Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ԴԻՄԱԿԸ ՀԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

 

(մոնոլոգ` ինքնամեկուսացման խոհերով)

– Դու քո ճաղատանալը կտեսնես, բայց ճերմակելդ չես տեսնի,- ասում է վարսավիրս` Լևոնը: Նա խնայում է ինձ, իբր չի նկատել, որ արդեն հատուկենտ սպիտակ մազեր ունեմ:
Լևոնը շարքային վարսավիր չէ, արվեստագետ է: Չէ՛, ոչ թե արվեստագետ-վարսավիր է, այլ արվեստագետ է, նաև` վարսավիր: «Հորովել» երգի-պարի համույթի լավագույն մենապարողներից էր, երկար ժամանակ` պարարվեստի դպրոցի տնօրեն:
Լևոնն էլ իր ընկեր-վարսավիրների հետ արհեստանոցը փակեց, տանը նստել, մեկուսացել, ձանձրանում է: Ես էլ տնից դուրս չեմ գալիս, բայց չեմ ձանձրանում: Գրում եմ, թե հոգնեցի կամ ներշնչանքը թուլանում է, կարդում եմ: Լևոնն ի՞նչ անի, ամբողջ օրը պարի՞… Ես նրան ամեն օր հիշում եմ, քանի որ առնվազն քսան վայրկյան օճառով ձեռքերս լվանալուց հետո հայելու առջև սանրվում եմ ու երազում այն օրը, երբ վարսավիրանոց եմ գնալու:
Օրը մեկ անգամ գնում եմ «Հայաստան» առողջարանի գետափնյա այգում զբոսնելու, շնչում գարնան բույրը: Այդտեղ Ժորիկը, առողջարանի տնօրենից թաքուն, այծեր է արածացնում: Ասում է` սուրբ կենդանիներ են, նախկինում հայերս այծ ենք պաշտել: Սոցիալական հեռավորություն պահպանելով` ինձ հարցնում է. «Այտա, էս երկրի վիճակը ո՞նց ա ըլնելո՜ւ…»: Ասում եմ. «Ժորիկ, էդ հարցը տվել են ճապոնական համակարգչին, պատասխանը չի գտել, լարվածությունից պայթել է»: Ասում է. «Մեր մտավորականնին որ դուք ըլնեք, երկրի վիճակն էլ է՛ս պիտի լինի, էլի՜…»,- ու գնում է իր այծերի ետևից: Բայց… ի՞նչ էի ասում: Հա՛, Լևոնը:
Վարսավիրանոցում, հայելու առջև, իմ քունը տանում է: Քիչ է մնում` Լևոնին ասեմ` ախպոր պես, ա՛ռ փողդ ու թող, որ մի երկու այցելուի ժամանակի չափ քնեմ: Բայց դա վիրավորական կլինի Լևոնի համար, փողը չի վերցնի, կասի` քնիր, բայց, ախր, արվեստագետ Լևոնը հենց փողի համար է վարսավիր դարձել, տուն է պահում… Լևոնը գլխիս վրա մկրատը շխկշխկացնում է ու գաղտնիք ասելու պես` կիսաձայն, հայտնում իր կարծիքը.
– Փչացրել են,- ասում է,- ժողովրդական պարը խորությամբ հասկացող արտիստներ, բալետմայստերներ քիչ ունենք:
Ես նրա հետ համաձայն չեմ, դրա համար էլ լռում եմ, չեմ արձագանքում: Արձագանքեմ, հակաճառելու է, սկսելու է Արիստոտելից մինչև Գոգոլ ու Խանամիրյան հիշել, թե ո՛վ ի՛նչ է ասել ժողովրդական պարի մասին, ու վերջում, Արիստոտելից, Գոգոլից ու Խանամիրյանից պարտված, դուրս եմ գալու: Ուրիշ բան, եթե բանավեճի կլոր սեղան լինի` կասեմ: Կասեմ, որ ամեն նոր ժամանակ իր ոճային ու իմաստային ճաշակն է թելադրում: Նոր սերունդը չգիտի էլ, որ տասնամյակներ առաջ իր տատուպապերը խանդավառ երգում էին` «Մոսկովի յան թռչող երամ-կռունկներ, հայր Ստալինին շատ բարև էրեք…»: Սա, իհարկե, պարզունակ երգ է, բայց խոստովանենք, որ մոռացված հների մեջ էլ տաղանդավոր գործերը քիչ չեն:
– Նոր ղեկավարներն էլ են մշակույթի նկատմամբ անտարբեր,- ասում է Լևոնը,- չեն գնահատում: Այնինչ մեր մեծերից շատ քչերն են մնացել, գոնե նրանց տեր կանգնեն…
Էդ մեկը ճիշտ է ասում: Տաղանդ գնահատելն էլ տաղանդ է: Ժամանակին Աղասի Խանջյանից սկսած, Անտոն Քոչինյանով, Կարեն Դեմիրճյանով վերջացրած` մշակույթին ու արվեստագետին տիրություն են արել: Իմացել են, գիտակցել, որ դա ազգի համար է, կոնկրետ անձանց համար չէ: Բայց հիմա՞… Ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Փարավոն Միրզոյանի ստեղծագործություններից մեկով Բելառուսում նամականիշ են տպագրել, իսկ մերոնք` ուղտի ականջում քնա՜ծ, անտեղյա՜կ, դի՜նջ: Անունը լսում են` ՓԱՐԱՎՈ՛Ն, և կարծում են, թե Թութանհամոնի անբավ հարստության տերն է: Էլ չգիտեն, որ սրանից-նրանից փող էր հայթայթում` իր 70-ամյակի առթիվ մի ալբոմ տպագրելու համար: Կամ մեր գրողների հալը տեսեք, դռնեդուռ ընկած` հովանավոր են փնտրում, որ 300 օրինակ գիրք տպագրեն… Էդ «դռնեդուռը» լավ միտք էր, չվերցնե՞մ, կեղծամ, բեղ-մորուք դնեմ ու սկսեմ դռները թակել, թե` Covid-ից փրկվելու համար մատաղի փող եմ հավաքում: Ա՛յ մարդ, բա գիրքը, նկարը մի ոչխարի չափ էլ չկա՞ն: Ոչխարին կերակրում են, հսկում, որ գայլը չհոշոտի, իսկ արվեստագետին մատաղ են անում, աննպատակ մատաղ… Սատանան ասում է` ինադ արա, ո՛չ գրի, ո՛չ նկարի, ո՛չ երաժշտություն հորինի, ասա` գնացե՛ք, «Մոսկովի յան թռչող երամ-կռունկներ» երգեք… Է՜հ, ծերանում եմ, սկսել եմ փնթփնթալ: Ա՛յ տնաշեն, լավ բաներն էլ նկատի, էլի՜… Հրե՛ն, Արա Խզմալյանը, փոխնախարար հալով, քո ասած` դռնեդուռն էր ընկել, մշակույթի, արվեստի տարեցներին օգնություն էր բաժանում, քեզ էլ հասցրին… Խոսում եմ, էլի՛: Խոսում եմ, որովհետև ստեղծագործողի համար նույնքան մտահոգիչ են թե՛ ժողովրդի հոգսը, թե՛ ծանր բեռ ուսած իշխանության շնչառությունը, թե՛ նախկինների վրիժառական տրամադրությունները և թե՛ հաղթողների այն թավիշը, որը գնալով շուշաթուղթ է դառնում: Այլ բան է, ժամանակ անց, երբ այս բոլոր իրադարձությունները, դեմքերն ու դեպքերը, նրա մտքում ու հոգում խմորվելով, գեղարվեստական նյութի թեմա կդառնան, ահա այն ժամանակ նա կկերտի իր բացասական ու դրական հերոսներին: Իսկ մինչ այդ` արվեստի, գրականության մարդը սանիտար է, բարոյականությունն ու ազգային արժեքները վարակից պաշտպանող սանիտար, և այդ դիրքերից է խոսում` չմոռանալով իր հիմնական կոչումը: Ահավասիկ, մեկուսացման օրերին բազմաթիվ արվեստագետներ, գեղարվեստական խմբեր լծվեցին ժողովրդի հոգեբանական լարվածությունը մեղմացնելու գործին` առցանց համերգներով, ներկայացումներով, գեղանկարների ցուցադրման շարքով, թեմատիկ զրույցներով, առակներ պատմելով, նույնիսկ բեմադրության առցանց պրեմիերա տեղի ունեցավ, և բեմադրական նոր ձևաչափի` օնլայն թատրոն ստեղծվեց: Նրանք հավատարիմ մնացին իրենց կոչմանը, ազնվորեն, անձնվիրաբար կատարեցին իրենց պարտքը: Սակայն թե՛ մեկուսացման օրերին և թե՛ ընդհանրապես` ժողովուրդը, առաջին հերթին, ի՛ր իշխանավորներից է ազնիվ անձնվիրություն պահանջում, որպեսզի իշխանությունների «օրկեստրում» ոչ մի «ֆալշ նոտա» չհնչի, յուրաքանչյուրը կատարի «ի՛ր պարտիան»` անկախ այն բանից` ընդդիմադի՞ր է նրա ձեռքի «երաժշտական գործիքը», թե՞ դիմադիր:
Կան, իհարկե, նվիրյալներ, գիտակից պաշտոնյաներ էլ կան, բայց որ Վարչապետի թիմում կան անձինք, ովքեր ձեռնահաս չլինելով` անողոքաբար մսխում են ղեկավարի բարոյական ու քաղաքական ռեսուրսը, դա էլ է ճշմարտություն:
Մեծ հաշվով, հարցը սոսկ սոցիալական դժվարությունները չեն: Կարևորն ու անհանգստացնողն այն է, որ մեր մթնոլորտում Covid-ից էլ վտանգավոր բացիլ կա, որը քայքայում, սպառում է ժողովրդի հանդուրժողականությունը: Ահա ա՛յդ բացիլակրին է պետք թեստավորել: Նա է՛ն գլխից դիմակավորված է, բայց ոչ թե չվարակվելու, այլ իր դեմքը թաքցնելու նպատակով, որ չիմանանք, թե ո՞վ է, որտե՞ղ է աներևույթ այն աճպարարը, որ ժողովրդի ու նրա ազգային մշակույթի զարգացման, հզորացման տեսլականի մեջ կեղծ ու քայքայիչ պատվաստանյութ է ներարկում:
Covid-ն էլ կանցնի, բայց մեր գերխնդիրները դեռ մնալու են:
– Ավելի դժվար է լինելու,- հոգոցով ասում է Ժորիկը,- աշխարհը թույլերին չի սիրում: Դրա համար էլ գիշատիչ է ստեղծել, որ թույլ ու հիվանդին ոչնչացնի: Ուրեմն` հզորանալ է պետք: Հզորանալու համար` միասնություն է պետք, իսկ դրա համար` կամք ու տրամաբանություն: Բա ինչո՞ւ են ասում. Աստված ում ուզում է պատժել` խելքն առնում է:
Քայլերս ուղղում եմ վարսավիրանոց: Սահմանափակումները մեղմացվել են, Լևոնն արդեն աշխատում է: Աչքալուսանքի պես բարևում եմ բոլոր վարպետներին:
– Էս դիմակնե՞րը երբ ենք հանելու,- սավանը կրծքիս գցելով` հարցնում է Լևոնը:
– Այդ պահանջը վաղուց հասունացել է,- պատասխանում եմ ես ու ճիգ եմ գործադրում, որ չքնեմ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։