ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆ – 155 / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Եվ քո անունը անմահ է, ինչպես
Հյուսիսային բևեռի սառույցը…

Այսօր դժվար է գտնել մի հայի, ով լսած չլինի Ֆրիտյոֆ Նանսենի մասին: Այդ անունը մշտապես գրանցվել է հայ ժողովրդի օտարազգի ամենաանկեղծ ու սրտացավ բարեկամների շարքում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին անմարդկային կոտորածներից մինչև հոգու խորքը ցնցված նորվեգացին թողեց բևեռախույզի, օվկիանոսագետի, բնագետի իր գիտական հետաքրքրություններն ու ամբողջովին լծվեց մեծագույն այդ արհավիրքից տուժածների՝ տեղահանվածների, գաղթականների, որբերի իրավունքների պաշտպանությանը: Պատերազմից հետո, որպես նորաստեղծ Ազգերի լիգայի գլխավոր կոմիսար, նա վիթխարի դերակատարություն ունեցավ Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ ցրված հայության բեկորներին հայրենիք վերադարձնելու, «Նանսենյան անձնագրերով» տարբեր երկրներում նրանց համար երաշխավորված կեցություն ապահովելու գործում: 1925 թ. 5 հոգանոց հանձնաժողովի հետ եղավ նաև Խորհրդային Հայաստանում, մոտիկից ծանոթացավ հայ ժողովրդի ողբերգական ու հերոսական դրվագներով լի պատմությանն ու մշակույթին: Հիասթափվելով, սակայն, Ազգերի լիգայից, եվրոպական երկրների քաղաքականությունից, որոնք մերժեցին հանձնաժողովի ներկայացրած առաջարկը 30 հազ. հայերին հայրենադարձվելու համար անհրաժեշտ Արարատյան դաշտի հողերի ոռոգմանն ուղղված 9 մլն ռուբլու վարկի հատկացումը, անձամբ զբաղվեց շուրջ 7000 հայերի տեղափոխման համար միջոցների հայթայթման խնդրով: Այդ ամենի մասին 1927 թ. նորվեգերեն հրատարակեց «Հայաստանում» գիրքը, որը թարգմանվել է անգլերեն և ֆրանսերեն՝ «Հայաստանը և Մերձավոր Արևելքը», գերմաներեն՝ «Խաբված ժողովուրդ» խորագրերով (ընդ որում՝ գրքի վրա կարմիր տառերով գրված էր. «Մեղադրանք Անտանտի ու Ազգերի լիգայի դեմ»):
Սակայն կարևոր է շեշտել, որ այդ ամենը ամենևին էլ պատահական չէր: Այս իմաստով, թերևս, մեզանում ոչ բոլորին են հայտնի Նանսենի կյանքի և գործունեության այն էջերը, որոնք կապված են նրա ազգային-ազատասիրական գաղափարների, Նորվեգիայի անկախության համար մղած պայքարի հետ: 1905 թվականին, երբ Նանսենն արդեն աշխարհում ճանաչված բևեռախույզ գիտնական էր՝ «նվաճել» էր Գրենլանդիան (1889), «Ֆրամ»-ով իրականացրել եռամյա արշավը դեպի Հյուսիսային բևեռ (1893-1896), վճռականորեն մխրճվեց շվեդա-նորվեգական ունիայի (միության) խզման և Նորվեգիայի անկախության պայքարի մեջ՝ դառնալով նրա ամենաակտիվ շարժիչ ուժերից մեկը: Հատկանշական է, որ նման կողմնորոշման հիմքերը Նանսենը տեսնում էր նորվեգական գրականության, ազգային մշակույթի մեջ: Մասնավորապես, նա շատ վաղ հասակից չափազանց տպավորված է եղել Հ. Իբսենի «Բրանդ» դրամատիկական երկով, որի հերոսն աչքի է ընկնում իր գաղափարի իրականացման համար որևէ զոհաբերության առջև կանգ չառնելու վճռականությամբ: Մեծ գրողի մահից (1906) հետո, իր բարեկամ գեղանկարիչ Է. Վերենշելդին գրած մի նամակում Նանսենը խոստովանել է, որ Իբսենի հոբելյաններից մեկի առիթով հեռագիր է հղել նրան, որտեղ ասված էր. «Մարդուն, որը հետագիծ է թողել իմ պատանեկության մեջ, որը որոշել է իմ հետագա ողջ զարգացումը և ցույց է տվել, թե ինչ նշանակություն ունի կյանքում կոչումը, սովորեցրել է հարգել կամքը…»: Այդ մասին վկայում է նաև նրա դուստրը՝ Լիվ Հեոյերը, հետագայում հրապարակած իր հուշագրության մեջ («Եվա և Ֆրիտյոֆ Նանսեն», Եր., 2006, թարգմ.՝ Ա. Յայլոյան). «Ճշմարտության այն անվերապահ պահանջը, որով տոգորված էր այդ դրաման, ընդմիշտ որոշեց Նանսենի սեփական վարքագիծը»:
Ահա թե ինչու, արագ թափով զարգացող իրադարձությունների հորձանուտում, չնայած «զգուշացողների» բանակին, Ֆ. Նանսենը հանդես էր գալիս անկոտրում կամքի դիրքերից: «Տղամարդիկ» հոդվածում նրա մտավախությունը շատ հստակ էր ձևակերպված. «Միայն թե շվեդական հնարավոր հարձակումից եղած վախը, Եվրոպայից եղած վախը մեզ չխանգարի անելու այն, ինչը մենք արդարացի ու ճշմարիտ ենք համարում»: Նորվեգիայի ժողովուրդը համբերատար ժողովուրդ է, ինչն ապացուցել է անցած իննսունմեկ տարիների ընթացքում՝ հաշտվելով այն մտքի հետ, որ շվեդական կողմը հրաժարվել է տալ նրան ինքնուրույնության իր իրավունքը, փաստում է նա՝ պնդելով, որ «եթե հիմա չանենք այն, ինչը մեզնից պահանջում է ստեղծված իրադրությունը, (…) ընդմիշտ կկորցնենք հարգանքը մեր նկատմամբ»: «Զգուշացողների» հակափաստարկներին Նանսենն ուներ իր վճռական պատասխանը. «Նրանք ցանկանում են մեզ ահաբեկել, որ մենք (…) կհայտնվենք Եվրոպայից մեկուսացված վիճակում, և որ Շվեդիան, ըստ երևույթին, կհարձակվի մեզ վրա: Իսկ մենք նախապես ամեն բան կշռադատել ենք և պատրաստ ենք ամեն ինչի»: Ուրեմն և, ըստ նրա, պետք է պարզապես ետ մղել Վախը, «որ բոլորի շուրթերին է» և հիշել ու հիշեցնել քաջության մասին: Վերջապես՝ «Մենք հիմա չունենք այնպիսի մարդկանց կարիք, որոնք ձեռ ու ոտ են ընկնում, գուշակություններ անում սուրճի մրուրի մեջ, մեզ պետք են իսկական տղամարդիկ»:
Նանսենի մարտական ոգին էլեկտրականացրեց նորվեգական ժողովրդին, արթնացրեց նրա ազգային արժանապատվությունը, անկախության ու ազատության տենչը: Ընդունեցին նրա ազգային առաջնորդությունը՝ «Հիմա դուք Նորվեգիայի դրոշն եք»: Եվ ո՛չ միայն Նորվեգիայում… Անգլիայում Շվեդիայի դեսպան Վալլենբերգը խոստովանել է՝ «Նանսենի անունն Անգլիայում ավելին է նշանակում, քան ամբողջ Շվեդիան»: Հանրապետականները նրան համոզում են նույնիսկ «կանգնել ղեկի մոտ»՝ հաղթանակից հետո դառնալ անկախ հանրապետության նախագահը: Ընդ որում, այդ մտավախությունն ունեին նաև մեծ տերությունները՝ «Նրանք վախենում էին,- գրել է Նանսենը կնոջը՝ Եվային,- որ ես, իբր, կկանգնեմ հանրապետականների կողմը, և ինձ էլ նախագահ կընտրեն: (…) Է՜ն Աստված, այնտեղ բոլորը մտածում են, թե ամեն մարդ երազում է նախագահ դառնալ»: Ոչ ոք չէր ուզում հասկանալ, որ Նանսենի միտքն ու հոգին տարված էր միայն ու միայն մի գաղափարով՝ Նորվեգիայի անկախությունը: Իսկ մինչ այդ նա կառավարության խորհրդականն էր և նրա անունից դժվարին բանակցություններ էր վարում հարևան և մեծ տերությունների հետ՝ անկախության հասնելու ուղիների վերաբերյալ: Ընդ որում, համոզված էր, որ հաջողության հասնելու գրավականներից մեկը ներքին տարաձայնությունների հաղթահարումն ու համախմբումն էր ազգային միասնության գաղափարի շուրջ: «Այժմվանից և մինչև այն ժամանակ, քանի դեռ մենք չենք լուծել այս հարցը,- հայտարարում է նա միտինգներից մեկում,- մեզ մոտ գոյություն կունենա միայն մեկ քաղաքական կուսակցություն: Այդ կուսակցության անունը Նորվեգիա է»:
Եվրոպական երկրներից եկող արձագանքները, սակայն, այնքան էլ հուսադրող չէին: Բեռլինից նա գրում է Եվային. «Ըստ իս՝ այս մարդկանց համար իրավունքը և արդարությունը միամիտ հասկացություններ են: (…) Ըստ էության, նրանց համար անհասկանալի է, որ ազգը կարող է սեփական արժանապատվության զգացում ունենալ և որ չի կարող թույլ տալ, որ իրեն վիրավորեն…»: Այս տողերն ընթերցելիս մի՞թե ակամա չի ծնվում զուգահեռը հայոց Խրիմյան Հայրիկի ցավագին հիասթափության հետ բեռլինյան մեկ այլ՝ հայտնի վեհաժողովից: Իրերի վիճակը մխիթարական չէր նաև շվեդա-նորվեգական հարաբերություններում: Չնայած հանրաքվեի ժամանակ նորվեգացիների ճնշող մեծամասնությունն արտահայտվել էր անկախության օգտին (368 392-ը ընդդեմ 184-ի), չնայած նանսենյան հավաստիացումներին, թե «մենք Շվեդիայի նկատմամբ չարությամբ չենք լցված» և «Ամենից առաջ ցանկանում ենք ունիայի պառակտումն իրականացնել խաղաղ ճանապարհով», չնայած շվեդ ժողովրդի մեծամասնության հակառակ կարծիքին, Շվեդիայի իշխանու- թյուններն ունիայի խզումը շարունակում էին համարել անօրինական և հրաժարվում էին ճանաչել այն:
Պատերազմի ուրվականն արդեն թևածում էր օդում: Շվեդները պահանջում էին քանդել սահմանային ամրոցները, թեև Նանսենի կարծիքով հազիվ թե նրանց հաջողվեր «իրենցը պնդել, չնայած այն բանին, որ իրենց կողմում, սահմանի մոտ, կանգնած է 70 հազար զինվոր, իսկ մեր կողմում՝ ընդամենը 3 հազար»: Այնուամենայնիվ, Եվան շատ անհանգիստ էր՝ «Եթե պատերազմ սկսվի, ինձ իմաց տուր»: Բայց նաև հույսը չէր կտրում՝ «Սակայն չի կարող պատահել, որ մեր արդար գործը չհաղթանակի»: «Ամեն ինչ կախված էր այն բանից, թե Շվեդիան պատերազմ կսանձազերծի՞, և ինչպիսի՞ դիրք կբռնեն արտասահմանյան երկրները»,– գրում է Լիվը իր հուշերում: Բարեբախտաբար, ամեն բան ավելի բարեհաջող ավարտվեց, քան շատերը ենթադրում էին: Կառլստադում տեղի ունեցած բանակցություններում համաձայնություն ձեռք բերվեց մերձսահմանային ամրությունները հանելու մասին, և երկու կողմում էլ որոշվեցին չեզոք գոտիների սահմանները: Ու թեև ոմանք դա որակեցին վիրավորանք Նորվեգիայի հասցեին, սակայն Նանսենի դիվանագիտական խորաթափանցությունն այլ բան էր հուշում. «Իհարկե, շատ ավելի հաճելի կլիներ, եթե մենք կարողանայինք պահպանել մեր ամրոցները, բայց Աստված վկա, հո չի կարելի մեծ ու փոքր հարցերը խառնել իրար հետ»: Մանավանդ որ ստորագրված Պայմանագիրը վավերացրին երկու երկրների խորհրդարանները, իսկ շատ չանցած՝ Նորվեգիան պաշտոնապես ճանաչվեց մեծ տերությունների կողմից:
Պատմական այդ իրադարձությունից հետո Ֆրիտյոֆ Նանսենը դարձավ Նորվեգիայի առաջին դեսպանը Անգլիայում: Իսկ նրա բարեկամ, բանաստեղծ Բ. Բյոռնսոնը, չնայած մինչ այդ ունեցած գաղափարական տարաձայնություններին, ստիպված եղավ շնորհավորել նրան. «…Ես սրտանց շնորհակալ եմ այն աշխատանքի համար, որ երկար ժամանակ է, ինչ կատարում ես, թեև քո ընտրած գիծը այնքան էլ իմ սրտովը չէր: Սակայն դա բոլորովին էլ կարևոր չէ, գլխավորն այն է, որ մենք հաշիվներս փակել ենք Շվեդիայի հետ: Եվ քո անունը անմահ է, ինչպես Հյուսիսային բևեռի սառույցը, որ հալվում է, ապա կրկին գոյանում և այդպես մինչև աշխարհի վերջը»:
Կարծում եմ, ասվածը գալիս է հաստատելու, որ Ֆրիտյոֆ Նանսենը՝ մեծագույն մարդասերն ու արդարության ջատագովը, հայ ժողովրդի կողքին է եղել ոչ միայն նրա ողբերգության ու տառապանքի՝ «հայ գողգոթայի» ժամանակներում, այլև ազատաշունչ իր գաղափարներով ու գործու- նեությամբ՝ հարյուրամյա հեռավորությունից, այսօր էլ սատարում է ազգային սեփական իրավունքների պաշտպանության և անկախության համար արցախահայության մղած պայքարին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։