Սյունիքի մարզային գրադարանի Ամերիկյան անկյունում հունիսի 28-ին տեղի ունեցավ հանդիպում գրող, հրապարակախոս, ազգագրագետ, Հայաստանի և Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ Արծրուն Ալեքսանյանի հետ: Ներկայացվեցին նրա վերջերս տպագրված «Լեռնաձոր», «Սրտիս ճամփան» և «Կալիֆորնիայի հայերը Երկրորդ համաշխարհային և Արցախյան պատերազմներում» գրքերը: Գրադարանավարներ Քրիստինե Վեզիրյանն ու Արփինե Թումանյանը ներկայացրին գրողի կենսագրությունն ու ստեղծագործական գործունեության ուղին: Ա. Ալեքսանյանը հետաքրքիր հուշեր պատմեց իր հանդիպումների մասին Հ. Սահյանի, Հովհ. Շիրազի ու Պ. Սևակի հետ: «Լեռնաձոր» գիրքը ներկայացրեց բանաստեղծուհի Հերմինե Նավասարդյանը. «Գիրքը փաստավավերագրական մի պատկերաշարի է նման, որտեղ գրի ու լուսանկարների միջոցով կենդանանում է տարիների ու դարերի պատմությունը: Բազմաթիվ են բնագավառները, որոնց անդրադառնում է հեղինակը` պատմական, բանասիրական, բանահյուսական, աշխարհաքաղաքական, մարդաբանական, գրական, գիտական, մանկավարժական, առօրեական: Գրքում զետեղված է ոչ միայն Լեռնաձորի պատմությունը, այլև այնտեղ ծնված կամ նրա պատմության ընթացքում նշանակալի ավանդ ունեցած մարդկանց կենսագրությունն ու գործունեությունը»,- նշեց նա:
Ք. Վեզիրյանն ընթերցեց Ա. Ալեքսանյանի ստեղծագործություններից: Ելույթ ունեցան Քաջարանի նախկին քաղաքապետ Վարդան Գևորգյանը, գրադարանի տնօրեն Լիաննա Գասպարյանը և մշակույթի, հասարակական գործիչ Սուսաննա Մարտիրոսյանը: Հանդիպմանը ներկա էին գրադարանավարներ, ուսուցիչներ, լրագրողներ և այլք: Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում: Ավարտին Ա. Ալեքսանյանն ու Հ. Նավասարդյանը գրքեր նվիրեցին գրադարանին: