
Վարդան Ֆերեշեթյանի կոլաժն էր կարդում: Անգերազանցելի Սերգեյ Փարաջանովի մասին էր: Հեղինակը պատմում էր, թե ինչպես էր կինոռեժիսորն արդեն խարխլվող իր տանը, բայց դեռ քեֆերի ու գեղեցկուհիների քաղաքի շունչն ու ոգին պահպանած Թիֆլիսում, ընդունում մեծանուն հյուրերի.
«…Մարչելլո Մաստրոյանին երբ ողջ գիշեր խրախճանում էր հենց փողոցում երկար ու լիքը սեղանի շուրջ, հարևան տների բնակիչների և հատկապես իր երկրպագուհիների հետ, և արդեն գինովցած գրկելով տարեց ու փոքր-ինչ գիրուկ վրացուհիներին՝ քաղաքական ապաստան էր պահանջում Վրաստանում…»:
Սիրտը գարեջուր ուզեց: Գիրքը դրեց մի կողմ, սառնարանից վերցրեց շիշն ու դուրս եկավ պատշգամբ: Աստղերով զարդարուն տա՜ք ու կապույտ հարավի գիշեր էր՝ կախարդանքի գիշեր, ու… «հովի թևին թռչելով» հայտնվեց Թիֆլիսում, Փարաջանովի բացած սեղանին, մաեստրո Մարչելլո Մաստրոյանիի դեմ դիմաց:
Թեև կեսգիշերն անց էր, ու փողոցային լույսերը վաղուց մարել էին, հանդիպակաց շենքերի պատուհանից պատուհան իրար ձայն տալու ազատություն էր, պարերը դադարել, երգ ու ասմունք էր, երկար ու լիքը սեղանին գինին հոսում էր «…էն Քռի նման…», կանանց ծիծաղը կուլայից հոսող գինու կարկաչ էր, ու նրանք արդեն թմբըլ մորքուրներ էին՝ սիրային կյանքի արժեքները դալար հասակում լիովին չգնահատած:
Եվ ինչպես կոլաժում էր ասվում, արդեն գինովցած մաեստրոն, գրկելով նրանց, քաղաքական ապաստան էր պահանջում Վրաստանում…
Այդ ամենի հետ նկատելի էր նաև իտալացի մեծանուն հյուրի՝ ներողամտություն հայցող ժպիտն ու հայացքը, թե՝ կներեք, ախր ես էլ, ինչպես և ձեր Սերգեյը, անմահության ձգտեցի, բայց չհասա, էլ ինչպե՞ս կարող եմ իմ չունեցածից ձեզ էլ բաժին հանել ու ձեզ անմահություն տալ, կարող եմ սփոփել միայն շոյանքներով ու գգվանքներով, որ հասու են ամենասովորական մահկանացուներին անգամ:
Դատելով թմբըլ մորքուրների հաջորդվող ու անառիթ լաց ու ծիծաղից՝ նրանք ամենևին էլ դժգոհ չէին նման սփոփանքից: Մտածեց, որ գուցե այլակերպվել կամ ավելորդ խստացվել են մեր պատկերացումները հեռավոր ժամանակների օրգիաների մասին…
Բարեհոգի ինքնաներում զգաց, կանանց անմահություն պարգևելու տղամարդկանց հարատևող պարտքը մարելու համար Մաստրոյանիի նման ինքն էլ նման մի քայլի կգնար, ավելին, բացի Վրաստանից, գուցե թե քաղաքական ապաստան կխնդրեր նաև Հին աշխարհի օրենսդիրներից՝ ասենք, Ասորեստանից, և դիմումը կհղեր անձամբ թագուհի Շամիրամին կամ գուցե Կլեոպատրայի՞ն Եգիպտոսից:
Թագուհիներն ու գիրուկ վրացուհիները մտքերի մեջ՝ հովը նրան նորից իր թևին առավ ու հասցրեց երևանյան իր տան պատշգամբ:
Վա՛հ, ինչ կարճ էր տևել ամենը, մի պահ միայն՝ գարեջուրը դեռ սառն էր: Լիքը լցրեց գավաթն ու փրփուրին փչելով՝ խմեց ասորական կամ եգիպտական անապատների երկար ու անօազիս ճանապարհներով անցնելիս ծարավածի պես: Խմեց ու ափերի մեջ պահած գավաթի սառնությունն ըմբոշխնելով՝ երկինք նայեց:
Տա՜ք ու կապույտ գիշեր էր, հարավի հավերժաբույր գիշեր՝ անմահ ու գալարալույս աստղերով զարդարուն:
