ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ . «ԺԱՄԱՆԱԿԸ, ՈՐԻ ՄԵՋ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ» հարցազրույցից
Հայրենիքը զուտ հող ու ջուր չէ, ոչ էլ նախնիների կողմից մեզ կտակած տարածք. այն ազատության և արժանապատվության դաշտ է: Այն տարածքը, ուր բացակայում են այս բաղադրամասերը, հայրենիք չի դառնում: Մարդը երկիրը լքում է միայն այն ժամանակ, երբ տեսնում է, որ այն դարձել է իր նվաստացման տերունական տեղեկագիրը: Մենք հայրենիք որոնողներ ենք: Մեր պատմությունը, որ պատեհ-անպատեհ հերոսական ենք հորջորջում, դարձրել ենք գերեզմանատուն: Մեր հերոսներին մեզնից քշել ու առել ենք ծանր շիրմաքարերի տակ: Փոխանակ Սասունցի Դավթով, Նժդեհով ու Չարենցով լցվենք, նրանց ոսկորների մասունքներն ենք փնտրում, որ գերեզմանների մեջ փակենք: Մեծարում ենք ու օտարանում նրանցից: Օտարանում ենք ու հանգիստ խղճով ստրկանում սրան-նրան: Երբեմն ինձ թվում է, թե մենք այս աշխարհի հոգնած բնակիչներից ենք…
ԶՍՊՎԱԾ ՈՒԺԸ
Խաչիկ Դաշտենցից ու Մուշեղ Գալշոյանից հետո Սասուն-Մուշային հայրենաբաղձության թեման կարծես թե սպառվեց: Առասպելն արդեն պատմվել էր, ցավի ու կորստի միջից զտված ու թղթին հանձնելու արժանի տեքստը` որպես դոնորի արյուն, թեև դեռևս դրդում, հրահրում էր կրկին ու անվերջ անդրադարձ, թեև հետզհետե նվազող մնացորդացի պահանջարկը մնում էր անփոփոխ: Իսկ ֆիդայական երգերն ու մարտական պարեղանակների ռիթմերը շարունակում էին ցախ նետել խարույկը, սակայն ակնհայտ էր, որ ինչպես բոլոր, այնպես էլ այս նրբին պարագայում թեմայի շարունակությունը, կրկնությունը առասպելի ստույգ մահն էին հասունացնելու: Շատերն ականջալուր չեղան ահազանգին, տրվեցին հեշտագրության գայթակղությանը և ծանոթ ու ճանաչելի արահետներով գնացին-կորան կամ գնում-կորչում են մեր գրական ոչ այնքան խիտ անտառներում: Անցյալը նույնպես ծերանալ գիտե, եթե նրան թողնում ես իր տեղում, ծանրության կամ դառնության պատճառով չես բերում ներկա, չես մղում դեպի ապագա, թույլ չես տալիս, որ շնչի նորովի ու վերաիմաստավորվի: Ժամանակի ընթացքի հետ դու գնում ես առաջ` նա մնում է տեղում, դու փոխվում ես` նա մնում է անփոփոխ, դու ապրում ես` նա սկսում է մեռնել: Նա վերածվում է քարացած, արձանացած բնորդի, և դու, վրձինդ առած, պտտվում ես չորսբոլորը` հարմար դիտանկյուն գտնելու: Չհայտնաբերված դիտանկյուն գտնելու: Ապարդյուն ջանք. մեռնող կամ մեռած անցյալին հառված հայացքն ընդամենը մի դիտանկյուն ունի` հետադարձ: Իսկ հետադարձը, ինչպես հայտնի է, շատ է ենթակայական ու զգացմունքային, այսինքն` ամբողջական չէ:
Նշածս գայթակղությանը ժամանակին նույնպես տուրք տվող Վրեժ Իսրայելյանը, հավանաբար, ամենքից շուտ և ամենքից սուր զգաց վտանգն ու խոհեմաբար կանգ առավ, մտավ ընդհատակ, հետո նաև խրամատավորվեց: Շատերը կարծեցին, թերևս նաև ափսոսանքով, թե Վրեժն ավարտվեց, մտածեցին` վաղը նա խրամատից դուրս է գալու գեներալի ուսադիրներով և կամ մի այլ դրսևորումով` գրպանում ունենալով, անձնագրի նման ներկայացվող, իր փոխակերպման հարգելի բացատրությունը: Դե, պատերազմ էր, գրիչը սուր է դառնում, թանաքը` արյուն և նման բաներ, ու այս իրավիճակում ի՞նչ փույթ, թե ժամանակի պահանջը կարող էր և կրակել նաև կոչումիդ սրտին: Այնինչ պարզվեց` նա խրամատ էր մտել պահպանելու, գայթակղությունից զերծ պահելու իր տաղանդը: Եվ որ ամենահետաքրքիրն է` խրամատը, ընդհատակը նրա դեպքում փախուստ չէր գայթակղությունից, այլ դեմառդեմ հանդիպման մարտահրավեր, որ, բարեբախտաբար, ավարտվեց տաղանդի հաղթանակով: Ես չգիտեմ, թե ինչ կշահեր Հայոց բանակը` Վրեժ Իսրայելյան ևս մի գեներալ ունենալով, բայց որ հայ գրականությունը կտուժեր «Տոնապետը» չունենալով` համոզված եմ:
Այդ գիրքը նոր հայացքի արգասիք էր: Խաչիկ Դաշտենցի, Մուշեղ Գալշոյանի ստեղծած մթնոլորտով սնված, բայց այդ մթնոլորտով այլևս չբավարարվող, այլ ոլորտներ թափանցող, անկաշկանդ հայացք էր, որ թե դեպի դուրս էր հառված և թե` դեպի ներս: Բայց ո՛չ դեպի դուրս հայացքն է մեղադրական և ո՛չ էլ դեպի ներսը` ձաղկող: Գրողի հայացք է, որ որսում է բնության, երևույթների, մարդկային, ազգամիջյան փոխհարաբերությունների սև-սպիտակից անդինը, գույների ու նրբերանգների ամբողջական աշխարհը, որի ներդաշնակությանը հասու դառնալով` դու այլևս ո՛չ շնորհակալ պիտի լինես հայ ծնվելուդ համար, ո՛չ էլ պիտի փնովես ճակատագիրդ: Սա իր ձևակերպումն է, ինչպես և սա. «Ո՞րն է ուժը. այն, որ գործադրվո՞ւմ է, թե՞ այն, որ զսպվում է: Կարծում եմ` գրականությունը բառերի մեջ զսպված ուժն է: Հակառակը աղետն է»:
Գրականության մեջ զսպված ուժի հասկացությունը, ցավոք, կյանքում, մարդկային ու ազգամիջյան փոխհարաբերություններում դեռևս չի դարձել ապրելակերպի սկզբունք, օրենք, համակեցության նորմ, և, ո՞վ գիտե, մեղավորը գուցե հենց թույլ, անզոր, վտիտ բառերով գրականության առատությունն է, առատացումը:
Կյանքում, մարդկային փոխհարաբերություններում զսպված ուժի մարմնացում էր Վրեժը: Ես ականատեսն եմ եղել նրա այն արցունքների, որ ինքնաբերաբար ծնվել էին անտեղի վիրավորանքին չհակադարձելու զսպվածությունից: Զսպված ուժը խնայում է շրջապատը, բայց ո՛չ երբեք ուժի տիրոջը:
Նրա վերջին արարքը, վերջին քայլը նույնպես զսպված ուժի արտահայտություն է: Քայլն անելուց առաջ, թերևս, հնարավոր էր բառեր գտնել տարհամոզելու նրան, բայց հիմա, երբ զսպված ուժն անվրեպ խփել է տիրոջ քունքին, բառերն այլևս ավելորդ են: Եվ անկախ իշխանության և եկեղեցու վերաբերմունքից, մեզ մնում է գնահատել նրա գրական ու մարդկային ձեռքբերումները` հուսալով, որ մեր կյանքի արմատական բարեփոխման ճանապարհին ինքն անվերջ ներկա է լինելու:
Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԵՐ ԸՆԿԵՐ ՎՐԵԺԸ
Ընկերներ էինք համալսարանական տարիներից, 71 թվին Ղուկաս Սիրունյանը, ես և Վրեժը մեկնեցինք Քութայիս՝ մասնակցելու ԽՍՀՄ երիտասարդ բանաստեղծների փառատոնին: Վրեժը պիտի ռադիոյի համար նյութ պատրաստեր. նա այն ժամանակ լրագրող էր: Այդ օրերից մնացին խենթ ու խելառ պատմություններ, որոնց մեջ իր առույծի բաժինն ուներ Վրեժը: Հաճախ էինք հիշում: «Գարուն» ամսագրում աշխատելու ընթացքում ինձ որպես հրաշալի անակնկալ են ներկայացել Վրեժի պատմվածքները` «Հայոն» և «Մեկին գումարած մեկը»: Առաջին իսկ գրվածքներից նա պարզորոշ ձևավորված տաղանդավոր արձակագիր էր, և այդուհետ նա ոչ թե լրագրող, այլ արձակագիր Վրեժն էր: Նա անասելի սիրում էր Վիլյամ Սարոյանին: Այդ մասին գրել է: Վրեժի գրվածքներում սարոյանական թեթևություն հիշեցնող հումորի շերտ կա և առանձնապես կա ցավ, առհասարակ նա ուներ իր ներսի ցավը, որը չէր փաթաթում որևէ մեկի վզին և չէր թողնում՝ մոտենան նրան: Վրեժի արձակում ցավը կայծկլտում ու պսպղում է աստղի պես և ապակու փշրանքի պես կտրող է:
Վերջին 25 տարին նրա գրվածքներում ելևէջում, ցնցվում, թրթռում է, նրա գիրը սրտխփոցի զիգզագ է, որից լսելի է Սարոյանի, Մահարու, Դաշտենցի, Մաթևոսյանի և Գալշոյանի փոխկանչը: Վերջին «Տոնապետ» ժողովածուն, իմ կարծիքով, մեր արձակի մշտամնա հատորներից է:
Ջինջ էր նրա կերպարը, և որտեղ էլ որ աշխատեց, ծառայեց (անգամ ստացավ գնդապետի կոչում), մնաց ինքը` պարզ ու ջինջ Վրեժ Իսրայելյան, պատանեկան տարիներից մինչ կյանքի հասուն օրերը չփոխվեց, մնաց նույն բնույթի, ընկերական ու ցանկալի մարդը:
Թափորի առջևից տանում էին նրա լուսանկարը. Բիթլիսում՝ Սարոյանի պապենական տան մոտ նկարված, դեմքը լուսավոր անորոշություն էր ամբարել:
Նա թույլ չտվեց մահը ցատկի իր վրա, նախահարձակ եղավ: Էրգրից բերված հողը խաչի տեսքով փռվեց նրա գերեզմանին: Այդ պահին գուցե ժպտաց նրա հոգին՝ կռվազան ճշմարտության տեր մարդու անմեղ ժպիտով:
Նրա վերջին գիրը հատու էր և գնդակի պես անվրեպ:
Վրե՛ժ ջան, եթե ես մի օր փորձեմ զանգել 091 41 37 23, խնդրում եմ, դո՛ւ պատասխանես:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
Վրեժին
Իմ սրտի տեղը ես չեմ մոռացել,
Ու դեռ երկար է նա մղկտալու,
Ես նրա հետ եմ ճանապարհ անցել,
Ու նրա հետ է իմ արյան առուն
Հոսել այս կյանքի քառուղիներում
Ու ճյուղավորվել վտակ առ վտակ,
Ու հիմա էլ է նա ճամփա ելնում,
Ու այդպես մի օր մենք իրար գտանք –
Այդ մաքուր արյամբ –
մեր միջով հոսող,
Երբ մեր շուրջն արդեն
շ կյանքն էր լերդացել,
Այնքան ուժգին էր բխումն
այդ բոսոր,
Որ արդեն կյանքի լեգենդ է դարձել։
Բայց հիմա դու այլ ուղի բացեցիր
Գալիքը ցնցող մի ակնթարթում,
Այդ վայրկյանը նույն ուղին է անծիր,
Բայց արդեն հոգու
ճանապարհ հարթող…
Ազատությո՛ւն քեզ, եղբայր հարազատ,
Թող հավերժ լինի սլացքը հոգուդ,
Ու թող հորդաբուխ հուներով անցած
Կյանքդ խաղաղվի
լռության խորքում…
Հրաչյա ԹԱՄՐԱԶՅԱՆ
ԲԱՌԻ ԱՐԺԵՔԸ ՆԺԱՐՈՂ ՄԱՐԴ ԷՐ…
Նոսրանո՜ւմ են գրական մեր սերնդի շարքերը, նոսրանում են… Միայն վերջին հինգ տարիներին արդեն երեսունի է մոտենում մեր կորուստների թիվը: Հեռանում են նրանք, ում հետ ճանապարհ ենք անցել, տխրել և ուրախացել: Ինքս էլ` դժվար վիրահատության բերումով, այն աշխարհի մատույցներում դեդևեցի, բայց երևի ժամանակս դեռ չէր եկել…
Հիմա էլ Վրեժը, Վրեժ Իսրայելյանը: Երկրաբանության մեջ կա մի հանքատեսակ, որ կոչվում է լեռնային բյուրեղապակի: Հայկական անվանումը վանակն է: Վանակնից պատրաստում էին զարդեր, պաշտամունքի առարկաներ: Միջնադարի հայկական ձեռագրերում նշվում է, որ վանակնի փոշին վերքերը բուժելու հատկություն էլ ունի: Հին Հռոմի գիտնականների բնորոշմամբ` լեռնային բյուրեղապակին ծնվում է բարձր լեռներում` խոնավությունից և մաքրամաքուր սառույցից: Նրան մարդու ձեռքն ու հղկիչ գործիքը չեն դիպչում: Բնության ստեղծածն է, Աստծո քարացած արցունքը՝ վճիտ, թափանցիկ, բայց և՝ կարծր:
Այսպիսին էր Մարդ, Գրող և Քաղաքացի Վրեժ Իսրայելյանը` ծնյալ ֆիդայի: Եվ իր ոչ երկարատև կյանքում որտեղ էլ որ աշխատել է, հայրենապահպան է եղել ու նվիրյալ` գրչով: Ժամանակաշրջանը հավաստեց, որ նրա խոսքն ու գործը չեն տարբերվում, և արդեն հոգով ու մարմնով ծառացավ Հայրենիի պաշտպանության դիրքերում: Դրա վկայությունն են Արցախյան պատերազմին նվիրված փաստավավերագրական ֆիլմերի նրա սցենարները… Արձակագրի նրա գրիչն էլ` բարությամբ շնչող և սիրտը թափանցող, միաժամանակ խորունկ է և հատու` սրազարկի՛ պես:
Բառի արժեքը նժարող մարդ էր Վրեժը, քանի որ նրա խոսքն արդեն տեսնում էիր աչքերի մեջ` մինչև հնչելը: Տեսակը զինվոր էր, երբեք չեմ տեսել նրան լիաթոք ծիծաղելիս, ուր մնաց` ոմանց պես հռհռար. ազգի, ժողովրդի ցավն իրենց ի՞նչ, իրենք «լավ են»…
Հոգեկորույս մեր ժամանակներում Վրեժ Իսրայելյանը կարողացավ Էռնեստ Հեմինգուեյի հայտնի խոսքերը շպրտել մահվան երեսին. «Դու կարող ես ինձ սպանել, բայց հաղթել չե՛ս կարող»:
Անահիտ ՊԱՐՍԱՄՅԱՆ