Կորոնավիրուսային ազնվություն
Սահմանային իրավիճակները սրում են մարդու տեսանելի ու թաքնված հատկանիշները` լավ ու վատ, վեհ կամ քստմնելի: Մեկ ամիս առաջ էր` ընկերուհիս, որ խոշոր գործարարներից մեկի մամուլի խոսնակն է, զանգեց ու խնդրեց շտապ տարեց, միայնակ գրողների ցուցակ կազմել և ուղարկել: Ես իմ հերթին զանգեցի ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին (նրանից ավելի տեղեկացվածը` չի՛ք), ցուցակն ուղարկվեց: Ի՛նչ մեղքս թաքցնեմ, սկսեցի շատ ուշադիր հետևել լրահոսին` օգնության մասին ի՞նչ և ինչպե՞ս կասվի: Քար լռություն: Ոչ մի ակնարկ: Զանգեցի ընկերուհուս, ստացա նրա զարմացած պատասխանը. «Բայց ե՞րբ ենք այդ մասին ասել որ»… հետո չդիմացավ ու ինձ տեղեկացրեց, թե այս օրերին քանի՛ ընտանիք ու քանի՛ անգամ է օգնություն ստացել: Առանց տեսախցիկների սարքած-սովոր աղմուկի…
Դե, հիմա դառնամ ու գովքն անեմ այն ազնիվ ու գիտակից քաղաքացու, որը բանկում 20 միլիոն դրամ է պահ տվել ու կոմունալները վճարելու համար 26500 դրամի «հույսին» է: Ոչ միայն հույսին է, այլև ստացել է ու հանգիստ խղճով կատարել իր վճարումը: Իլֆ-Պետրովյան մերօրյա երկնագույն գողն էլ ինչպե՞ս է լինում…
Ապօրինի կուտակած հարստության ազնվություն
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը` այդպիսով վավերացնելով Կառավարության հիմնավորումը` հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և այդ համատեքստում հանցավոր գործունեության արդյունքում ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու անհրաժեշտությունը:
Եվ սկսվե՜ց… ավելի ճիշտ` շարունակվեց կենաց-մահու (իմա` թալանվածը պաշտպանելու) կռիվ-պայքարը, որտեղ վերջնականապես ընկել են դիմակները, այլևս անթաքույց են հնչում սպառնալիքն ու վրեժխնդրության կոչերը, մշակվում ու հապշտապ իրականացվում են սադրանքի «օպերացիաներ», ոմանք հրակնատին են նետվում` որպես զոհ, մյուսները` զոհաբերվող մարտիկ, ու բոլորը, անխտի՛ր, փորձում են համոզել (իրենցից բացի` թե ո՞ւմ), որ դղյակներն ու թանկարժեք մեքենաները, միլիոններն ու միլիարդները ձեռք են բերել ամենօրյա չարքաշ ու ազնվագույն աշխատանքով… Ազնվության շքահանդե՜ս, ափսոս միայն, որ լսարանը, ում ուղղված են այս աղիողորմ ճիչերը, փայլուն հիշողություն ունի ու սթափ միտք:
Թեև… չարքաշ աշխատանքի ազնիվ աշխատավորները կարող են թեթևացած շունչ քաշել` օրենքից այնպիսի՛ թավիշ է բուրում, որ մեկ էլ տեսար` կարողացան, չարդարանալով անգամ, վայելել իրենց ապօրինին, միայն թե Քովիդն ավարտվի, ու բացվեն դռներն օֆշորի:
Սա էլ իր տեսակի մեջ ազնվության դրսևորում է` ի դեմս թավշե օրինաստեղծների…
Ծեծկռտուքային ազնվություն
Այն, ինչին ականատես եղանք մայիսի 8-ին` բոլորիս համար նվիրական օրն ԱԺ-ում, իրոք ամենամեծ պարտությունն էր հեղափոխությունից հետո (Ն. Փ.): Վերջին ծեծկռտուքը տեսել եմ անգլիական պառլամենտում` Բրեքսիտի հարցն էր վճռվում: Ով ինչպես` ես լիովին արդարացրի սկզբունքի համար իրար քաշքշող հարգարժան լորդերին, ինչը, ցավոք, չեմ կարող ասել մեր պառլամենտականների մասին: Բայց արագ անցնելով դեպքերի դիպաշարից` ինձ թույլ տամ կանխագուշակում անել: Առավել հնարավոր հանգուցալուծումը` հաշտություն, «ազիզ ախպոր» կարգավիճակի վերականգնում ու գուցե նույնիսկ «մի կտոր հաց ուտելու»` արդեն կայացած ավանդակարգ: Որովհետև մի կողմը, ախր, շա՜տ թավիշ հանդուրժող է, իսկ մյուսը իր նպատակին հասնելու` ամեն ինչի՛ն պատրաստ:
Սա այն դեպքն է, երբ կուզենայի սխալված լինել: