակիցների: Առաջնորդը չպետք է ընկղմվի ժխտման գայթակղության մեջ:
● Այսպես էլ Առաջնորդը հոգածություն պետք է ունենա ծառայակիցներին ողջամտորեն տեղակայելու կամ նույն տեղում պահելու՝ ըստ նրանց օգտակարության: Հնարավոր չէ պայմանական ժամկետներ սահմանել: Ամեն ինչ պետք է կախված լինի ողջամտությունից:
Առաջնորդն իր առջև միշտ պետք է վերջնական նպատակ ունենա: Բազում նախաձեռնություններ չեն իրագործվել միայն գլխավոր նպատակը կորցնելու պատճառով: Կենցաղը ջնջել է Աստծո կողմից տրվածը, և մարդկային խնդիրները բազմապատկվել են՝ ոչնչացնելով տիեզերական չափերը:
● Մրցակցությունը բարդ հասկացություններից մեկն է: Այնտեղ, որտեղ կա վայրի, սանձարձակ գիտակցություն, մրցակցությունը տանում է դեպի փոխադարձ ոչնչացում: Նախանձը բույն է դնում մրցակցության կողքին: Այն տանում է ամենալուրջ հանցագործությունների: Համագործակցությունը պետք է հավասարակշռի անհասկանալի մրցակցությունը: Այս պատճառով, որտեղ հնարավոր է պետք է «մրցակցություն» հասկացությունը փոխարինել «ինքնակատարելագործումով»:
● Կարելի է տեսնել, թե մարդիկ այժմ որքան զայրույթով են արտահայտվում Առաջնորդ հասկացության դեմ և միևնույն ժամանակ սրտատրոփ սպասում են նրան: Հենց բողոքարկուներն են, որ առաջինն են Առաջնորդի ետևից գնում: Փսփսում են անհամաձայնության մասին, բայց բավականին ճշգրիտ կատարում են Հրահանգը: Ոչ թե միայն ստրկամիտ բնույթով է, որ նրանք ընդունում են Հիերարխիան, այլ՝ իրենց սրտի աշխատանքով: Սա ցույց է տալիս, որ վտանգի պահին պետք է հավասարակշռություն պահպանել ուժեղ իշխանության կողքին: Այնպես որ, Առաջնորդը թող չտարակուսի ուրվականների այս ձայներից:
● Առաջնորդն ինքը կարող է ժողովրդի գիտակցությունը մոտեցնել ամենաբարձր չափանիշներին: Առաջնորդից է կախված ամբողջ երկրի բնույթը։ Նա երկրի հնարավորությունների արտահայտիչն է: Ժողովուրդը կհարգի միայն երկրի ճշմարիտ գանձերի արտահայտչին: Թող Առաջնորդն զգա, թե որտեղ են գանձերը, և թող հասկանա, թե որտեղ են ամենաթշնամական հարձակումները: Օր չկա, որ մութ ուժերը չփորձեն ավերներ պատճառել: Սակայն ամեն մեկն էլ կարող է տարբերել, թե որտեղ է նորարարությունը և որտեղ է ավերը:
● Պետք է հետևել, թե ինչպես ամբողջ երկրներ կարող են տատանվել միայն մի սխալ պատկերացման հետևանքով: Հնարավոր չէ արդարացում գտնել, թե ինչ-որ մեկը ինչ-որ բանից տեղյակ չէր: Սովորաբար կարելի է ապացույցներ գտնել, որ այդպիսի իմացությունը թակել է բոլոր դռները, փռված է եղել բոլոր սեղաններին և հիշվել է բազում անգամներ: Արդարացի չէ մտքով խորանալու անուշադրության ու ցանկության բացակայության հանդեպ ներողամտությունը: Նոր ճնշումները միայն Առաջնորդի անհամոզիչ վարքի արդյունք են: Հաճախ ժողովուրդը չի հասկանում, բայց սրտի խորքում զգում է, որ ինչ-որ անարդարացի բան է կատարվում: Առաջնորդը պետք է ամենից շատ պաշտպանվի անհամոզչության աճից:
● Պետք է ամեն ինչում նոր հնարներ գործի դնել: Կարելի է տեսնել, թե ինչպես են Աշխարհի իրադարձությունները կռում նոր թրերով: Պետք է ուսումնասիրել միջազգային իրավունքը, որպեսզի չընկնենք հին մեթոդների դաշտը: Դուք տեսնում եք, թե ինչպես են ընթանում իրադարձությունները Գերմանիայում, Իտալիայում և Թուրքիայում: Չէ՞ որ սա նախատեսված չէ միջազգային իրավունքով: Կարելի է ասել, որ աշխարհի ճանապարհը դուրս է հին իրավունքից: Մենք ոչ թե իրավունք ենք փնտրում, այլ՝ արդարացիություն:
● Հազար ամոթ այն երկրին, որտեղ Ուսուցիչները ապրում են աղքատության ու կարիքի մեջ: Ամոթ նրանց, որոնց երեխաներին դաստիարակում է աղքատ մարդը: Ոչ միայն ամոթ է ժողովրդի համար, որ հոգ չի տանում իր ապագա սերնդի Ուսուցիչների մասին, այլև տգիտության նշան է: Կարելի՞ է երեխաներին վստահել աշխարհից հիասթափված մարդուն: Կարելի՞ է մոռանալ, թե ինչ ճառագայթում է տարածում վիշտը: Կարելի՞ է չիմանալ, որ ճնշված ոգին չի կարող հիացմունք առաջացնել: Կարելի՞ է արդյոք Ուսուցչությունը չնչին մասնագիտություն համարել: Կարելի՞ է երեխաներից լուսավորվածություն պահանջել, եթե դպրոցը նվաստացումների ու վիրավորանքների վայր է: Կարելի՞ է սրտի հուր սպասել, երբ ոգին լուռ է: Եվ այսպես ասում և կրկնում եմ, որ եթե ժողովուրդը մոռացել է իր Ուսուցչին, մոռացել է իր ապագան: Մի ժամ անգամ չկորցնենք՝ ուղղելու համար մեր միտքը դեպի ապագայի ուրախությունը: Հոգանք, որ Ուսուցիչը երկրի դրվածքի համար լինի ամենաթանկ դեմքը: Գալիս է ժամանակը, երբ ոգին պետք է կրթված լինի և ուրախ լինի իսկական իմացությամբ:
● Իմաստուն Առաջնորդը նախ կլսի իմաստուն խորհուրդ և նոր միայն կասի իր կարծիքը: Նա կլսի ոչ միայն մտքի իմաստը հասկանալու, այլ նաև զրուցակցի լեզուն հասկանալու համար: Վերջին պայմանը անկարևոր չէ: Մեծ չէ հաղթանակը, երբ օրենսդիրը միայն ինքն է հասկանում իր օրենքները: Անհրաժեշտ է, որ Կեցության Օրենքները հնչեն նրա յուրաքանչյուր հասկացության մեջ:
● Մի տիրակալ պետական խորհրդակցությունից հետո վերցնում է կավե սափորը ու բոլորի աչքի առաջ ջարդուփշուր անում: Երբ նրան հարցրին, թե դա ինչ էր նշանակում, նա պատասխանում է. «Հիշեցնում եմ անդառնալիության մասին»: Երբ ջարդում ենք ամենահասարակ մի իր, մենք այնուամենայնիվ հասկանում ենք, որ այն վերականգնել հնարվոր չէ: Բայց որքան ավելի անհնար է ուղղել մտքի գործողությունները: Մենք սովոր ենք մեզ կոպիտ հասկացություններով շրջապատել, և դրանք դուրս են մղել բոլոր բարձր պատկերացումները: Եթե տիրակալները հաճախ հիշեցնեին մտավոր վճիռների անուղղելիության մասին, նրանք բազում դժբախտություններ կանխած կլինեին:
Ղեկավարը կենդանի օրինակ է: Նա դեպի բոլոր աշխարհները տանող ճամփաներ գցողն է: Նա տալիս է բարօրության հիմքը:
Պատրաստեց
Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ