ԲՆՈՒԹՅԱՆ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Ովքեր կորցրել են, վերադառնում են դեպի քեզ,
որովհետև ի սկզբանե դու ես:
Ռոզա Հովհաննիսյան

Խաբված լինելով կամ թերևս մեզ թերարժևորելով ինքնասույզ ու ինքնամեծար լինելիությամբ` չենք նկատում, թե ինչ է հուշում, հորդորում կամ պարտադրում ամենատեր բնությունը, որն ամեն քայլափոխի դրել է մեր ընթացքն իմաստավորող ճշգրիտ նշաններ, որոնք պարադոքսալ կերպով պայմանավորված են նաև մեր էությամբ՝ որպես ճակատա­գրի բանալիներ:
Տարիներ առաջ, երբ Ստեփանակերտից գնում էի Գանձասար, ճանապարհի մի հատվածի ձախ կողմում անակնկալ երևաց անտառից վեր, ամպերի մեջ լողացող հեքիաթային կաթնամոխրագույն դղյակ: Տեսնելով հիացմունքախառն զարմանքս` Հովիկ Բաբաջանյանը՝ արցախցի ընկերս, ասաց՝ Կաչաղակաբերդն է, ու սկսեց պատմել նրա մասին, բայց ես էյֆորիայի մեջ չէի ընկալում նրա խոսքն ու տարված նայում էի ամպերին լողացող դղյակին: Մտովի տեղափոխվել, վեհախույր ու հպարտ քայլում էի շուրջը, զգայապես վայելում ամպերի գգվությունը, մինչև որ տեսադաշտիցս անհայտացավ:
Այդ օրը ներաշխարհս բացահայտեց կյանքիս շարունակականությունն իմաստավորող հավատամքը՝ ամրոցապաշտությունը, որի կարևոր նշաններից մեկն Արցախի Խաչենի ամրոց Կաչաղակաբերդն է՝ որպես ազգային կամքի բնակերտ խոյանք-ժայռակտոր, հպարտության լեռնագագաթ: Ժամանակ անց, գտնվելով իմ պապենական լեռնային Չնքուշում, Գալա բերդի ավերակների առաջ, որոնք ենթադրաբար Արշակունյաց թագավորության Բնաբեղ ամրոցի ավերակներն են, հիշեցի Կաչաղակաբերդն ու մայրաքաղաք Անիի պարիսպները: Տարբեր լինելով հանդերձ՝ նրանք վեհասքանչ էին ու մեջս խլրտեցնում էին հային հարիր արժանապատվությունը: Ու վերջնականապես հասկացա` հայի ազատ հոգին ավեր ու կանգուն բերդերում է թևածում, և իմ՝ ապաշխարողիս աղոթքի մրմունջը նպատակին հասնելու համար հենց բերդի պատերով պետք է վեր ելնի:
Պատմաաշխարհագրական տեղեկատվություն: Կաչաղակաբերդը գտնվում է Պտրեցիկ և Քոլատակ գյուղերի միջև: Լեռնագագաթը բոլոր կողմերից շրջապատված է ուղղաձիգ ժայռերով, միայն հարավային կողմից է հնարավոր մտնել բերդի տարածք: Բերդին հասնելը հեշտ չէ, և վերջին հատվածը ջանքեր է պահանջում: Հեռվից նայելիս բերդի ընդգրկած տարածքն ավելի փոքր է թվում, քան կա իրականում: Բերդը, որպես այդպիսին, չի պահպանել իր տեսքը, բայց տեղ-տեղ պահպանված պարսպի կտորներին նայելով` կարող եք պատկերացում կազմել երբեմնի հզոր շինության մասին: Եկեղեցի, կիսավեր մատուռ, բազմաթիվ խաչքարեր, հին գերեզմանոց՝ վիմափոր արձանագրություններով, ամրոց Բերդաքար (միջնադար), քարանձավ և այլն: Հնում այստեղ եղել են բազմաթիվ կացարաններ, ժայռափոր գաղտնուղիներ, քար նետելու հրակնատներ: Բերդի կենտրոնական մասում պահպանվել են երկու ժայռափոր ջրամբարներ, որոնք լցվել են անձրևաջրերով: Ժողովուրդն ամրոցը ենթադրաբար կոչել է Կաչաղակաբերդ, քանի որ միայն կաչաղակներին է այն հասանելի: Տեղի բնակիչները բերդը ճանաչում են նաև «Սղսղան» անունով. բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ սահել են լեռան գագաթից` չհասնելով պարսպին: Խրոխտ լեռների շուքում միջովդ աներեր վերձիգ հոսքեր են անցնում` ամրացնելով հավատդ կենսաուժիդ հանդեպ, որոնց շարունակական տևականությունը պայմանավորված է գեներով եկած արժանապատվությամբ, որ տվյալ ժամանակին բնորոշ ուրվագծերով պճնվելով` մնում է միշտ վեհ, բարձրահոգի կենսակերպում:
Երբ հայացքդ զարկվում է քերծերին ու ժայռերին, ամպերի նման սահում լեռնային անտառների վրայով, երկնքում սուզվելով լսում աղբյուրների քչքչոցը, մեջդ լցվում են ու խմորվում նրանց արձագանքները` վերածվելով մտքի փիլիսոփայության, որի շարժն առաջնորդվում է երկրային ձգողության օրենքով՝ ստեղծելով մի տիրույթ, որտեղ հոգիդ ագուցվում է երկրին` լրացնելով ու կայացնելով հայրենիքը, որի տերը քեզ նմաններն են: Գանձասար գնալու ճանապարհին ես հասկացա (այդ օրերին վերընթերցել էի Ա. Պ. Չեխովի «Գեղեցկուհիներ» պատմվածքը), որ Չեխովի հերոսը, նայելով գեղեցկուհի հայուհուն, ոչ պատահականորեն էր խորհում. «…և հանկարծ այնպես զգացի, կարծես թե ներսս քամի բարձրացավ, սրտիցս ցրեց օրվա տպավորությունները իրենց տաղտկության ու փոշու հետ միասին: Ես նկատեցի դյութող դիմագծերով այն խիստ հրաշալի դեմքերից մեկը, որ երբևէ տեսել էի արթմնի կամ երազում: Դեմս կանգնած էր մի գեղեցկուհի, և ես այդ զգացի առաջին հայացքից, ինչպես, օրինակ, զգում եմ շանթը»:
Ես չգիտեմ` Չեխովը երբևիցե Հայաստանում եղել է, թե ոչ, բայց հայուհու հետ կապված նրա զգայաշարժն արտահայտվել է հենց հայկական բնությանը բնորոշ պատկերների զգացողությամբ ու մետաֆոր նկարագրությամբ:
«Ոգու կանչ» թերթի համար հարցազրույց էի ունեցել ընկերոջս՝ արցախցի բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանի հետ, սակայն թերթի հրատարակությունը դադարեց ու մնաց ձեռագիր: Հիշեցի մի հատված, որն ուշագրավ է խոհագրությանս ծիրում. «Տարիներ առաջ էր։ Ընդունելության քննություններ էի հանձնում Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացների համար: Ես ու Պետրոզավոդսկից Անդրեյ Գոռլովը կինոինստիտուտի հանրակացարանի նույն սենյակում էինք ապրում։ Բնականաբար, զրուցում էինք ամեն ինչի մասին։ Չեմ հիշում, թե ինչ առիթ էր, հանկարծ նա ասաց. «Ռուս վաճառականի խոսք եմ տալիս»։ Ես քիչ թե շատ ծանոթ էի մշակութաբանության տարրական հիմունքներին, որ տարբեր ազգերի, էթնոսների պարը, երգը, խոսքը ուղիղ համեմատական են այն աշխարհագրական տարածքին, որտեղ նրանք ապրում են: Հետագայում արդեն առավել հիմնային ուսումնասիրեցի այդ խնդիրը. Նիկոլայ Գոգոլը հետաքրքիր վերլուծում է ռուսական պարը՝ կախված նրանից, թե որ ռեգիոնում է ծագել, և ինչ կապ կա աշխարհագրական տարածքի, մարդկանց կեցութա­ձևի հետ, բայց այդ օրն ինձ շատ տարօրինակ թվաց Անդրեյի ասածը։ Ռուս վաճառականները միշտ էլ գնացել են օտար աշխարհներ՝ էժան ապրանքներ գտնելու, և գնացել են ոչ մենակ, այլ՝ վստահելի մեկի հետ, ում էլ ընկեր են համարել, ռուսերեն՝ товарищ։ Եթե ստուգաբանենք, ապա ռուսական «ընկեր» բառի հիմքը «ապրանք գտնելն» է։ Ամեն մարդու հետ չես մեկնի «ապրանք գտնելու»։ Մեր ընկեր բառի հիմքը «ընդ կեր»-ն է, այսինքն՝ իրար հետ հաց ուտելը, որը, հավանաբար, նույնպես մշակութաբանական հիմքեր ունի։ Մարդիկ իրար հարևանությամբ վար ու ցանք են արել, խոտ հնձել ու իրար հետ հաց կերել, զրուցել, շարունակել իրենց գործը: Այսինքն՝ մեր մենթալ պատկերացումներում իրար հետ աղ ու հաց կիսելն է դարձել սրբություն, հետևաբար, հիմք դարձել «ընկեր» բառին ու հասկացությանը։ Ի դեպ, մեր հարևան թյուրքալեզու ազգերի խոսքում մեր «ընկերը» «յոլդաշ»-ն է, ինչն էլ նշանակում է համատեղ, իրար հետ ճանապարհ գնացող։ Մտածում եմ, որ քոչվոր ցեղերի մոտ էլ ճանապարհ գնալիս են մարդիկ իրար ճանաչել, այսինքն՝ ոչ միայն աշխարհագրական դիրքը, այլ նաև մարդկանց աշխատանքային բնագավառը, գործելաոճն ու ապրելակերպը ծնել են հասկացություններ, բառեր, հիմք դրել ազգագրական երգին, պարին, ավանդույթներին»։
Ավելորդ է կրկին ասել, թե ինչքան կարևոր են աշխարհագրական վայրերն իրենց նշանագիտորեն տեղայնացված անուններով, որոնք սերնդեսերունդ փոխանցում են մարդկային իմաստասիրությունը՝ որպես աշխարհի լինելություն: Գանձասար գնալու ճանապարհին տեսիլի պես ինձ հայտնված Կաչաղակաբերդն իր շրջակայքով հենց նման նշանագիտական հոգևոր տիրույթ է, որն արարել է բնությունը մարդու հետ: Կաչաղակաբերդի փեշերը հասնում են Քոլատակ գյուղին: Հայկական Կենաց ծառի նշանագիտական իմաստն այս բնապատկերում է, որ խոսում է բնության ինքնաբուխ լեզվով: Հայի կյանքի հարատևությունն սկսվում է այնտեղ, որտեղ նրա կամքը ժայռային զանգվածի պես արմատավորվում է հողում, այնպես, ինչպես տվյալ դեպքում Քոլատակ արմատով և Կաչաղակաբերդ սաղարթ-պսակով Կենաց ծառն է, որի բունը մարդ-բնություն ժայռահյուսվածքն է:
Այո՛, ցանկացած մշակույթ իր բանականությամբ ու նիստուկացով ձևավորվում է աշխարհագրական վայրերի ու տեղանքի ընդգծուն ազդեցությամբ: Բնությունն ու մարդը միմյանց ձգողականության դաշտում են ու ձգտում են իրար, միմյանց կարիքն ունեն, ա՛յ, այս հարաբերություններից են սկսում աշխատել մշակութային կոդերը, որոնք նշագրված են ցանկացած ավանդապաշտական տիրույթում, այս իմաստով պերճախոս է Քոլատակ գյուղի շրջակայքն իր հոգևոր և աշխարհիկ անուն-կենսանշաններով, ինչը մի ողջ ճակատագիր-կենսագրություն է:
Պատմաաշխարհագրական տեղեկատվություն: Քոլատակ գյուղում և շրջակայքում կան 9-18-րդ դարերի պատմամշակութային հուշարձաններ՝ Կոշիկ Անապատ եկեղեցի (12-13-րդ դարեր), Միծիրանից Սբ. Հակոբավանքը (7-17-րդ դարեր), Ձիթհանք (19-րդ դար), Հավապտուկ վանքը, Կաչաղակաբերդը, Հնձանի եկեղեցին, Մատուռի եկեղեցին, Զառունց տափեն եկեղեցին, կիսավեր մատուռ, բազմաթիվ խաչքարեր, հին գերեզմանոց՝ վիմափոր արձանագրություններով, ամրոց Բերդաքար (միջնադար), քարանձավ և այլն։
Բնությունը երկրի վրա Ադամով է իմաստավորում իր տիեզերական առաքելությունը, իսկ Ադամը` բնությամբ: «Կոշիկ անապատ» կոչվող երեք եկեղեցիներով խոշոր վանական համալիրը գտնվում է Անապատ կոչվող բարձունքին: Այն բնության ու մարդու փոխհարաբերությունները ճակատագրորեն կանխանշելու առանձին խոշոր նշան է` համապատասխան ենթանշաններով ամբողջացող (ինքն էլ իր հերթին ուրիշի ենթանշան է), արդյունքում՝ հայի Կենաց ծառը, տվյալ վայրում մարդու և բնության, այսպես ասած, Զառունց տափեն՝ ոսկե գաղտնիքը: Հոգեկան և կենսական միասնություն են կազմում Քոլատակի շրջակայքի եկեղեցիների անունները, որոնք յուրահատուկ ձևավորել են նշանագիտորեն հարատևող տոհմիկ իմաստական դաշտ. Կոշիկ անապատ, Զառունց տափեն, Հավապտուկ, Հնձանի, Միծիրանից Սուրբ Հակոբավանք, Մատուռի: Այս անուններից առաջացող ասոցիատիվ ընդարձակ մեկնումը ժողովուրդը ժամանակի ընթացքում հաճախ վերածել է լեգենդի:
Կաչաղակաբերդի լեգենդը: Ըստ ավանդության՝ բերդը կարող էր պաշտպանել մեկ մարդ, քանի որ բերդ տանող կածանով կարող էր անցնել միայն մի հոգի: Կաչաղակաբերդը պաշարած մի զավթիչ, երբ համոզվում է, որ ամրոցն անառիկ է, ու իր զորքը չի կարողանա հասնել այնտեղ` կոտորելու ինքնապաշտպանվող ժողովրդին, հրաժարվում է հարձակումով գրավելու մտքից և որոշում է սպասել, մինչև պաշարվածները սովից ինքնակամ հանձնվեն: Անցնում է երկար ժամանակ, սակայն բերդի պաշտպանությունը մնում է անառիկ, քանի որ պաշարումից այդպես էլ ոչ ոք դուրս չի գալիս, չի հանձնվում։ Զավթիչը, համոզվելով, որ բերդում տեղակայված ինքնապաշտպանները սննդի պաշարները ձեռք են բերում անտառի բարիքներից, նահանջի հրաման է տալիս։ Վերջին անգամ հայացք ձգելով չնվաճված ու չգերված աննկուն բերդին՝ նա, սակայն, տարօրինակ մի բան է նկատում. բերդի վրա հանգրվանած աննկարագրելի մեծ քանակությամբ կաչաղակներ էին։ Սա զավթիչին հուշում է մի բան, որի մասին նա անգամ ենթադրել չէր կարող։ Կասկածների մեջ համոզվելու համար նա ամրոց է ուղարկում մի քանի զինվոր։ Զինվորների տեղ հասնելուն պես, նրանց ներկայությունից անհանգստացած թռչունները, որոնցով լի էր ոչ միայն բերդի գագաթը, այլ նաև ներսը, ցրվում են՝ բացելով զարհուրելի տեսարան. կաչաղակները հավաքվել էին՝ սովից նահատակված քաջերի մարմիններով սնվելու համար: Այսպիսով, կաչաղակների որկրամոլությունը, որն արդյունքում դարձավ դավաճանության խորհրդանիշ, թշնամուն հուշում է, որ գագաթի վրա ողջ մնացած պաշտպան չկա, և զավթիչն, առանց դիմադրության հանդիպելու, տիրանում է անառիկ ամրոցին։ Ահա այս պատմությունը հիշելու համար էլ մարդիկ ամրոցն անվանեցին թռչունների անունով:
Հարսնաքարի առասպելը: Հարսնաքարը բնության անձեռակերտ ժայռաքանդակ է, որ նման է գլխաշորով ծածկված հարսի: Ըստ ավադույթի՝ հարս ու սկեսուր գետի մոտ իրենց բանջարանոցն են ջրում: Բնական պահանջներից դրդված` հարսը, սկեսուրին չզգուշացնելով, անցնում է գետը: Վերադարձին առատ մոշ է տեսնում թփերի մեջ ու սկսում է ուտել: Տարված` չի լսում, թե ինչպես է երկար ժամանակ սկեսուրը բարկացած կանչում իրեն` անիծելով. «Ախճի, քար տեռնաս տու, վեր էսքան կանչումըմ, քառը՞ս, խե չըս պատասխանըմ»: Մեկ էլ նայում է դիմացի ժայռին, տեսնում հարսին` քարացած: Այդ օրվանից մարդիկ այդ տարածքում վախենում են հայհոյանք ու անեծք տալ:
Լեգենդներն ու առասպելները պատմվելով ու գրվելով` ստեղծում են շրջուն նշագիտական դաշտ` հանգեցնելով նոր, ավելի ընդարձակ, կենտրոնացված նշանների ձևավորմանը: Այս իմաստով ուշագրավ է ժողովրդի մեջ տարածված այն կարծիքը, որ Արցախի խորհրդանիշը դարձած Այայի ու Ապայի արձանն ստեղծվել է հենց Կաչաղակաբերդի ու Հարսնաքարի կոմպոզիցիոն ուրվագծերի նմանությամբ, ինչի վկայությունն է բնապատկերային այն տեսարանը, որ առկա է բնության արարած Կաչաղակաբերդի ժայռային ոգեղենությունում:
Կյանքը ցույց է տալիս, որ հայի մեծագույն ու հզոր ճշմարտությունը բնիկի ոգին է, որ իր հերթին բնությունից ստանալով մտքի ազդակներ՝ գենը պահում է անդադրում ու կենդանի: Եվ թեկուզ անսահմանության մեջ ընդամենը ակնթարթ է, միևնույն է, բնություն-բնազանցություն` մարդ-հոգի, հող, ջուր, կրակ, օդ գումարելիների ամբողջությունում նրա հարատևությունը ակնթարթների ճշմարտության շարվեշարանում է կայանում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։