ԴԻՏԱՆԿՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՕՐԵՐԻ…

(03.10 – 12.10)

…Այցը

ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ ՄԻՊ Անահիտ Մանասյանը այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ինչպես տեղեկացրել են ՄԻՊ-ի գրասենյակից, Անի Ավետիսյանի, նրա երեխաների իրավունքների և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և հասցեավորվելու են ըստ իրավասության։

 

…Հայտարարությունը

Վրաստանի վարչապետ  Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը պետք է սահմանազատում և սահմանագծում իրականացնի Հայաստանի և Ադրբեջանի հետ. «…Աշխատում ենք բարեկամական ռեժիմով․ մենք բարեկամական հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, երկու պետությունների հետ էլ անհրաժեշտ է իրականացնել սահմանազատում և սահմանագծում, և այս հարցի շուրջ աշխատանքը ապագայում էլ կշարունակվի բացարձակապես բարեկամական ռեժիմով»:

 

…Խորհդարանական հրմշտոցը

Ազգային ժողովի հոկտեմբերի 6-ի նիստի բնականոն ընթացքը խաթարվեց «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև բռնկված բանավեճով, որն էլ սահուն վերածվեց հրմշտոցի։ Դեպքերի հետագա զարգացումը կասեցվեց ընդմիջումով: Իսկ հետո խորհրդարանը շարունակեց աշխատանքները։

 

…Որոշումը

Ազգային ժողովը հոկտեմբերի 6-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների 62 կողմ ձայնով ընդունեց Հայ առաքելական եկեղեցուն առնչվող խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշումը։ Հանձնաժողովը կունենա 11 անդամ։  «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել։

 

…Վերադարձը

Տարիներ առաջ «Գոյ»-ի շենքից զրկված «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը վերադառնում է «Խելագարը» ներկայացմամբ։ Դարիո Ֆոյի «Անարխիստի պատահական մահը» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման առաջնախաղը տեղի կունենա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

 

…Աջակցությունը

«ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին ավելի մոտենալու գործընթացում,- հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը:- Մենք պատրաստ ենք, և եթե նրանք կատարում են իրենց պարտավորությունները, մենք նույնպես կատարում ենք մերը: Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն: Այս պահին այն միակ երկիրն է, որի հետ մենք վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ ենք վարում»։

 

…Սպառնալիքն ու պատասխանը

ՌԴ 3-րդ նախագահ, ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով Հայաստանի մասին, հայտարարել էր՝ ամենասարսափելին այն է, որ Հայաստանը վերածվի նոր Ուկրաինայի։

«Հայաստանն արդեն եղել է նման վտանգի առջև և նման իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները Հայաստանի առջև չկատարեց։ Ինչո՞ւ է անում պարոն Մեդվեդևը նման արտահայտություն։ Կարող է նաև հնչել այսպիսի հայտարարություն, որ Հայաստանը հանկարծ չվերածվի նոր Ռուսաստանի, որովհետև Ռուսաստանի ամենատարբեր տեղերում պայթյուններ են հնչում… Դա լավ ժանր չէ։ Հայաստանը վերածվելու է ավելի ու ավելի շատ ինքնիշխան պետության»,- պատասխանել է ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը։

 

…Գագաթնաժողովը

««ՀՀ կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի տասներկուերորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանը ընդունել է 68 կողմ, 18 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

COP17 գագաթնաժողովին (ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողով), որն անցկացվելու է Երևանում, մասնակցելու են 196 երկրի պատվիրակություններ։ Մասնակիցների ընդհանուր թիվը, ըստ նախնական պաշտոնական տվյալների, կազմելու է շուրջ 20,000 մարդ (որոշ աղբյուրներ նշում են մինչև 15-20 հազար պատվիրակ): Նրանց թվում կլինեն երկրների ղեկավարներ, կառավարությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների անդամներ, գիտնականներ, բիզնես ոլորտի և քաղաքացիական հասարակության առաջնորդներ: