Experience unparalleled elegance and quality at our leading online store, specializing in replica watches for men and women. Discover our range of high-end grade AAA+ 1:1 rolex replica, crafted to perfection with Swiss precision.
AAA High Quality Luxury Replica Rolex Watches Online Sale At https://datejustreplica.com.
Best hi quality replica rolex daytona watches is swiss watches, at https://www.daytonareplica.com sale 1:1 best fake rolex daytona watches, high-quality swiss movement.
Փետրվարյան տաք օրերից մեկն էր, Խանջյանից թեքվելով՝ Թումանյանով գնում եմ դեպի Մաշտոցի պողոտա: Քայլելը հրաշալի առավելություն ունի՝ աչքերդ ոչ միայն նայում են, այլև տեսնում: Քաղաքի այս մասով վաղուց չէի անցել ու հիմա մտովի ժպտում էի ծանոթ շենքերին (ահա մի ժամանակ մշակույթի նախարարության շենքը, հիմա՝ Աստված գիտե, մի բան պարզ է՝ ոմանք լավ էլ «ձեռքերը տաքացրին» այդ գործարքից), հաջորդ խաչմերուկին չհասած՝ հայացքս գնաց-հասավ Սպենդիարյանի թանգարանին (վաղուց չեմ եղել, պետք է ժամանակ գտնել…), խաչմերուկն անցա, ևս մի քանի տասնյակ քայլ… կանգ առա, ետ նայեցի՝ Փոսի թատրոնը, որ չկա… Չկա անկրկնելի մթնոլորտով, միայն այդ թատրոնին հատուկ գեղագիտությամբ ու նորարարությամբ… Թատրոնը 2003 թվականին վաճառվեց 15 միլիոն դրամով ու դարձավ բիլիարդանոց… Հիմա թատրոնի՝ նկուղ տանող աստիճանները չկան, բիլիարդանոցը, չգիտեմ, կա թե չկա, չգիտեմ՝ ով ինչ շահեց այդ մութ գործարքից, բայց քաղաքը զրկվեց ինքնատիպ մշակութային տարածքից: Եվ բնական է, որ այս տխուր մտահանգումից հետո պիտի հիշեի Կամերային երաժշտական թատրոնի շենքը,- շենքը, քանի որ թատրոնը փակվեց՝ «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվեց՝ միանալով «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին: Այս չոր բանաձևման ետևում դերասաններն են, և ո՞ր մի վիճակագրությունը կամ պաշտոնական ծանուցումը կարող է ասել՝ ինչպես դասավորվեց նրանց հետագա մասնագիտական գործունեությունը: Ի՞նչ մնաց այս պատմությունից… ախ հա, շենքը. «Թատրոնի շենքի տարածքը փոխանցվել է սիմֆոնիկ նվագախմբին՝ որպես փորձասենյակ»: Մեկնումեկը տեղյա՞կ է՝ այդ փորձասենյակում ինչ փորձեր են անցնում: Ես որ՝ տեղյակ չեմ: Արդյունքը՝ թատրոնը չկա, շենքն էլ պարապուրդի է մատնված: Ո՞վ է շահել… հարցի պատասխանը չգտած՝ հաջորդն է վրա տալիս. «Իսկ ի՞նչ կամ ո՞վ է շահելու «Գոյի» չգոյությամբ»: Չափազանցություն չկա, այս թատրոնն ունի ի՛ր ստեղծած տարածքը, ի՛ր մթնոլորտը, ի՛ր հանդիսատեսն ու ի՛ր խաղացանկը, ու ես վստահ չեմ, որ ԿԳՄՍ նախարարության որոշումից կշահի գոնե Սունդուկյանի թատրոնը: Այս հակամարտության մեջ շահողներ չկան, տուժող՝ որքան ասես: Վերը բերված օրինակները բավական չե՞ն գոնե կասկածելու, մեկ անգամ ևս խորհելու համար: Իսկ ես սարսափում եմ այն մտքից, որ «Գոյ»-ում ներկայացում դիտելը կարող է վերածվել Հիշողության…
Շարունակում եմ քայլել. խանութների ցուցափեղկերից ձանձրացած՝ հայացքս առաջ է վազում՝ կինո Մոսկվայի հարազատ ուրվագիծն է, երևանիցներիս սիրելի վայրերից մեկը, բայց երևի թե Փոսի թատրոնի՝ ինձ հետևող ստվերն է պատճառը, որ հիշեմ. այստեղ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին է եղել՝ 5-րդ դարից հասել է մինչև 20-րդ դարն ու 1933-36 թվականներին քանդվել: Քանդել են՝ անտեսելով Ալեքսանդր Թամանյանի և Աշխարհաբեկ Քալանթարի բողոքները… Հայացքս շոյում է կինոթատրոնի այնքան հարազատ պատկերը, իսկ օդում տարածվող աղմուկի միջից առանձնանում են Հիշողությունից զրկված զանգերի ղողանջները…
Արագացնում եմ քայլերս. Թումանյանի՝ Աբովյանից Տերյան խաչմերուկների միջև ընկած տարածքը ստամոքսաթանկարժեք «բրենդային միքս է»՝ արդեն սովորական դարձած իրողություն, մի քիչ էլ գնամ, և աչքերս կվայելեն սև տուֆե գեղեցկուհուն՝ անկրկնելի ճաշակավոր, խաղողի ողկույզների ու տերևների զարդաքանդակներով ընդելուզված, նախկին Դոկտորսկայա, հիմա՝ Թումանյան 23/1 հասցեում, որտեղ գործող տպարանն էի տանում «Գրական թերթի» հերթական համարի շարվածքը (2001-2004 թվականներին, ամեն հինգշաբթի), հընթացս էլ բացահայտում էի շենքը՝ իր ներքին հարդարանքով, սենյակների ու միջանցքների՝ թեև տարիներով չվերանորոգված, բայց անբացատրելի ճաշակավոր հմայքով, մառան-նկուղներով (վերջիններիս մասին, ցավոք, միայն լսել եմ)… Հայտնի արդյունաբերող Համբարձում Սողոմոնյանը Երևանում գործարանը հիմնադրել է 1890-ականների կեսերին, իսկ 1910-ականների սկզբին կառուցվել է այս շենքը… ՉԿԱ՛: Շենքը չկա: Այսինքն՝ կա, հիմա Մելիք-Ադամյան փողոցում է, այո-այո, տե-ղա-փո-խել են, և նոր հասցեում ոչ թե մեկուկես հարկանի է, ինչպես նախագծել էր ճարտարապետ Բորիս Մեհրաբյանը, այլ՝ չորս հարկանի, խաթարված և, իհարկե, պատմական նշանակությունը կորցրած, քանի որ իր տեղում մնացողն է պահում-պահպանում այդ Նշանակությունը: Ի դեպ, շենքը 2001-ին վաճառվել է 5,5 միլիոն դրամով (Փոսի թատրոնը, հիշեցնեմ, վաճառվել է 15 միլիոն դրամով), թեև… դրանից հետո պետությունից ստացել է 15 անգամ ավելի բարձր փոխհատուցում՝ 193 000 դոլար։ Ի՞նչ է սա, եթե ոչ հայկական աբսուրդ, երբ շենքը կա ու չկա, և այս բարբարոսությունը կատարվել է 21-րդ դարում, բոլորիս աչքի առաջ…
Չեմ հասցնում մի կողմ քշել անցյալից ներկա ներխուժած մտապատկերները՝ դիմացս իր ողջ թշվառ շքեղությամբ Հյուսիսային պողոտան է. Հին Երևանը գրպանած կառուցա-համալիրը: Ես չգիտեմ, իմացողները թող հուշեն. 21-րդ դարում քաղաքի կենտրոնում, հինը ավերելուց հետո, տեղում ննջարանային թաղամաս կառուցելու ուրիշ օրինակներ կա՞ն: Թամանյանի հանճարեղ գաղափարը չէ՞ր քաղաքը գործառնական հատվածների բաժանելը, որտեղ ննջարան-թաղամասերը հանգիստ ու համեմատաբար անդորր հատվածում պիտի լինեին: Թե՞ գեղջկական «գեղամիջի սինդրոմը» անհնար եղավ լռեցնել. գյուղի կենտրոնում ժամանակին տեղակայվում էին գյուղսովետը, դպրոցը, կոոպերատիվ խանութն, ու եթե գյուղի նախագահի սուրը կտրում էր՝ նրա, անպայման պատշգամբով, տունը… Իսկ որ այս տարածքը ոչ միայն աբսուրդային է, այլև անհոգի, անցեք ներքևից վերև,- անծառ ու անթուփ, քարաբետոնե բնակելի շենքերից ո՞ր մեկում թատրոն, պատկերասրահ, մշակութային բովանդակություն ունեցող, գոնե թաշկինակաչափ տարածք կգտնեք: Չեք գտնի: Ինչպես չեք գտնի երևանյան տների, ինքնատիպ պատշգամբների, խաղողի թաղարների ու պատուհանի դիմաց աճող ծաղկաթմբերի Հիշողությունը, որը եթե տիրոջ (ականջդ կանչի, մաթևոսյանական Տեր) սեր ու սիրտ ունենար, մայրաքաղաքի կենտրոնում այդ միհարկանի, բայց միայն Երևանի քիմքին հատուկ թաղամասը այնպես կկոկլիկացներ, կվերակենդանացներ, իսկ եթե շնորհքը չէր բավում, ընդամենը պիտի մեկներ հարևան հանրապետության մայրաքաղաք, տեսներ՝ ինչպես նույնքան ավեր ու քանդման եզրին հասած տները դարձնում են Հին Թբիլիսի, որտեղ 5-րդ դարի կառույց էլ կա (ախ, Պողոս-Պետրոս…), բայց գերակշռում է 19-րդ դարինը…
Այդ օրվա իմ ապրումները, անցումները ներկայից ապագային, կանցնեին-կգնային՝ գիր չդառնալով, եթե չլիներ այս օրերին շրջանառվող լուրը՝ ակադեմիական քաղաքի կառուցման շրջանակներում նաև մշակութային բուհերի տեղափոխումը Երևանից դուրս՝ Աշտարակ:
Նախ ասեմ՝ ակադեմիական քաղաքի գաղափարին կողմ եմ, գիտական բուհերի, բնակելի տների, կենցաղային ու մշակութային համալիրներն իրենց արդյունավետությամբ ժամանակի քննությունը հանձնել են գերազանց (հուսամ՝ չեմ չափազանցնում): Այս նախադասության մեջ նշանային բառը գիտական-ն է:
Բայց մինչև մշակութային բուհերին անցնելը մի փոքր, բայց անհրաժեշտ նախաբան. ի՞նչն է մարդկանցով բնակեցված տարածքը դարձնում ՔԱՂԱՔ: Իմ պատասխանն է՝ մշակութային անցյալը: Պատահակա՞ն է, որ տուրիստը առաջին հերթին քայլերն ուղղում է դեպի Հին քաղաքը, եթե, իհարկե, այդ քաղաքի բախտը բերել է, և հերթական տիրակալը կամ վարչակարգը «այդ աշխարհը հիմքերից չի քանդել»… Նոր թաղամասերը ինչո՞վ կարող են գրավել՝ միանման բարձրահարկերո՞վ: Իսկ բավական է՝ ոտքերիդ տակ հայտնվեն դարերի միջով անցած գլաքարերն, ու աչքդ գտնի միջնադարյան պանդոկի ցուցատախտակ՝ քիչ առաջվա անծանոթ քաղաքը կդառնա մտերիմդ: Դե, իսկ եթե վայրեր կան, որոնց մասին գիտես ու հանդիպմանը սպասել ես… Երբ հեռավոր 1983-ին ամուսնուս հետ մեկնում էինք Տարտու հանգստանալու, նախապես գիտեի, որ անպայման գնալու եմ Տարտուի, իմա՝ Դորպատի համալսարան, գտնելու եմ ա՛յն լսարանն ու… Այդ օրը եկավ. մեխակներով «զինված»՝ ներս մտանք ընդարձակ նախասրահն ու իմացանք, որ զանգը հինգ րոպե առաջ է եղել, պիտի սպասենք: Կսպասեինք, բայց քիչ անց մեր մոտով անցնող պատկառելի այրը (հաստատ վառ ծաղկեփունջը գրավել էր ուշադրությունը) մոտեցավ ու տեղեկանալով մեր այցի մասին՝ առաջարկեց հետևել իրեն: Մեզ թողնելով լսարաններից մեկի դռան մոտ՝ ներս մտավ, րոպե չանցած՝ ներս հրավիրեց: Ուսանողներն արդեն կանգնած էին տեղերում, քար լռության մեջ մոտեցանք, ծաղիկները դրեցի կիսանդրու պատվանդանին, մեզ ուղեկցողը (պարզվեց՝ պրոռեկտորն էր) մեզ ներկայացրեց՝ մեծ լուսավորչի հայրենակիցներն են, ուսանողները ծափահարեցին… Դուրս եկանք լսարանից, ու հիմա էլ կդժվարանամ բառերով լիովին արտահայտել այդ րոպեներին զգացածս:
Իսկ հիմա պատկերացրեք՝ մենք գնում ենք ոչ թե 1632 թվականին հիմնադրված համալսարանը, որը ժամանակին նաև Խաչատուր Աբովյանի տարածքն է եղել, այլ՝ մեզ ուղեկցում են մեկ այլ տեղանքում կառուցված-տեղափոխված, բայց նախկին անունը կրող համալսարանի՝ Աբովյանի անունը կրող լսարանը… Տարբերությունը զգացի՞ք… Ի դեպ. հիմնադրման օրից մինչ այսօր նույն շենքն է ու շենքում՝ նույն բովանդակությունը, և իրավամբ համարվում է Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկը:
Կանխեմ ոմանց «երկաթե» փաստարկը՝ Դորպատը համարյա 500 տարեկան է, իսկ մեր համալսարանի սկիզբը 1919 թվականն է… և ուրեմն՝ ավելի անկաշկանդ կարելի է տնօրինել նրա ճակատագիրը: Իսկ ես միամիտ հարցնեմ՝ այդ 500 տարիների մեջ եթե մեկի մտքով անցներ տեղափոխել Դորպատի համալսարա՞նը… Ցանկացած որոշում ընդունելու պատասխանատվության չափն զգացի՞ք… Իսկ ինչո՞ւ ենք մեր սերունդներին զրկում 2419-ին մեր մայր բուհի 500-ամյակը նշելու հպարտությունից:
Արդեն որերորդ անգամն է՝ ապշում եմ Թամանյանի հանճարով. այսքան մտածված, սրտով մտքով, իմա՝ կրքոտ զգացմունքով ու սթափ բանականությամբ «կահավորել» մեր արևային մայրաքաղա՞քը… Մեր կենտրոնը իրավամբ մշակութային է՝ Մատենադարանն ու Ազգային գրադարանը, Օպերան ու ֆիլհարմոնիկը, կոնսերվատորիան ու պարարվեստի ուսումնարանը, Կասկադը (Գաֆեսճյան պատկերասրահով), Երվանդ Քոչարի թանգարանը, թատրոնները, պուրակները՝ Սարյանի, Կոմիտասի, Խաչատրյանի արձաններով… մնացածը դուք լրացրեք: Իսկ մեր պատմական՝ Հին Երևանը ոչնչացնելուց հետո Կենտրոնի դերը տասնապատիկ է կարևորվել. սրտացավ Տիրոջ հայացքը պիտի որ եղածը նորովի համակարգեր, ի մի բերեր որպես ամբողջական մշակութային տարածք, արդեն առկա բովանդակությունը ֆինանսապես հագեցներ նորովի՝ ժամանակին համահունչ ձևով: Այս կառույցներից շատերը նաև ճարտարապետական գլուխգործոցներ են, իսկ բոլորի միասնությունը՝ մայրաքաղաքին անհրաժեշտ հոգևոր թթվածին ապահովող մշակութային կուռ համալիր:
Մի կարճ անցում՝ դեպի անցյալ: Երկրորդ համաշխարհայինից հետո գերմանական շատ քաղաքների ճակատագիրն ունեցավ նաև Նյուրնբերգը՝ ավերվել ու հիմնովին վերացել էր քաղաքի մոտ 90 տոկոսը: Բաց թողնենք շատ ուսանելի պատմությունը՝ ինչպես գերմանացի մասնագետները նախօրոք ու հեռատեսորեն համարակալել էին պատմական նշանակություն ունեցող բնակավայրերի կառույցները մեկ առ մեկ, միայն ամրագրեմ՝ թեև գիտեի, բայց իրականում քայլելով Նյուրնբերգի պատմական մասով՝ չէի կարողանում ինքս ինձ համոզել, որ շուրջս ամեն-ամեն ինչ կառուցված է մի քանի տասնամյակ առաջ՝ այնքան որ վարպետ-մասնագիտորեն էր վերականգնված ամրոցն ու պանդոկը, գլաքարարե փողոցն ու… կոնսերվատորիան՝ հիմնված 149 տարի առաջ, չգիտեմ՝ ինչ չափով, բայց անպայման ռմբակոծության թիրախ դարձած, բայց իր տեղում և իր բովանդակությամբ: Ու գիտե՞ք՝ ինչն է զարմանալի՝ քաղաքը վերականգնողների մեջ մեկը չի՞ եղել, ում գործարար մտքով կանցներ ամենայուղոտ հատվածում նոր ու ժամանակակից քաղաք ստեղծելը…
Իհարկե, կոնսերվատորիան միայն շենքը չէ, կասեն ընդդիմախոսներս ու երիցս ճշմարիտ կլինեն: Կոնսերվատորիան նրա պատմությունն է, ավանդույթները, սաներն ու նրանց հաղթանակները աշխարհի բեմերում, որքանո՞վ է բուհը իրականացնում իր հիմնական գործառույթը, որքա՞ն է նրա ՕԳԳ-ն…
Իսկ ես ինձ թույլ տամ ևս մեկ անցում, այս անգամ՝ 2006 թվական, Ղազախստանի մայրաքաղաք Աստանա: Դելֆյան խաղերի մեր պատվիրակությունն էի գլխավորում, հյուրընկալող կողմից ինձ «ամրագրված» փոխնախարար շատ երիտասարդ աղջիկը, աշխատանքային խիստ ժամանակացույցի համաձայն, ինձ ուղեկցեց երաժշտական դպրոց: Իմացողը կհասկանա՝ ինչն ինձ ապշեցրեց. յուրաքանչյուր դասասենյակում «Ստենվեյ» դաշնամուր էր, դահլիճում՝ երկու «Ստենվեյ» ռոյալ… Իսկ մեր օպերան մի քանի ամիս առաջ մեկ «Ստենվեյ» ռոյալ էր ձեռք բերել նախարարության ու կառավարության ջանքերով, և որի մասին ամենածույլ մամուլն անգամ ինչ ոգևորությամբ անդրադարձավ… Ես դիվանագիտական ժպիտով ճշտեցի՝ «Սա ցուցադրական դպրո՞ց է»: Փոխնախարարն ինձ առաջարկեց մի քանի հասցե ևս՝ իմ ընտրությամբ: Ընտրածս դպրոցում նույն պատկերն էր: Վերջնականապես շլացնելու ցանկությունն էր երևի, որ նրան ստիպեց սրբագրել ժամանակացույցն ու ինձ ուղեկցել արվեստի դպրոցներից մեկը: Լուսավոր սրահ-դասասենյակներ, նկարակալները՝ արտասահմանյան ամենահայտնի բրենդի, վրձիններն ու ներկերը՝ նույնպես: Եվ ամենուր նույն նախադասությունը. «Այս խնդիրները նախագահ Նազարբաևի ուշադրության կենտրոնում են»…
Հա՛, կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու հասկացիր: Կոնսերվատորիան իր բնական տարածքից Աշտարակ տեղափոխողները եղե՞լ են արդյոք մեր միակ բարձրագույն կրթության երաժշտանոցի դասասենյակներում, տեսե՞լ են, թե ինչ գործիքներով են սովորում ուսանողները և, ընդհանրապես, ուսումնական, կրթական ի՞նչ պայմաններով են ապահովված… Դասախոսների աշխատավարձի մասին՝ լռեմ… Որ ժամանակին կոնսերվատորիայի մի հատվածը սիգարի փակ ակումբ թե խանութ է եղել՝ էլի լռություն, որ ժամանակին շատ շնորհալի ուսանողներ արտագաղթել են, որովհետև «պահանջված գումարը» չեն ունեցել՝ «վճարելու» մասնագիտական հետագա վարպետությունը շարունակելու համար… Հեռու չգնամ, հարևանուհուս որդին վերը նշված պատճառով գնաց Իսպանիա և քաղաքներից մեկի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակահարն է: Որ տարիներ շարունակ «յոլա են գնացել», վերանորոգումն ու նորագույն սարքավորումներով օպերային ստուդիան զինելը անհասանելի մի բան է եղել… Եվ էլի բազում խնդիրներ ու հարցեր, որոնց գոնե մերօրյա մասին անդրադառնալը, թացը չորից տարբերելը պիտի լիներ կոնսերվատորիայի հետագա ճակատագիրը տնօրինողների գործը: Ու եթե այդ կետից սկսեին, ի մոտո ծանոթանային նրա ամենօրյա գործունեությանը, հանկարծ ու՝ միջանցքներով անցնելիս լսեին հրաշալի ձայն կամ գործիքային վարպետ կատարում, ձեռքի հետ էլ մտնեին սանհանգույցները, հետաքրքրվեին ուսանողների սննդի հարցով… Սրան կհետևեր «պայծառացումը»,- պարզվում է՝ դասախոսների մի մասը երգում կամ նվագում է օպերայի կամ ֆիլհարմոնիկի նվագախմբերում, ուսանողներին ընձեռված է հնարավորություն՝ դասերից հետո անցնել փողոցն ու բեմում գործնականորեն լսել այն, ինչ ժամ առաջ տեսականորեն բացատրվում էր լսարանում (վերջին նախադասության բառամթերքը հատուկ ընտրված «չինովնիկական» է): Իսկ գուցե դրան հետևեր հաջորդ «պայծառացումը»,- գային, կանգնեին շենքի դիմաց, թիկունքում զգալով Կոմիտասի ներկայությունը՝ տեսնեին տարիներով չլվացված շենքի գորշացած պատերն ու ամաչեին՝ ոչ որպես պետական աստիճանավոր, այլ՝ քաղաքացի, Երևանը սիրող երևանցի… Ասածս ի՞նչ է՝ գլոբալ որոշման հորձանուտում փորձեք տեսնել «փոքրը», փորձեք լսել դիմացինին, ի վերջո, Կլոր սեղան ասվածը միայն սեղանի ձևի մասին չէ… Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան բարձրագույն ուսումնական հաստատություն է, բայց նույնքան և՝ մայրաքաղաքային երևույթ ու մայրաքաղաքի պատմության մասնիկ, իսկ եթե անպայման է նրա տեղափոխումը, գուցե օպերան ու բալետը, պարարվեստի ուսումնարանն էլ՝ վրադիր, տեղափոխենք, չէ՞ որ այդպիսով կապահովենք նրանց ներդաշնակ համակեցությունը նոր միջավայրում… (հանկարծ ասածս լուրջ չընդունեք): Եթե առանձնացրի կոնսերվատորիայի խնդիրը, ամենևին չի նշանակում, որ «մոռացա» Գեղարվեստի ակադեմիայի և Կինոյի ու թատրոնի ինստիտուտի մասին, պարզապես կարծում եմ, որ այս հարցադրումներն ընդհանրական են բոլորի համար: Երբ գրում եմ այս տողերը, լրահոսը տեղեկացրեց, որ Թատրոնի և կինոյի ինստիտուտnւմ «Ակադեմիական քաղաքի տեսլականը որքանով ուսումնասիրել ենք՝ ունենք մեր մոտեցումները: Առաջիկա շաբաթվա ընթացքում կծավալենք քննարկումներ նաև մեր վարչական, դասախոսական կազմի և ուսանողների հետ, այնուհետև կունենանք մեր վերջնական տեսլականը և կներկայացնենք հանրությանը»։ Կարծում եմ՝ Գեղարվեստի ակադեմիան էլ իր դիրքորոշումը կներկայացնի, իսկ ես վստահ եմ, որ մեր մշակութային բուհերի պայքարը պայմանավորված կլինի նախևառաջ քաղաքը մշակութային կենսական թթվածնից չզրկելու մտահոգությամբ:
ՀԳ. Երկար ստացվեց, բայց ասելիքիս հավելեմ երկու նկատառումով.
1. Այն օրերին էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ սխալ էր մշակույթի նախարարության միացումը կրթության և գիտության նախարարությանը: Համոզված եմ՝ շատ հարցեր այլ լուծում կունենային, եթե…
2. Մենք դեռ երկա՞ր ենք առաջնորդվելու «ամեն ինչ հիմքերից քանդելու և մերն ու նորը կառուցելու» սինդրոմով: Ֆրանսիական Դի փոքրիկ քաղաքի փողոցի մի տունը ՔԾԱ 2-րդ հազարամյակում կառուցված ամրոցի պատի շարունակությունն է, կողքինը՝ միջնադարյան տիպիկ հյուղակ, հաջորդը՝ ամպիր ոճով առանձնատուն: Ու ոչինչ, հաշտ, կողք կողքի հաշվում են Ժամանակը՝ դառնալով պատմական ու մշակութային Հիշողություն:
Իսկ մենք… ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտի շենքն է Երևանի Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում (այժմ քանդված)։ Նրա ետևում Ս. Կաթողիկե 13-րդ դարի եկեղեցին է, որը ծածկելու համար էին շենքն այս ձևով կառուցել խորհրդային տարիներին։
«Լավագույն ավանդույթները» շարունակվո՞ւմ են…