ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ին ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ  59 ՏԱՐԵԿԱՆ

Լևոն Խեչոյան-1
Ինքս էլ չգիտեմ` ի՞նչ է գրականությունը: Երբ նրա վերաբերյալ կարճ, ավարտուն ձևակերպմամբ նման հարց են տվել, միշտ զայրույթ է առաջացրել: Իսկ ի՞նչ է մարդկային ԴՆԹ-ի միայն մեկ մոլեկուլում հարյուր միլիարդ ատոմ պարունակվելը, ի՞նչ է պատերազմը, իսկ ի՞նչ են աստղերը կամ աստղը, որ արդեն հանգել է նախաստեղծ աշխարհարարման օրերին, բայց հազարավոր տարիներ առաջ ճանապարհ ընկած նրա լույսն այսօր է մեզ հասնում, քանի՞ սերունդներ են այդ ընթացքում եկել-գնացել, քանի՞ քաղաքակրթություններ են կործանվել, քանի՞սն են ծաղկել: Խավար գիշերներին բաց օվկիանոսներում հայտնված քանի՞ նավավարներ են այդ պատրանքային աստղով կողմնորոշվելով` մարդկության լավագույն գանձերով լցված թանկագին նավերը ափ հասցրել, նրանցից քանի՞սն են իրականում չեղած աստղի խաբկանքին հավատալով՝ ճանապարհ ընկել, բախվելով խութերին` խորտակվել:
Իսկ ի՞նչ է` սկզբից էր Բանը և Բանը Աստծո մոտ էր… Ծագում և ավարտ չունեցող առեղծվածային նախադասությունը: Գուցե Բանը որպես Հավիտենությունը ճանաչելու իղձ է դրվել գրողի սրտի մեջ, որ ողջ կյանքի ընթացքում ընկնել-ելնելով` բոլոր շրջադարձերին, ջրհորների մոտ մոգական այդ միակ խոսքն է փնտրում, որը զորություն պիտի ունենար` ազդելու իրականության վրա, մեղմելու աշխարհից` մարդուն հեղեղող, հալումաշ անող վախերը, մահվան հետ դեմառդեմ միայնակ մնալու սարսափը, մինչև դրախտի դռները հասնելը ամայի ճանապարհներին ուղեկցող ոչ մի հրեշտակի չհանդիպելու զարհուրանքը: Այդ խոսքին հանդիպելու նպատակով է գրիչ վերցրած օրվանից նա դերվիշի նման թափառումների ելնում` մի ոտքը Ադամի արարման կավին է լինում, մյուսը` երկնքում, որտեղ Բանից ծագող սկիզբն է:

(Հատված Լևոն Խեչոյանի
«Գրողը հանուն հայրենիքի շինարարության, բռնության դեմ խոսելով` հանուն ապագայի պիտի խոսի» հարցազրույցից)

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։