ՀԳՄ վարչությունը սգում է արձակագիր, երգիծաբան Կարլոս Եղիազարյանի մահը, ցավակցում է նրա հարազատներին, բարեկամներին, ընկերներին:
Կարլոս Եղիազարյանը ծնվել է 1932 թ. դեկտեմբերի 12-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Աշխատել է «Ոզնի» երգիծական հանդեսում, «Կրոկոդիլ» երգիծական ամսագրի հատուկ թղթակիցն էր Հայաստանում: Աշխատել է Հանրային ռադիոյում` որպես «Փշարմավ» երգիծական հանդեսի խմբագիր: Եղել է «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը: Հեղինակել է հասարակական սուր հնչեղության բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ ու ֆելիետոններ: 1974 թ.-ից ՀԳՄ անդամ է: Նրա գրական ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք օտար լեզուներով: Հրատարակել է «Լռության լեզուն» (1972), «Բարի մարդը» (արաբերեն, 1999), «Բռնակալի պորտը» (2002), «Բեկված ժպիտներ» (2003), «Խուստուփի արծիվը» (2004), «Շարժվող բեկոր» (2010), «Կսմիթներ» (2014) և այլ գրքեր: 1966 թ. «Ամուսնություն երևանյան ձևով» պիեսի համար արժանացել է Հանրապետական առաջին մրցանակի: 2009 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, 2010 թ.` «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական ամենամյա մրցանակի: