Դիտանկյուն / Կարինե Խոդիկյան

Ամուլսարի տարածքում են կենտրոնացած մեր երկրի գլխավոր ջրային ռեսուրսները:
Ամուլսարի հարևանությամբ է գտնվում մեր երկրի առողջապահության ու տուրիզմի մարգարիտներից մեկը` Ջերմուկը:
Ամուլսարն իր հարուստ ընդերքով, համաձայն մեր երկրի Սահմանադրության, ժողովրդի սեփականությունն է:
Ամուլսարը օտարին է հանձնվել նախկին հանցագործ վարչակարգի օրոք, հանձնվել է «վերևից ներքև»` իր ողջ ամբարած հարստությամբ, որից մեր երկրին պիտի վճարվի ընդամենը փշրանք` մոտավորապես 1/6-ի հարաբերությամբ:
10 տարի օտարը անխնա շահագործելու է մեր երկրի բնական պաշարները, հետո թողնելու-գնալու է` մեզ «ժառանգելով» հիվանդ տարածաշրջան` թունավոր, ախտածին ու դարերով անբուժելի:
Որևէ մեկը, թեկուզ մարգարե, չի կարող հավաստիացնել, որ հանքի շահագործման հետ կապված բնապահպանական վնասները անշրջելի ծանր հետևանքներ չեն ունենալու ՀՀ քաղաքացիների առողջության, Հայաստանի բնության ու էկոհամակարգի վրա:
Թավշյա հեղափոխությունը, ի թիվս անհաշիվ հիմնախնդիրների, օրախնդիր դարձրեց նաև Ամուլսարի վաղվա օրը` հա՞նք, այսինքն` երրորդ աշխարհի երկրին վերապահված ճակատագի՞ր` կոռուպցիայով ու հանքահենությամբ, թե՞ սար` այսօր երազանքի մակարդակի, բայց վաղը` կանաչ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, առողջ բնակչության իրատեսությամբ և` քաղաքակիրթ, արժանապատիվ երկրների շարքում:
Օգոստոսը թեժ էր ամուլսարյան կրքերով ու բացահայտումներով, որոնք դեռ շարունակվում են` ամեն օր ի հայտ բերելով նոր փաստեր ու փաստարկներ` ընդդեմ հանքի շահագործման:
Իսկ ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ անցկացված տեսակոնֆերանսը քաղաքական ու տնտեսական դետեկտիվ-քրեական բեսթսելլերի ի՜նչ նյութ էր` այս ի՛նչ ու ինչքա՛ն ստորջրյա խութեր են շրջապատել մեզ…
Այսքանից հետո անգամ չեմ ուզում ինքս ինձ հարց տալ` ինչո՞ւ մինչև հիմա չի հանրայնացվել «Լիդիան» ընկերության հետ կնքված պայմանագիրը…
Ինչո՞ւ հեղափոխությունից հետո փորձ անգամ չարվեց անցկացնել անկախ նոր ՇՄԱԳ և ԲՍԱԳ…
Ինչո՞ւ էր հրապարակում հայտնվել ոմն քննիչ Իվանյան (ոմն` որովհետև պարզվեց, որ Բնապահպանության նախկին նախարարի մոտիկ բարեկամն էր) և պատասխանատու հայտարարություններ էր անում, որոնք, մեղմ ասած, հեռու էին դառն իրականությունից…
Չշարունակեմ` ամեն մեկիս ասելիքն անսպառ է` ամեն մեկիս չափով: Պարզապես ամփոփեմ. այսքանից հետո միակ բանական միտքը, որ կարող եմ ու պարտավոր եմ հայտնել`
Ամուլսարը պիտի սար մնա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։