ԵՐԲ ԲՅՈՒՐԵՂԱՆՈՒՄ Է ՊԱՀԸ / ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Ամեն մի համակարգ այլ բան չէ, քան տիեզերքի մասին
բոլոր տեսակետների կախվածությունը դրանցից որևէ մեկից»:
Խ. Լ. Բորխես

Գիտնականներն այսօր «ունիվերսալոգիա» գիտություն են փորձում ստեղծել, իսկ բանաստեղծության մեջ հույզը սկսում է ներառել նաև այն, ինչ անմիջապես իրեն չի վերաբերում: Դա մի կողմից լայնացնում է բանաստեղծության ընդգրկած աշխարհը, մյուս կողմից` հանգեցնում էկլեկտիզմի: Ավելի մեծ չափով են խառնվում անձնականն ու ոչ անձնականը: Մարդը սկսում է պարունակել աշխարհը, բայց քանի որ բանաստեղծությունը հոգեվիճակ է, պահ կամ պահերի ամբողջություն, ուստի այն իր բնույթով առանձնացված է այլ պահերից ու հոգեվիճակներից: Ուստի հարց է առաջանում` կարո՞ղ է ապրումը պարունակել նաև այն, ինչ իր սահմաններից դուրս է: Չէ՞ որ զգացողությունը որոշակի տարրերի միավորում է, որոնք տվյալ պահին դառնում են գերակա ու սահմանազատվում այլ զգացողություններից: Բայց մարդը չի ուզում սահմանափակվել գոյություն ունեցողով: Նա տեսնում է նաև աշխարհի այն հատվածները, որոնք անմիջականորեն դուրս են իր զգացողության տիրույթից: Նրան թվում է` իր զգացողությունն ընդգրկում է նաև այն, ինչն իրականում չի եղել զգացողության ձևավորման ընթացքում զգայարանների միջոցով ստացած տեղեկատվության մեջ ու դրա մշակման մտավոր-հուզական գործընթացում: Տարրալուծվում են առանձին հույզերի, գրգիռների սահմանները, գիտակցությունը ձգտում է ամբողջականության, քանդվում են բոլոր համակարգերը: Բանաստեղծը շաղախում է իր համար կարևորն ու այն, ինչը պարզապես գեղեցիկ է թվացել, կարևորն ու այն, ինչը նկատել է իր սուր աչքը: Բանաստեղծը կառչում է աշխարհի տարբեր անկյուններից, որոնք այս կամ այն կերպ առնչվել են բանաստեղծության համար հուզական ու բանական հող նախապատրաստած բուն իրականության հետ: Այդպիսին կարող է լինել խանութի ցուցափեղկը, իր հագի կոշիկը, հարևան երթուղայինից նայող անծանոթ ուղևորը: Սա հույզի միջավայրն է, այն օբյեկտիվ իրականությունը, որը շրջապատել է բանաստեղծին բանաստեղծական ապրումի ծննդյան պահին: Նա ցանկանում է բանաստեղծություն տեղափոխել ոչ միայն իր ապրումը, այլև միջավայրը, եթե այն նույնիսկ անմիջականորեն չի առնչվում իր հույզի հետ: Դա լիակատար ամբողջականության ձգտումն է, որի չգիտակցված ու անհասանելի նպատակը, գուցե, ամեն բան ասող մեկ բանաստեղծությունն է: Բայց կարո՞ղ է արդյոք լինել ողջ տիեզերքն ընդգրկող մեկ բանաստեղծություն: Կարելի՞ է նվաճել ամբողջականությունը` հաղթահարելով ձևի սահմանափակությունը: Կա՞ն այնպիսի պատկերներ, որոնք թույլ կտան դուրս գալ բառերի, տողերի, քերականական կառույցների սահմանափակումներից: Կարո՞ղ է բանաստեղծությունը լինել պահ ու միևնույն ժամանակ հավիտենություն կամ «սահմանափակ» հավիտենություն, այլ կերպ ասած` տևական անցողիկություն: Բայց այդ դեպքում աշխարհում իսկապես բավական կլիներ մեկ բանաստեղծությունը, կամ յուրաքանչյուր բանաստեղծ իր կյանքում առնվազն շատ քիչ բանաստեղծություններ կգրեր:
Չնայած առավել ամբողջականության ու համապարփակության հասնելու հավակնության` կարծում եմ` բանաստեղծությունը կարող է առավելագույնը լինել կամուրջ անցյալ, ներկա ու ապագա, արտաքին ու ներքին, յուրացված ու չյուրացված աշխարհների միջև: Բայց այդպիսի կամուրջ կարող է լինել միայն լավ բանաստեղծությունը: Իսկ ո՞րն է լավ բանաստեղծությունը: Երևի այն, որտեղ իրականության համապարփակությունը առաջացնում է ոչ թե զգացողությունների շփոթ, հասկացված ու չհասկացված պատկերների ամբողջություն, այլ ստեղծվում է այնպիսի զգացողությունների համադրումից, որոնք շրջանցում են ձևն առհասարակ: Լավ բանաստեղծությունը ձգվում է այնքան, որքան ձգվում է բանաստեղծի զգացողությունը, թեև այնքան հարաբերական են զգացողությունների եզրագծերը: Այս կառույցը ընթերցողին շփոթության մեջ չի գցում, որովհետև չի ստիպում նրան բանաստեղծությունը հասկանալու համար վերականգնել մի իրականություն, որի մանրուքները նա տեսնում է բանաստեղծության տողերում, բայց որոնք, սակայն, միայն սուբյեկտիվ ու հաճախ ոչ կարևոր պայմաններ, ուղեկցող, միանգամայն անկախ հանգամանքներ են եղել: Այսպիսի բանաստեղծությունը կարծես շրջանցում է բառերը: Բայց խոսքը պարզապես այն մասին չէ, որ բառն ու տողը ավելի հարուստ ենթատեքստ են ձեռք բերում: Այդ բանաստեղծությունը բարձր է նաև ենթատեքստից: Մտքի համար բավարար չէ բառային թաղանթը, ու կարծես շըրջանցվում է տրամաբանության այն ճշմարտությունը, որ միտքը ձևավորվում է բառային թաղանթով: Այս բանաստեղծությունում միտքն ու հույզը հանդես են գալիս կարծես որպես առանձին մեկ գոյություն, որն անկախ է ցանկացած պատկերից: Խորությունը գալիս է ինքնիրեն, առանց սենսացիայի ու զարմանքի, հայտնաբերվում է պարզագույն տարրերի մեջ: Բառն ու պատկերը դառնում են ոչ թե ձև, այլ տարածք: Բանաստեղծը կարծես առանձին տներ է կառուցում օդի` համընդհանուր մտքի համար, որը հավերժ շարժվում է ու փոխազդում տարածքի սահմաններից դուրս գտնվող մթնոլորտի` համընդհանուր մտքի հետ: Դրսի ու ներսի կապերը նույնքան անտեսանելի են, բայց և նույնքան շոշափելի, որքան օդի և մթնոլորտի միջև: Այս բանաստեղծությունը էկլեկտիկ չէ, որովհետև կառուցված է այն սկզբունքով, որ ոչ թե աշխարհից տարբեր տարրեր են ընտրվում, այլ ընտրվում են իրար շարունակող տարրեր: Բայց կարելի է ասել, որ այս աշխարհում ամեն բան էլ շարունակվում ու լրացնում է մեկ այլ բանի: Այս բանաստեղծությունը, սակայն, առանձնանում է նրանով, որ բանաստեղծը կարողանում է դրա մեջ քարացնել շարունակականության և փոխազդեցության շարժումը: Կարծես ամեն բան քարանում է շարժման պահին: Եթե չկա այդ քարացումը, ապա բանաստեղծությունը ամբողջական չէ, այն պարզապես կոլաժ է` պատրաստված տարբեր շարժումներից, որոնք չեն ավարտվում ու անորոշ ուղղություն ունեն: Իսկ երբ բանաստեղծությունը դառնում է շարունակականության ու փոխլրացման քանդակ, ստեղծում է հարաբերական ավարտվածության ու համընդհանրության տպավորություն: Իսկ այս զգացողությունը շատ ավելի մոտ է աշխարհի ամբողջական ընկալմանը, քան պարզապես տարբեր, հաճախ շատ հեռավոր զգացողությունների «ներհյուսումը» մեկ բանաստեղծության մեջ: Այս բանաստեղծությունը քարացած ժամանակի պատրանք է ստեղծում, որը նման է աշխարհը հեռվից դիտելուն (իսկ հեռվից ամեն բան ավելի ամբողջական է երևում):
Բանաստեղծական այսպիսի կառույցի համար թերևս տեղին է մի հարաբերական հասկացություն ներմուծել` «մաքուր բանաստեղծություն». գրողը չի կեղծում կամ չի հորինում ո՛չ մի ապրում, ո՛չ մի համեմատություն կամ փոխաբերություն` անգամ հանուն հավելյալ արտահայտչականության կամ խորհրդավորության: Եթե չափազանցության հնարքին դիմենք, ապա կարող ենք ասել մոտավորապես այն, որ չափազանցությունը մասամբ դադարում է գեղագիտական հնարք լինել կամ ավելի ճիշտ` դուրս է մղվում գեղարվեստական արտահայտչամիջոցների ցանկից, հնանում է, դառնում շատ քիչ կիրառելի: Բանաստեղծությունը դադարում է հորինվածք լինելուց, իսկ հավելյալ արտահայտչականություն ձեռք է բերվում բանաստեղծի երևակայության ու խորաթափանցության կատարելագործմամբ: Կարելի է հակաճառել ասվածին` նշելով, որ միշտ էլ այդպես է եղել, որ չկա լավ բանաստեղծություն` առանց խորը անհատականության: Բայց եթե նախկինում այդ անհատականությունը միայն տողերի նախապայման էր, սկըզբնաղբյուր, ապա մաքուր բանաստեղծության ու հեղինակի անհատականության կապը միջնորդավորված չէ պաթոսով և առհասարակ որևէ պայմանականությամբ: Հեղինակի անհատականությունը ուղղակի տեղափոխվում է բանաստեղծություն: Մաքուր բանաստեղծության մեջ բանաստեղծը առավել, քան երբևէ ստիպված է լինում հետևել մի պատվիրանի` «Ծանի՛ր զքեզ»: Բանաստեղծությունը դառնում է ինքնաբացահայտում: Բանաստեղծն արդեն ոչ թե հորինում է մակդիրներ աշխարհի ու իր էության համար, այլ բացահայտում է, թե ինչպիսին են ստեղծել իրեն ու աշխարհը: Սա արդեն հիացմունք, զարմանք, բողոք կամ ինչ-որ բանի հրավեր չէ: Սա գուցե ավելի կրավորական մի բան է, որովհետև մարդն արդեն ինքը չի հորինում, այլ փորձում է հասկանալ, թե ինչպես է հորինել բնությունը, բայց և առավել ստեղծագործական ու չափազանց բարդ աստիճան է, քանի որ ինքնաճանաչումը արտաքին որակներից ու դրանց առաջացրած ապրումներից (զարմանք, ուրախություն, ցավ…) բարձրանում է այդ ամենը հասկանալու հարթություն: Հասկանալու, բայց գուցե նաև պարզապես թվարկելու, որովհետև թվարկումի մեջ կարծես հաշտեցում կա, խաղաղություն, իսկ դա լինում է ինքնաճանաչման բարձր աստիճաններին: Պահի իրականությանը ոչինչ չի հավելվում, քանի որ պահն արդեն մասամբ ինքնաբավ ու կառուցիկ իրականություն է: Ապրումը դառնում է անխառն ու սահմանափակվում պահի զգացողությամբ: Բանաստեղծը կարիք չունի գումարելու այն, ինչ անմիջականորեն չի առնչվում պահի հետ: Երբ ոչինչ չի ավելացվում իրական ապրումին, պահի մարդկային ու բանաստեղծական ընկալմանը, իրականությունը, անգամ երազի իրականությունը դառնում է ավելի իրական ու մոտենում բնությանը, իսկ դրանից ավելի կատարյալ ոչինչ չկա: Իրականության այլ պահերը այլ բանաստեղծություններ են:
Իհարկե, պահը կարող է նաև բաղադըրյալ լինել, կարող է կրկնվել ժամանակի տարբեր կետերում ու նույնաբնույթ ապրումներ ծնել, որոնք կարող են բանաստեղծի մտքում տարբեր պատկերների ձև ստանալ: Այդպես տողերն առանձնանում են ու բանաստեղծություն չեն կազմում: Մնում են մենակ, ավելի իրական, որովհետև ինքնուրույն են: Ամեն մի տող իրական է այն ժամանակի մեջ, որում ստեղծվել է, ու անկախ է այդ ժամանակի մեջ: Բայց երբ անկախ ու կայուն տողերը ինչ-որ ժամանակ մնում են առանց ընթերցվելու` ինքնաբավության կամ երբևէ գումարվելու հավակնությամբ, նրանց մեջ տեսանելի են դառնում նմանություններն ու ընդհանրանալու ներունակությունը: Եվ պարզվում է, որ նման են եղել նաև ժամանակի տարբեր պահերը, ուրեմն և ապրումները, ուրեմն և ամեն ինչ: Այս դեպքում բանաստեղծը կարծես խմբավորում է հարահոս ժամանակի հոմանիշ միավորները ու կարծես բացարձակ ժամանակ` բացարձակ պահ ստեղծում:
Բանաստեղծությունից ավանդական իմաստով այսօր հեռացել է պաթոսը, բայց բանաստեղծությունն այսօր հաճախ է հայտնվում մեկ այլ պաթոսի մեջ, որն իրականում այնքան էլ տարբեր չէ դասական բանաստեղծության պաթոսից, թեև չափազանց տարբեր է թվում: Պարզապես եթե նախկին պաթոսը դրսևորվում էր բառային միջոցներով, ապա այսօր` ցիրուցան պատկերների: Ցանկանալով զերծ մնալ պաթոսից` ցանկանում ենք մի նոր որակ գտնել բանաստեղծության համար, մի բան, որ այն կտարբերի, ուշագրավ կդարձնի: Պաթոս է դառնում ամեն բան միավորելու հավակնությունը: Անշուշտ, վառ երևակայության ու մտավոր որոշակի կարողություններ ունեցող ընթերցողը կարող է ցանկության դեպքում կապակցել բանաստեղծության անգամ ամենահեռավոր պատկերները, բայց դրանով բանաստեղծության իրականությունն ավելի ամբողջական չի դառնում: Այս մասին ավելի մանրամասն արդեն նշել ենք:
Բայց հնարավո՞ր է բացարձակ անխառն, ճշմարիտ բանաստեղծություն: Մարդկային խոսքն ուսումնասիրողները խոսում են մետալեզվի մասին, այսինքն` այն լեզվի, որն իրականում խոսքի հիմնական գործառույթի` տեղեկատվություն փոխանակելու համար չէ: Դա նույնիսկ հատուկ անուն ունի` շոյանքի միկրոտեխնիկա: Սրան մենք անընդհատ դիմում ենք առօրյա շփման ընթացքում, երբ հարցնում ենք, օրինակ, թե ինչպես է մեր զրուցակիցը, թեև այնքան էլ հետաքրքրված չենք նրա որպիսությամբ: Սա մետալեզվի մի փոքրիկ ասպեկտ է: Գիտնականները նշում են, որ առանց այդ մետալեզվի հնարավոր չէ պատկերացնել մարդկային հարաբերությունները: Բայց եթե այնուամենայնիվ մետալեզուն չլիներ, մարդիկ առօրյա շփման ընթացքում չափազանց քիչ կխոսեին: Այդ տեսակետից կշահեր լռությունը: Մաքուր բանաստեղծության խնդիրը սերտ կապ ունի մարդկային հաղորդակցման հետ ընդհանրապես: Այսօր, երբ հեռուստատեսության արտադրանքի մեծագույն մասը հենց մետալեզու է, իսկ հեռուստատեսությունը ոչ միայն իրականության արտահայտող է, այլև ձևավորող, ուստի ավելի սրությամբ է դըրվում այդպիսի «մետալեզվային» իրականության մեջ մաքուր բանաստեղծության հնարավոր լինել-չլինելու խնդիրը: Իմ կարծիքով` առավելապես հենց այդպիսի իրականության մեջ է հնարավոր ու հարկավոր մաքուր բանաստեղծությունը` որպես այլընտրանքային իրականություն: Այդ բանաստեղծությունն ազատ է մետալեզվից ու իրականության միջուկն է` առանց այլազան հավելումների: Պատահական չէ, որ բոլոր ժամանակներում էլ հակիրճ բանաստեղծության ձևերը, ասենք, Թումանյանի քառյակները, ճապոնական հոքուներն ու թանքաները հաճախ ամենախորքային-փիլիսոփայական կառույցն են համարվել: Հակիրճությունը հնարավորինս ազատ է հորինվածքից, անգամ արվեստին բնորոշ պայմանականությունից: Մաքուր բանաստեղծությունը նորություն չէ, բայց այսօր աղմուկի աշխարհում այն դառնում է լռության փրկօղակ:
Անշուշտ, ասվածը չի ենթադրում, որ պաթոսով բանաստեղծությունը ճշմարիտ ու անկեղծ չէ: Մաքուր բանաստեղծությունը հնարավոր ձևերից միայն մեկն է, իրականության պատկերման մի տարբերակ, զգացողության մի ձև: Իսկ ամբողջականությունը միայն ձգտում է ու անհասանելի միայն մեկ ժամանակաշրջանի, միայն մեկ սերնդի, մեկ կամ մի քանի գաղափարական ուղղության համար: Պարզապես ամեն մեկը կառուցում է մեկ բջիջ, իսկ իրականությունը առանձին վերցված ոչ մի բջջում չէ: Բացի այդ, այս աշխարհում երևի իսկապես անհնար է առանց մետալեզուների, ու մետալեզուներով խոսող զանգվածների համար իսկապես ավելի մատչելի է մետալեզվային բանաստեղծությունը, որը խորությունը շաղախում է մակերեսով ու ավելի հանրային դարձնում խոհը: Պաթոսի ու ոչնչի մեջտեղում մի բան կա, որ իրականություն է կոչվում: Բայց իրականությունը գուցե այդ գծի ինչ-որ այլ մասում է, գուցե հենց ծայրաբևեռներից մեկում: Մետալեզուն նաև յուրատեսակ զվարճանք է, «ազատ ժամանակ», «ոչ աշխատանքային օր», երբ ու որտեղ կարելի է ավելի թեթևորեն տարածվել: Իսկ մաքուր բանաստեղծություն ունենալու համար պետք է ազատվել մեր այսօրվա պոեզիային բավական բնորոշ էկլեկտիկությունից ու դրանով դառնալ ավելի պարզ, միևնույն ժամանակ` ավելի խորքային: Այստեղ բյուրեղանում է պահը: Իսկ եթե մի օր վերանան բոլոր հոգսերն ու խնդիրները, բանաստեղծությունը սաղմոսի, շարականի, փառաբանության, օրհներգի կվերածվի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.