Դիտանկյուն. Կարինե Խոդիկյան

Թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս անց, երբ դեռ, ինչպես ընդունված էր ասել, «համընդհանուր էյֆորիա» էր տիրում, գրեցի «Անցնել կրակի, ջրի, պղնձյա փողերի միջով…» խմբագրականը (2018 թ., թիվ 36): Գրեցի, ու եղան մարդիկ, ովքեր զարմացան. «Չէ՞ որ հեղափոխությունը անվերապահ ընդունողներից ես, քո «էյֆորիան» կարծես անցնո՞ւմ է…»: Հիշեցնեմ հոդվածիս մեկ հատվածը. «…Իսկ ասելիքս հստակ է՝ չկրկնենք անցյալի սխալները: Ղարաբաղյան շարժման հզոր ալիքի վրա իշխանության բերեցինք ՀՀՇ-ին ու հավատացած էինք, որ երկրին տեր ենք ընտրել: Ու մեր աչքի առաջ նրանցից շատերը, որ պայքարի մեջ խիզախ էին ու ազնիվ, շատ արագ փոխվեցին, այլ կերպ ասած՝ պարտվեցին պղնձյա փողերին… Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք: Եվ հատկապես նրանք, ովքեր վարչապետի թիմն են, համախոհները: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ թիմը առայժմ և հիմնականում Փաշինյանի անձնական խարիզմայով է գործում: Եվ նրանցից գոնե մեկի սխալ քայլը, թերացումը, իշխանական լծակները անձնական բարեկեցության համար օգտագործելը ոչ միայն թիկունքից հարված է իրենց ղեկավարին, այլև մեր բոլորի հեղափոխությանը»: Այս հատվածն էր նրանց հանգեցրել նման եզրահանգման: Իսկ նրանք, ովքեր ինձ պես լավ էին հիշում անցյալը, ասում էին, որ իրենք էլ ունեն նույն տագնապն ու զգուշավորությունը:
Նոյեմբերից հետո շատ ժամանակ չի անցել, այս ընթացքում մեկ ոգևորվել եմ, երբեմն էլ՝ տագնապել: Երկու դեպքում էլ աշխատել եմ չկորցնել մտքիս սթափությունը,- միայն այդպես կարող եմ լինել անկողմնակալ ու պաշտպան ապրիլ-մայիսյան օրերին:
Եվ ամեն անգամ կարդալով այդ օրերին պայքարող և այդ օրերը այսօ՛ր պաշտպանող մարդկանց՝ իշխանության ղեկին հայտնվածներին ուղղված քննադատական խոսքը կամ հոդվածը, ուրախանում եմ, որ մեր «Թավշյան» հուսալի ձեռքերում է: Եվ ամեն անգամ կարդալով երեկ՝ իշխանություն – այսօր՝ ընդդիմություն ներկայացնողների՝ իշխանության ղեկին հայտնվածներին ուղղված բացահայտում-մեղադրանքները, ինձ ավելի վստահ եմ զգում, որովհետև նրանց քննադատական խոսքը նաև պիտի պաշտպանի մեր «Թավշյային» հնարավոր սխալներից ու թերացումներից: Որովհետև ժողովրդական վստահությամբ ընտրված իշխանության միակ լուրջ թշնամին «պղնձյա փողերն են»:
Իսկ թե ինչու հիշեցի ամիսներ առաջ գրված հոդվածս… Ազգս բան ու գործ թողած՝ նստել-հաշվում է կրտսեր Մաշադյանի տարիքը, ուսման, բանակում ծառայության, հրաշք կարիերայի վրա ծախսած տարիներն ու… դանդաղ հոգեխանգարվում, հատկապես երբ հիշում է նաև մի երկու տարում նրա «վաստակած» միլիոնների մասին:
Հեղափոխություն տեսածներս նման հրաշքների չենք հավատում: Բայց գիտենք, որ դժվարությամբ ձեռք բերած հաղթանակը հեշտությամբ մսխել թույլ չենք տա:
Հ.Գ. Հուսամ՝ այս հոդվածս նորից հիշելու կարիք չեմ ունենա…
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
18.02.2019թ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։