Գրողի մտորումներ / ՀՐԱՉՕ

Անկախության ծառը դեռ չծաղկած՝ ճարպիկները կարողացան բերքն իրենցով անել: Ծառ ու այգի էլ չլինի, նրանք իրենց բերքը կհավաքեն: Հունդուսերմ, հողի քրտինք չտեսածները հարձակվեցին համաժողովրդական ունեցվածքի վրա: Պատառ-պատառ արեցին հողը: Նեղ ու լեն օրերի համար խնայդրամարկղներում պահ տված ավանդները խնամքով յուրացրին: Մարդ պատեպատ է խփվում, երբ մտածում է, թե ինչպես դուրս գա էս վիճակից: Ուրախությունից կարող ենք նաև լաց լինել: Մենք՝ մենք էինք, հեշտ ու հանգիստ դարձանք մենք ու դուք, դուքն էլ ջնջվեց, տակը մնաց մենք ու մունքն ենք, որ կանք: Եվ դա կոչվում է ժամանակ: Ում խելքին է փչել, որ կարողացել է ասել՝ Հայաստանն առանց հայերի: Քանի տարի է` մեր ժողովուրդը քաղցրաթմբիր փախուստի մեջ է, փախչում է ինքն իրենից: Փախչում են բոլոր նրանք, ովքեր կարոտ են աշխատանքի, այսինքն՝ գոյամիջոցի: Ու պիտի շատ զարմանամ ու զայրանամ, որ երկրից հեռանում են նաև նրանք, ովքեր կռվել են Ղարաբաղյան դյուցազնամարտում: Ինչեր են կատարվում Հայաստանում…
Ժամանակավրեպ մեր ժամանակներում կատարվում են վաղուց չլսված դեպքեր: Մեր աշխարհը իր վարք ու բարքով անճանաչելի է դարձել: Լավ զրույց-խրատ խորհրդի ժամանակներն անցել են: Ասածներս ի՞նչ է, որ լսածներս ինչ լինի: Եվ կերածնե՞րս ինչ է: Եվ ի՞նչ է տեսածներս… Ինչո՞ւ չեմ շարունակում: Ինչո՞ւ դանդաղեցի: Ինչո՞ւ եմ մտածում, որ խմբագրապետը կջնջի «Եվ կերածներս ինչ է» բառերը: Բայց սա լոկ նախադասություն չէ, այլ ազգային մտածողություն: Նախ՝ ինչպես են սնվում մեր երեխաները, և ոչ միայն երեխաները, ինչպես են սնվում զինվորները: Պարզվում է, որ նաև… ծերերն էլ են մարդ, հիվանդներին նույնպես սնունդ է հարկավոր: Իսկ ժողովուրդդ ինչպես է սնվում: Դու անկարող ես լինել գող, թալանչի, ավազակ, ինչ ուզում ես դարձի, կարող ես փողի ուժով տիրանալ ամեն ինչի, և՛ պաշտոնի, և՛ մեդալի, ուրիշ բան չլինի, եթե վաստակավոր մականունավոր ես՝ դարձիր պատգամավոր: Ամեն ինչ, ամեն լավ բան տալիս ենք երեխաներին, բայց թունավոր սնո՞ւնդ: Կեղծիք է ամեն ինչ: Կեղծում են հացը, կարագը, մեղրը, դրամը, ընտրությունները: Հայաստանի բնությունը մենք աղավաղում ենք: Անապատացում է ամենուր: Ժողովուրդը պարապսարապությունից, շատ բան չիմանալուց դարձել է սովորեցնող: Սովորեցնում ենք, ուրիշ ի՞նչ անենք, երբ ժամանակին չհասկացանք և չիմացանք, որ պետք է սովորել: Եվ, երևի, լավը դա էր, եթե սովորեինք՝ էսօր գործ չէինք ունենա: Ամենքս նստած մի տեղ՝ պետություն ենք կառուցում, պետականություն ենք ամրակայում, օրենքներ ենք մշակում, ամենուր հիշում ենք անուններ, տեսնում դեմքեր, որոնք մաշկահան են անում ժողովրդին: Նրանք հայտնի են իրենց մեքենաներով, ունեցվածքով, անհագ հարստությամբ: Եվ տեսնում ենք բոլորս ու ցավով կամ հեշտությամբ լքում ենք Հայաստանը: Ի՞նչ անի գրողը: Ես ամաչում եմ նայել և՛ երեխաներին, և՛ մեծերին, ուսուցչին, բժշկին: Ավելի շատ սահմանապահ գյուղերի ժողովրդից եմ ամաչում: Ասես աշխարհում միայն ես եմ մեղավոր, որ ժողովրդի տեղը նեղ է:
Հայաստանը փոխում է իր դիմագիծը: Առաջվա գյուղն ու գյուղացին չկան: Լավ խեղճացրել են այգեգործին, հողագործին, գյուղաբնակին: Մարդը քափքրտինք մտած՝ բարիք է ստեղծել: Լսում ենք՝ լավ բերք է աճել: Խաղողի տարի է: Նման բերք մեկ էլ ե՞րբ է եղել: Եվ հանկարծ լսում-տեսնում ես, որ խաղող մշակող գործարանները ի վիճակի չեն ընդունել խաղողը: Երբեք այսքան դաժան չեն վարվել արարող մարդու հետ: Ի՞նչ է նշանակում փակ դուռ: Տունը լիքն էր ձայներով: Սարը լիքն էր ամեն ինչով: Ինչո՞ւ հավատացինք մեր երազանքին: Անկախություն և ազատություն բառերը գերեցին բոլոր նրանց, ովքեր հավատում էին: Ինչո՞ւ էսքան հավատացինք, ինչո՞ւ ուշ հասկացանք, որ ամեն մի նվիրյալի շուրջը վխտում են հազար չկամներ: Ես Հայրենական մեծ պատերազմի սերունդ եմ: Ինձ ծանոթ է սովի զգացումը: Հացի գինը և խոսքի գինը մանկուց գիտեմ: Մեզ փրկում էր անտառը: Հաց չկար: Ունևորն անգամ չունևոր էր դարձել: Պատերազմից հետո մեր գյուղ երկու ընտանիք բերեցին: Հայ էին, բայց ուրիշ հայերենով էին խոսում: Լսեցինք, որ Սիրիայից են: Նրանց հարազատները անցել են անապատներով, հազիվ են փրկվել: Հալեպում արաբները վրանների քաղաք էին ստեղծել: Գուրգուրել նրանց: Հույս ու հավատ ներշնչել: Կյանքը ծանր էր: Մեր բաժին սիրիահայերը հիանում էին մեր բնությամբ: Եվ զարմանալի էր, որ էն չունևորն էլ փեշը մի բան էր դնում և այցելում նրանց: Իսկ այժմ պատերազմի ճիրաններից փրկված սիրիահայերի նոր ընտանիքներ, խմբեր են գալիս Հայաստան: Ինչպե՞ս են նրանց ընդունում մեր հայրենիքում: Ինչո՞ւ են մի քանի ամիս մնալուց հետո շատերը հեռանում: Ո՞ւր մնացին Անդրանիկ Ծառուկյանի «Մանկություն չունեցող մարդիկ» ու «Երազային Հալեպ» գրքերի մարդիկ: Փառք Աստծու, գոնե հարուստները լիքը-լիքը ապարանքներ ունեն, շենքերում՝ հարկաբաժիններ՝ իրենց առանձին վերելակներով, ամառանոցներ: Ոչ մեկը խեղճ չէ: Իրենց լավ դիզել են: Ինչո՞ւ որևէ իշխանավոր բարեգութ չի գտնվում օրինակ լինելու համար և գոնե մի ընտանիքի չի առնում թևերի տակ: Չի ասում՝ ապրի՛ր, սիրելի՛ հայրենակից, մինչև քո տունը կունենաս: Արաբները դա արել են Եղեռնից հետո:
Գրողի համար դժվար է ապրել առանց հույսի, հավատի: Գրողի համար ամեն ինչ կապված է ժամանակի հետ: Հավատանք, որ ժամանակն է ստեղծում կերպարներ: Ու երբեք չի կարելի ասել, որ ժամանակներն են մեղավոր: Մարդն է ստեղծում իր ժամանակը: Պատերազմը հուշում է զգոնություն: Թշնամիներ շատ ենք տեսել: Մեր հողը շատ է տրորվել: Այսօր իշխանավորները թշնամու գործ են անում: Կուսակցականացած մեր ժողովուրդը դիմացինի մեջ թշնամի է որոնում: Անկեղծ ասած, ես վախենում եմ երկիրը ներսից քանդողներից: Ամեն օր մենք հայրենիք ենք կորցնում: Լավ գրելով չի փրկվում ո՛չ հողը, ո՛չ էլ մարդը:
Փրկի՛ր հողդ, փրկի՛ր լեզուդ, հասիր քո հող ու ջրին, դուռդ բաց պահիր, որ քո աչքով տեսնես ու հավատաս զավակիդ ճախրանքին: Եվ ի՞նչ անի գրողը, երբ իր աչքով է տեսնում, թե ինչպես են մարդիկ դիմում փախուստի: Ժամն է հնչեցնելու համահայկական, համամարդկային զանգերը: Փրկե՛նք մեր երկիրը նախ մեզնից, հետո տեսնենք:
Թեյնիկն է երգում ինչ-որ եղանակ,
Որ Բեթհովենին պատիվ կբերեր:
Ձմռան եղյամած պատուհաններին
Մի ռեմբրանդտյան փորագիր նկար:
Շեքսպիրին է կյանքը ձեռ առնում
Իր ողբերգական դրամաներով:
Իսկ մենք՝ ես ու դու, արվեստ ենք խաղում
Եվ մի այնպիսի համոզվածությամբ,
Որ Սերվանտեսի հերոսն էլ չուներ:
Ամեն ինչ ասել է Պարույր Սևակը, ես էլ ի՞նչ ասեմ էս խառն ու խրթին ժամանակներում: Մեկ է, չենք խրատվում, խելքի չենք գալիս, լքում ենք մեր տունուտեղը և հաց ու բախտ որոնում ուրիշի դռներին: Եվ բոլոր մեղքերը՝ օրենք ունեցող, բայց երբեք օրենքով չաշխատող երկրի կաշառակեր, օլիգարխ, անարժան իշխանավորների պատճառով: Երկիրը մաս-մաս բաժանել են: Մի ժամանակ խնձորի նման կիսված երկիրը հիմա չգիտես քանի մասի է բաժանված: Երկրի փրկությունը մեր ձեռքերում է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։