Սամվել ԿՈՍՅԱՆ – Բանաստեղծ և երգահան: Նույն գետի երկու ափ են հիշեցնում, որոնք թեև մշտապես դեմ դիմաց, սակայն իրականության մեջ չեն հատվում: Արդյոք այդպե՞ս է նաև ստեղծագործական դաշտում:
Վահան ԱՆԴՐԵԱՍՅԱՆ – Իրականում երգն ու բանաստեղծությունն անընդհատ հանդիպում են իրար: Բանաստեղծությունն ունի ձգտում դեպի երաժշտությունը: Իր հերթին, երաժշտությունն ունի ձգտում դեպի խոսքը: Իզուր չէ, որ հին ժամանակներում բանաստեղծական և երաժշտական տարբեր ձևեր միավորված են հանդես եկել` սոնետ, կանցոն, ռոնդո, բալլադ, մադրիգալ և այլն: Հետագայում նրանք առանձնացան, բայց երաժշտական ստեղծագործություններ սոնետը (արդեն հիմա` սոնատ), ռոնդոն, բալլադը պահպանեցին իրենց մեջ միջնադարյան նախատիպերի ձևերը: Երաժշտական ստեղծագործություն սոնատը, օրինակ, պահպանեց չորսմասանիությունը: Բանաստեղծական ձև սոնետը ևս չորս տնից է բաղկացած: Ձևական իրենց նախատիպերն են պահպանել նաև ռոնդոն և բալլադը: Խոսքն ու մեղեդին կապված են իրար հետ: Բանաստեղծություն գրելիս երբեմն նախընտրում եմ երաժշտականության ձգտող ձևերը, երբեմն բանաստեղծությունների մեջ ընտրում եմ երաժշտական, թեթևահնչյուն բառերը, երբեմն ընդգծում եմ բառերի մեջ շ, հ, ս, թ և այլ բաղաձայններ, ընդգծում եմ ձայնավորները, օգտագործում եմ տարբեր հանգեր, տարբեր չափեր. նպատակը մեկն է` մոտեցնել բանաստեղծությունը երաժշտությանը:
Ս. Կ. – Ցավի ախտանիշը հոգու փորձությո՞ւն է, թե՞ կյանքը խորապես ճանաչելու հնարավորություն:
Վ. Ա. – Ե՛վ այն, և՛ այն: Իհարկե, Աստված չի կամենում, որ մարդը ցավ ապրի: Սակայն այս աշխարհում, ցավոք սրտի, առանց ցավի հնարավոր չէ ապրել, քանի որ Աստծո ստեղծած կատարյալ աշխարհը, որ մարդուն տրված էր վայելելու համար, վերջինս վերածեց դժոխքի: Եվ հիմա բոլորս անցնում ենք այս աշխարհի դժոխքով: Ոմանք, ովքեր չեն կամենում կորցնել ի ծնե տրված և մեր կողմից պահպանած, խնամած պատվիրանները, անցնում են աշխարհի դժոխքով և փորձվում, մշակվում, հունցվում, ամրանում հոգեպես, նաև ճանաչում աշխարհը և իրենք իրենց, դառնում հոգեպես հարուստ: Սուրբ Բարսեղ Կեսարացին ասում էր. «Եթե ուզում ես ճանաչել Աստծուն, ճանաչիր ինքդ քեզ», և ահա ինքդ քեզ, կյանքը և Աստծուն ճանաչելու պրոցեսն անցնում է ցավի միջով: Հին հռոմեացիները յուրացրել էին իրենց բանաստեղծներից մեկի թևավոր խոսքը` փշերի միջով դեպի աստղերը: Նույնիսկ ցավ են ապրում նրանք, ովքեր ուզում են հարմարվել այս աշխարհին, հրաժարվել պատվիրաններից, ընդունել գոյի սահմանած կանոնները: Ամենաչար մարդն էլ ցավ է ապրում, սակայն նա դրանից չի մաքրվում, կատարսիս չի ապրում, նա ավելի է չարանում և, վերջապես, զրկվում հոգու ապագա երանությունից` դրախտից:
Ս. Կ. – ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված, այսպես կոչված, Լանզարոտեի կոնվենցիան ամենատարբեր, հիմնականում բացասական քննարկումների է արժանացել: Արդյոք «հրեշն» իսկապե՞ս այդքան սարսափելի է:
Վ. Ա. – Միայն միամիտ, հիմար կամ փակհոգի մարդը կարող է հավատալ, որ Լանզարոտեի կոնվենցիան իրենից վտանգ չի ներկայացնում մեր երեխաների դաստիարակության համար: Ես այդ մասին խոսել եմ և նորից եմ ասում` ոչ մի ծնող չի համաձայնի, որ տարրական դասարանում սովորող իր երեխան գիտելիքներ ձեռք բերի սեռական դաստիարակության մասին: Իսկ սեռական կողմնորոշումների, գենդերային հակումների մասին չեմ էլ ուզում խոսել: Այս ամենն ուղղորդելու է երեխաներին դեպի հոգեկան խաթարում, միասեռականություն, ինքնամփոփություն կամ ինքնասպանություն: Նույնիսկ հայտնի հոգեբան և հոգեբույժ Զիգմունդ Ֆրոյդը, որն իր մտահանգումներում չէր առաջնորդվում պատվիրաններով, քանի որ Աստծո չէր հավատում, նույնիսկ նա դեմ էր, որ երեխաները սեռական կյանքի մասին պատկերացում ունենան մինչև մեծ տարիքը: Իր խաթարված, ուսուցիչների կողմից այլասերված վերաբերմունքի և դաստիարակության զոհը դարձավ ապագա հայտնի ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը: Այնպիսի վախեր, գայթակղություններ էին մտցնում վառ երևակայություն ունեցող երեխաների ուղեղները` իբր ապագայում այդ ամենը կանխելու համար, որ նրանք քոլեջից դուրս էին գալիս արդեն այլասերված, վախեցած, կյանքի հանդեպ անվստահությամբ, նույնիսկ ատելությամբ: Հիչքոքը նկարում էր իր ֆիլմերը` մանկական վախերից ազատվելու համար: «Ես երանի կտայի, որ երջանիկ մանկություն ունենայի, ինձ չսովորեցնեին կյանքի սարսափելի կամ գայթակղիչ կողմերը, ես վայելեի մանկական խաղերը, ուրախությունները, հիմարությունները և ապագայում չնկարեի ֆիլմեր` լի սարսափներով, որոնք մանկական տարիքից մեր գլուխների մեջ լցնում էին ուսուցիչները»,- ասել է նա: Երեխան ծնվում է հրեշտակային հոգով, մինչև մեծանալը գոնե պետք է պահպանել նրա անաղարտությունը, որպեսզի ինչպես ծառի տունկն է մեծանում և ամրանալով ծառ դառնում, այդպես էլ երեխան իր մեջ ամրացնի բոլոր մաքուր և աստվածահաճո գաղափարներն ու երազանքները, որոնք ի ծնե իր մեջ կան, և կարողանա պայքարել դրանց իրագործման համար: Լանզարոտեի կոնվենցիայի 2-րդ և 6-րդ հոդվածները բացահայտ չար նպատակներ ունեն, ես կասեի` սատանայական: Այդ հոդվածները ազգակործան ծրագիր են: Շատ զարմանալի է և զայրացուցիչ, որ Ազգային ժողովն առանց հանրային քննարկման և հանրության կարծիքի վավերացրեց այդ կոնվենցիան: Չեմ ուզում ավելի ծավալվել այս կապակցությամբ, միայն ասեմ, որ այդ կոնվենցիան մեջտեղ են բերել գլոբալիստները, որոնց նպատակն է բոլոր ազգերից ստեղծել մի հեղհեղուկ զանգված, որին հեշտ է ղեկավարել և ուղղորդել: Ամբողջ առաջադեմ, գիտակից մարդկությունը հիմա պայքարում է գլոբալիզացիայի դեմ, որպեսզի պահպանի ազգային ինքնությունը, մշակույթը, քրիստոնեական ընտանիքը և քրիստոնեական ավանդույթները: Կրկնեմ` ոչ մի ծնող, հոգեբան, հոգեբույժ և ուսուցիչների մեծ մասը համաձայն չի լինի, որ երեխաները տարրական դասարաններում, նույնիսկ ավագ դասարաններում սեռական կողմնորոշումների մասին դասընթացներ անցնեն: Դա հակառակ է մարդկային բնությանը և մանկավարժական տրամաբանական մեթոդոլոգիային ընդհանրապես:
Ս. Կ. – Ձեր խոսքն է, որ հիմա առավել ևս աղոթքի ժամանակն է: Չե՞ք կարծում՝ մարդկությունն այնքան է հեռացել Տիրոջից, որ հնարավոր է աղոթքները տեղ չհասնեն:
Վ. Ա. – Հավատ ունեցող մարդու աղոթքները միշտ էլ տեղ են հասնում, Աստծուն դիմողն անպատասխան երբեք չի մնա: Ուրիշ բան, որ հավատն է տարեցտարի պակասում: Մենք ապրում ենք դատաստանի ժամանակներում, այն դատաստանի, որին մարդկությունը 2000 տարի սպասել է: Դատաստանի նշաններից մեկն այն է, որ հավատն է պակասում, ավելի է պակասելու: Այդուհանդերձ, մենք` հոգևորականներս, հորդորում ենք աղոթել, չմոռանալ երբեք Աստծուն առօրյա հոգսերում, չփոխարինել նրան ուրիշ որևէ բանով: Եթե շրջվենք Աստծուց, մեր հույսը կապենք աշխարհիկ իշխանությունների, նրանց օրենքների և կամքի, անհատ մարդկանց հետ, մարդկային հոգիների կորուստն ավելի մեծ կլինի: Մարդը հիմա օրվա մեջ հաճախակի աղոթքի մեջ պետք է լինի, գոնե նրանք, ովքեր առանց Աստծո չեն պատկերացնում իրենց կյանքը: Մենք` հոգևորականներս, ամեն ժամերգության, պատարագի ժամանակ խնդրում ենք պետության ղեկավարների, եկեղեցու, հիվանդների, զինվորների, բերքատվության, գերության և պանդխտության մեջ գտնվողների և այլոց համար: Բնականաբար, համաճարակն էլ այն առաջնահերթ խնդիրներից է, որի դեմ էլ բոլորս նաև աղոթքով պետք է պայքարենք: Շտկեմ խոսքս` առաջինը աղոթքով պետք է պայքարենք, քանի որ համաճարակը վերացնելն Աստծո համար չնչին բան է, պետք է միայն, որ նա կամենա այդ:
Ս. Կ. – Արդյոք ամեն ինչ կարելի՞ է գեղագիտության վերածել:
Վ. Ա. – Ամեն ինչ չի կարելի գեղագիտության վերածել: Այս խոսքը իմ հոդվածից եք վերցրել, որ փետրվարին տպագրվել է «Գրական թերթում»: Գեղագիտության չի կարելի վերածել այն ամենը, ինչը դեմ է աստվածադիր պատվիրաններին, որովհետև դրան հետևելու է հատուցումը: Դարերի, հազարամյակների ընթացքում Աստված դատել է այն մարդկանց, որոնք անցել են հոգևորի, բարոյականության թույլատրելի սահմանը: Այդպես ոչնչացել են միասեռական կյանքով ապրող Սոդոմը, Գոմորը, այդպես ջրհեղեղից կործանվել է նախանոյյան չարաբարո քաղաքակրթությունը, այդպես Աստված ոչնչացրել է Քանանի ազգերին, որոնք խրվել էին արվամոլության, անասնամոլության, մանկամոլության մեջ: Ցավոք սրտի, մենք` մարդիկս, չենք սովորում ուրիշի սխալների վրա, հիմա էլ կրկնում ենք այն պղծությունները, ինչի համար մեր նախնիները դաժանորեն հատուցել են: Հենց կորոնավիրուսն Աստծո պատիժ է իրենից հեռացած, այլասերությունն արդարացնող, այլասերությունը օրինականացնող և գեղագիտությամբ, մշակութային տարբեր դրսևորումներով հաստատող մարդկության նկատմամբ: Փառք Աստծո, շատերն այսօր սկսել են գիտակցել, թե որտեղից է գալիս պատուհասը: