Հայաստանի սահմաններից դուրս ստեղծվող հայ գրականությունը, եթե չասենք` ժամանակակից գրականագիտության ուշադրությունից դուրս է մնացել, ապա պետք է նշենք, որ ոչ պատշաճ վերաբերմունքի է արժանանում: Նրա մասին ո՛չ լավ են ասում, ո՛չ վատ: Անտեսել, լավագույն դեպքում իմիջիայլոց վերաբերվել այդ գրական դաշտին ու ստեղծագործողներին, կարծում եմ, վայել չէ ու վնասակար է բազմաթիվ գաղթօջախներ ունեցող հայության ազգային շահերին ու նկարագրին: Շատ է խոսվում ուծացման, հայապահպանման, ձուլման, հազար ու մի նման բաների մասին: Խոսելը խոսել, այն էլ` ընդհանրական, ամենահեշտ գործն է, բայց ընդհանրական ազգային գաղափարը մասնավորեցնելով և յուրաքանչյուրին տալով իրեն հարկավոր հայրենյաց ջերմությունն ու ուշադրությունը, ինչի շնորհիվ հայության միասնականության շողե խուրձին, ասել է թե` մոտեցնել մի լուսե շյուղ ևս, որն ավելի կամրացնի ու կուժեղացնի հայի հավաքական ոգին, իհարկե, այս երկրորդը համեմատաբար դժվար է, բայց անկարելի չէ: Այլ խնդիր է, թե արտերկրում ստեղծված գրականությունը ի՛նչ գեղարվեստական մակարդակ է ապահովում: Ամեն պարագայում, կարևորը ազգային դիտանկյունով առաջնորդվելն է, եթե մեզ ինչ-որ բան չի բավարարում ու գոհացնում, ապա վրան ոչ թե խաչ պետք է քաշել, այլ փորձենք նպաստել նրա առողջացմանն ու զարգացմանը, քանի որ մեր գաղթօջախներում հայապահպանման համար օդ ու ջրի պես անհրաժեշտ են մայրենիի հարազատ միջավայրն ու ստեղծագործողը: Այս մտորումների տիրույթում էլ փորձեմ մի քանի խոսքով անդրադառնալ Աբխազիայում ապրող ու ստեղծագործող, այսպես կոչված, ներքին Սփյուռքի բանաստեղծներից մեկին` Արամ Կանսուզյանին, ով արդեն հասցրել է գրել ու հրատարակել «Միաձուլում», «Թռիչք», «Սևանի», իսկ 2018 թվականին` «Կաղնու մենախոսությունը» բանաստեղծական ժողովածուները:
Հայաստանից հեռու, այլ մշակութային միջավայրում ապրելով` բանաստեղծ Արամ Կանսուզյանը զգում է` իր էության կենսավիշը ոգի է հայրենական կաղնու արմատներից եկող, որը հաստատվել է հայ ազգի սրտի բաբախով հողում. «Քո փշուրն անգամ, սիրտ ունի, հո՛ղ իմ,//Դրա համար էլ դու ջերմ ես այդքան…» («Սևանի»), ու սրանով հանդերձ, այնուամենայնիվ, կարոտաբաղձ բանաստեղծի համար ճակատագրի մաքառումը փորձություն անցնել է նշանակում. «Երբ նոր էի ես//Շնչում մշուշոտ օդը խառնված,//Ողջ շրջապատն իմ ամայություն էր» («Կաղնու մենախոսությունը»): Ահա թե ինչու բանաստեղծի մենակությունը ժամանակի ընթացքում պետք է վերածվեր մենության ակապելլայի, դառնար ոչ պատահական գիր և արևի տակ իր տեղը գտներ «Կաղնու մենախոսությունը» խորագրված գրքով` իբրև արգասիք տոկացումին` կարոտի կանչի, որը սահմաններ չի ճանաչում, երբ ձայնն ինքնաբուխ է, ու հայացքը` վճիտ. «Քո հոգու մեջ էր//Իմ ուխտատեղին,//Իսկ այժմ ցավոք//Պիտի ման գամ այն//Հորիզոնից դուրս`//Նոր ճենապակյա//Մաքուր աչքերով» («Կաղնու մենախոսությունը»), և բարեբախտաբար թե դժբախտաբար, այդ հոգեվիճակը վաղուց ի վեր արդեն կենսակերպ է դարձել օտար եզերքում ապրող հայ բանաստեղծի համար:
Արամ Կանսուզյանը ճակատագրապաշտ է, և կյանքը նրան թվում է անցողիկ մի որբի դող, որի «Խղճի վրայով վազում է քամին,//Քամին սև, քամին պաղ` թրատող…» («Կաղնու մենախոսությունը»), բայց և լինելության խորհրդին համակերպված` ասում է. «Օրը սեղմվել շնչափողիս մեջ,//Ճմռթվում, ճաքճաքում է ներսից,//Ես ընթերցում եմ մի երկարող էջ,//Ինձ տանջող, ցավեցնող, թախծալի…» («Կաղնու մենախոսությունը»): Արամ Կանսուզյանը բանաստեղծություններով, թերևս, վավերագրում է իր ընթերցած կյանքի երկարող տողը` որպես անվերնագիր խոկումների շարունակական կենսաշարժ, որին երբեմն-երբեմն ենթամնաները շերտավորում են, ու ասելիքն ամբողջացնելով ժամանակի գուներանգում, վերածում հնչող հարցի. «Այս ինչո՞ւ այսքան կյանքը փխրուն է,//Փշրանք-փշրունք է իմաստությունը» («Կաղնու մենախոսությունը»), ինչքան էլ տեղի կամ անտեղի խնդրահարույց հարցերը հանգեցնում են «ճակատագրերի փոփոխման», միևնույն է, բոլոր ճանապարհները տանում են… հայրենիք. «Ես իմ լեռները//Պիտի մագլցեմ,//Որ հանդիպումի//Կարոտս առնեմ» («Սևանի»): Հայրենիքից հեռու բանաստեղծ Արամ Կանսուզյանի համար հենց կարոտն է, որ նույնանում է հայրենիքին ու նրա ապրած կյանքին, այն համ ու հոտ է տալիս և համոզում, որ աշխարհը ոչ միայն հացիվ է: Կարոտը երբեք չի խառնում թացն ու չորը իրար, այլ մեկը մյուսին լրացնում է. «Մարդու քայլից հողի վրա//Սիրտս է լացել,//Հողն է սնվել կաթիլներով//Նույն այդ լացի,//Եվ նոր ծիլեր են մեծացել» («Սևանի»):
Արամ Կանսուզյանի պոեզիայում Արևը առանձնակի բարձր խորհուրդ ունի, և պոետի զգացումներն ու հույզերը խարսխված են նրան, ու նա ապրում է. «Նոր արևներին խառնված», այնպես որ ակնհայտ է. «Լույսերիդ միջից կաթիլս անցավ». ահա բանաստեղծի երևակայությունը սնող էներգիայի աղբյուրը` պարզ ու պայծառ: Տարագիր բանաստեղծի հոգու պոեզիայի հենման կետը Արև-Հայրենիքն է, որի լեզուն ինքը` հայն է. «Ես արևերեն բարբառ եմ…» («Կաղնու մենախոսությունը»): Արամ Կանսուզյանը ծնվել է իր ազգի բնօրրանից հեռու, և նրա հայկական գենը նրան պահում է մի անհայտ, լարված պահող տագնապի ու մորմոքի մեջ. «Չգիտեմ, չեմ հիշում անցյալը,//Գալիքը հորիզոն է ասես…// Որտեղից է գալիս այս ձայնը,//Եվ ո՞վ է ցավի մեջ` չգիտես…» («Կաղնու մենախոսությունը»): Բանաստեղծը հույսն իր վրա է դնում ու հասկանում, որ ներկա խառնաշփոթ ժամանակներում հոգու խաղաղությանը կարելի է հասնել, առաջին հերթին, ինքնամաքրմամբ: Ա. Կանսուզյանի պոեզիայում ինքնամաքրման սիմվոլը ի վերուստ տրված հազն է. «Հազա, հազա, հազա,//Հազա, որ չխեղդվես://Հազա արցունք և ծուխ…//Մոխիր հազա զիլ-սև:// Հազա ամեն քայլիդ,//Ամեն շնչիդ հազա://Այսօր, վաղը, անվերջ,//Հազա արյուն, այնպես,//Որ քո պղտոր միտքը և չար հոգիդ//Մաքրես» («Կաղնու մենախոսությունը):
Ներկա սրընթաց ժամանակներում ամեն ինչ անկայուն է ու փոփոխական. աչքդ թարթեցիր` պահը այլ է, զգացողությունն ու մարդը այլ են, բայց և այնպես ինչքան էլ պոետի «…սրտի զարկերը//Աստղեր են վառում դաշտերի վրա…» («Սևանի»), միևնույն է, աշխարհը հստակ չի դառնում, «Գծագիր չունի երկիրը,//Ստույգ չէ քարտեզի ոչ մի գիծ…//Քանի որ ամեն ինչ քայլում է,// Քանի որ չվում է ամեն ինչ…» («Կաղնու մենախոսությունը»), և պոետը համամարդկայնորեն խոստովանում է այդ անորոշությունը. «Ծանր բեռի պես չոքել է վրաս…»:
Հետաքրքիր օրինաչափությա՞մբ, թե՞ զուգադիպությամբ «Սևանի» և «Կաղնու մենախոսությունը» գրքերի վերջին բանաստեղծությունները հարց ու հանելուկ են: «Սևանի» դեպքում` «Պապի՛կ, այս ո՞վ է//Կանգնել առաջս,//Նայում է վրաս,//Անում արածս…», իսկ «Կաղնու մենախոսության» դեպքում մի հանելուկ է, ասես կյանքով խոհեմացած Արամ Կանսուզյանի իմաստասիրությունն է. «Ասա ի՞նչ է`//Որը թաղում,//Բայց և կենդանի են պահում…»: Պատասխանը` գինի է, այսինքն` ի վերջո ոգի, հայի ոգի, որով տոգորված է Արամ Կանսուզյանը, և հայրենիքից հեռու շարունակում է մնալ կաղնու պես ամուր ու դիմակայող:
Արամ Կանսուզյանի հրատարակած գրքերը նրա մենախոսություններն են, որոնք պարզապես զրույցներ են ժամանակի մեջ, ինքն իր հետ, բաց ու լսելի բոլորի համար, ինչը վկայում է, որ բանաստեղծի նոր գրքերի լույս աշխարհ գալը չի ուշանա, քանի որ կարոտը միշտ երգ է ծնում երազանքի ճամփին:
ՏԱՐԱԳԻՐ ԿԱՂՆՈՒ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
