ԳՈՆԵ ԼՈՒՌ ՄՆԱՑԵՔ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

 

Եթե չեք կարող որևէ բարի բան ասել, ձեր աչքի առջև
ունեցեք դիրք պահող մեր զինվորներին ու լուռ մնացեք:
Բագրատ Սրբազան Գալստանյան

Մենք՝ Հայաստան երկիրն ու մեզանից ամեն մեկը, պատերազմի մեջ ենք: Այդ պատերազմն սկսվեց հեռավոր 88-ի փետրվարին՝ էկոլոգիական պայքարի այնքա՛ն խաղաղ կոչերով, Ազատության հրապարակում վերածվեց Միացումի և դիրքում ընկած առաջին Զինվորից մինչ այսօր շարունակվում է, երբ անգամ օրերով արշալույսները խաղաղ են Հայաստան-Արցախ սահմանով մեկ: Բայց պատերազմ է, որը կարող է մի օր կեղծ ընդարմացումից արթնանալ և մի Ուազով բորբոքել անթեղված կրակը: Հիմա, երբ գրում եմ այս տողերը, ադրբեջանական սադրանքին ի պատասխան՝ հայկական զինված ուժերը ոչ միայն մարդկային զոհեր են «փոխանցել» հակառակորդին, ոչ միայն նոր՝ ռազմավարական կարևոր նշանակության դիրքեր են գրավել, այլև սկսել են կահավորել զբաղեցրած դիրքերը: Բայց հնարավոր է, որ վաղը կամ երբևէ իրավիճակ փոխվի, մենք էլ կորուստ ունենանք… Որովհետև պատերազմ է, և այդ պատերազմին՝ ցանկացած փոփոխական իրավիճակի դեպքում, Հայաստան երկիրն ու մեզանից ամեն մեկը ԹԻԿՈՒՆՔ պիտի լինի: Մեր անկախության, պետականության, խաղաղ օրվա պաշտպանին՝ հարազատ բանակին պիտի թիկունք լինի գործով, արարքով, խոսքով…
Մոտ մեկ ամիս առաջ այս սյունակում գրել էի, որ ստիպված ենք միաժամանակ պայքարել հարևան թշնամու, համամոլորակային վարակի ու ներքին… (այն ժամանակ չկարողացա գրել «թշնամի»՝ դիվանագիտորեն շրջանցելով այդ պահը): Հունիսին համավարակն էր առաջին ճակատում հայտնվել, երեկ ու այսօր՝ Ադրբեջանը, իսկ ներքին… հիմա, կարծում եմ, կարող եմ ասել՝ թշնամին ո՛չ իր տեսքն է փոխել, ո՛չ բառամթերքը, ո՛չ էլ գործելակերպը: Հարձակման համար ամենահարմար պահը Ալիևին հեռահար հուշելուց մինչև վարչապետի որդու՝ բանակից վերադառնալը ադրբեջանական սադրանքի հետ անմիջականորեն կապելը… իսկ այս երկու բարբաջանքի միջակայքում՝ ամենանսեմ բառակույտ, անամոթ ստեր ու ազերիական սադրանքներից առավել ստոր սադրանքներ…
Եթե նկատել եք, ես շատ զգույշ եմ ԲԱՌԻ հետ՝ նրա գինն էլ գիտեմ, ծանրությունն էլ, և հազվադեպ եմ ինձ թույլ տալիս նման բնորոշումների «շռայլություն»: Բայց գալիս է մի պահ, երբ գրողի, հրապարակախոսի՝ Բառի ու Խոսքի նկատմամբ ակնածանքը իր տեղն է զիջում սովորական քաղաքացու (այն մեկի, որ հեռավոր 88-ից մինչև այսօր ապրում է պատերազմի հետ) անկեղծ զայրույթին:
Հազար ու մի սուտ ու սադրանք, թույն ու մաղձ արտադրողնե՛ր, ինքնապաշտպանական բնազդի նշույլ ունեցեք ու գոնե այս օրերին փորձեք լռել: Փորձության այս օրերն էլ կանցնեն: Բայց Խոսքը կմնա՝ և՛ բարին սփռող, և՛ չարը երկրպագող: Կա ու կմնա նաև մեր հավաքական հիշողությունը: Ասածս սպառնալիք չընդունեք: Միայն դատա­վճիռ՝ որոշված ձեր իսկ չլռությամբ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։