ՀԱՄԱՏԵՂ ԳԻՐՔ՝ Ե՛Վ ՆԿԱՐՉԱԿԱՆ, Ե՛Վ ԳՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ ՈՒ ԸՆԹԱՑՔ

Փետրվարի 7-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Նորայր և Ռաֆֆի Ադալյանների «Պատմվածքներ իմ ընտրությամբ» գրքի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով «Պատմվածքներ իմ ընտրությամբ» ժողովածուն, նշեց, որ այն համատեղ գիրք է, որտեղ Նորայր Ադալյանի պատմվածքներին զուգահեռ ներկայացված են Ռաֆֆի Ադալյանի գեղանկարչական և նաև քանդակային գործերի լուսանկարներ: Էդ. Միլիտոնյանը տեղեկացրեց, որ Ռաֆֆի Ադալյանը երիտասարդ տարիներին եղել է ջութակահար, այնուհետև զբաղվել է նկարչությամբ և անմիջականորեն իր տեղը գտել 60-70-ական թվականների արվեստում: «Քանդակային, նկարչական, գրաֆիկական բազմազանության մեջ Ռաֆֆին փնտրում է իր ասելիքը»,- նկատեց ՀԳՄ նախագահը: Անդրադառնալով Ն. Ադալյանի գրքին՝ Էդ. Միլիտոնյանը նշեց, որ այստեղ ընդգրկված են տարբեր տարիների պատմվածքներ, որոնք սկզբունքորեն մի թեմայի շուրջ են հավաքված: Մեկնաբանելով գրքում զետեղված պատմվածքների բովանդակությունը՝ նա ասաց, որ դրանք տղամարդ-կին փոխհարաբերությունների դժվար, հոգեբանական էջեր են, որոնք ընթերցողին ծանոթացնում են այն թաքնված վիճակներին, որ մեր արձակում երբևէ ազատորեն չեն ներկայացվել: «Նորայրի գրականությունը տեղական «հումքով» է խմորված, հայկական իրավիճակներն է ներկայացնում: Գրքում առկա են թաքնված, դժվարահաս, հաճախ վիճելի հարցեր, որոնք կարող են նույնիսկ մերժելի լինել ընթերցողի համար: Եվ սա բնական է. արձակագրի հետ պետք է լինի այդ վեճը»,- հավաստիացրեց ՀԳՄ նախագահը: Գրականագետ Աելիտա Դոլուխանյանը, Նորայր Ադալյանին համարելով հոգեբան- գրող, մասնավորապես նշեց, որ հատկապես «Դավայաթաղ» վեպում, որտեղ լավ երևում է մեր անցումային ժամանակը, ազգային հոգեբանության նրբություններ շատ կան: «Ադալյանի արձակը հետաքրքիր է նրանով, որ նա բացում է մարդու ներքինը, այն գծերը, որ մարդը երբեմն չի կարող ասել, և ասում է աստվածաշնչյան դիտակետից ճիշտ ներկայացնելով»,- վստահեցրեց Ա. Դոլուխանյանը:
Ըստ գրականագետ, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի՝ Ռ. Ադալյանի գրեթե 30 նկարների լուսանկարները պատահական չեն ընդգրկվել այս գրքում: «Կա հայացքի և աշխարհընկալման նույնության խնդիր»,- ասաց նա և անդրադարձ կատարելով 60-70-ական թվականներին հայ գրականության մեջ կատարված խոր տեղաշարժերին՝ նկատեց, որ այն ժամանակ արդեն շեշտը դրվում էր մարդ-անհատի, նրա հոգու խորքերի բացահայտման վրա: «Կին-տղամարդ հարաբերությունները Ադալյանի ստեղծագործության մեջ վերաճել-հասցվել է աբսուրդի: Նրան ճիշտ հասկանալու համար պետք է մինչև վերջ կարդալ, քանի որ վերջում է հանգում այն կետին, որտեղից գուցե պետք է սկսվեր պատմվածքը, և հոգու գաղափարին, որը ամենաճշմարիտն է, բայց որին դժվար է հասնել»,- նկատեց Պ. Դեմիրճյանը: Ադալյանների արվեստագետ ընտանիքի մասին խոսք ասացին նաև Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը, արձակագիր, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, Թորոս Թորանյանը, բանաստեղծ Անուշ Վարդանյանը, գրքի հրատարակիչ Վան Արյանը: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցան Ռաֆֆի Ադալյանն ու Նորայր Ադալյանը: Խոստովանելով, որ գրքում ամփոփված են վերջին տարիներին ծնված ամենահոգեհարազատ պատմվածքները՝ Ն. Ադալյանը հավելեց, որ գիրքը յուրահատուկ է Ռաֆֆիի նկարների շնորհիվ, որ տպագրվել են այս գրքում:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։