ՔՈՎԻԴ-ՔՐՈՆԻԿՈՆ / Կարինե Խոդիկյան

Մարտի 13, ուրբաթ
Այսպիսի օրով նորմալ մարդը նորմալ իրավիճակում, եթե հնար ունենա, տանը կմնա` շառից-փորձանքից հեռու: Իսկ մենք` «Արտավազդ» մրցանակաբաշխության ժյուրիի անդամներս, միահամուռ ու միակամ հավաքվել ենք Գ. Սունդուկյանի անվան թատրոնի նախասրահում` րոպեներ անց դիտելու «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը: Չգիտեմ` ինչ են զգում գործընկերներս, բայց ես երկու իրարամերժ զգացումների միջև ինձ պատեպատ եմ տալիս.
1. Ի՜նչ լավ է` հանդիսատեսը գալիս է ու գալիս, դահլիճում հաստատ անշլագ է…
2. Ի՜նչ սարսափ է, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց, որ նոր կորոնավիրուսի տարածումը հասել է պանդեմիայի փուլին: Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի էր դեռևս մարտի 1-ին, իսկ հանդիսատեսը գալիս ու գալիս է, դահլիճում էլ հաստատ անշլագ կլինի…
Տարիներ էլ անցնեն, մոռանալու չէ, թե ինչպես էի համադրում բեմում ծավալվող դրամատիկական տեսարանին անկեղծ ապրումակցելս նույնքան անկեղծ սարսափիս հետ, երբ դահլիճում ինչ-որ մեկը հազում էր կամ փռշտում…

Մարտի 14, շաբաթ
Երեկոյան «Մետրո» թատրոնում ժյուրիի անդամներով դիտելու ենք «Սև կատուն»: Եվ որքան էլ գայթակղիչ է ներկայացումը` ներկայացված անվանակարգերով, ժամը 11-ին, ինձ համար էլ անսպասելի մտմտում եմ` «Գնա՞լ, թե՞ չգնալ», բայց, ի վերջո, որոշում եմ գնալ: Իսկ երբ քիչ անց զանգում է մեր հմայիչ համակարգողը` Ռուզիկը, ինձ համար էլ անսպասելի ու չոր հայտարարում եմ, որ թատրոն չե՛մ գա, ու եթե դեռ բանականությունը գործում է, պատկան մարմինները պիտի՛ դադարեցնեն բոլոր մարդաշատ միջոցառումները… Կարճ դադարից հետո (խեղճ աղջկան ժամանակ էր պետք իմ չպատճառաբանված մարտական հարձակումից ուշքի գալու համար) նա ներողություն է խնդրում (թե ինչի՞) և փութկոտ անջատում է հեռախոսը: Իսկ ես… ես մնում եմ վստահված գործի հանդեպ պատասխանատվության ու տարրական ինքնապաշտպանական բնազդի սահմանաեզրին, մի որոշ ժամանակ ինքնակերության բարձրագույն պիլոտաժ եմ ցուցաբերում, ու այն է` զանգելու եմ ու ասելու եմ, որ գիտակցել եմ արարքիս ծանրությունը և անպայմա՛ն կգամ… Ռուզիկի երկրորդ զանգը վերջ է դնում այդ մղձավանջին` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգել է դադարեցնել բոլոր մշակութային միջոցառումները:
Առաջին զգացումս` անափ գոհունակություն. խելամիտ որոշումը, համընդհանուրից բացի, անձամբ ի՛նձ ազատեց հետագա հոգեկան տվայտանքներից: Ես թեթևացած շունչ եմ քաշում, նայում եմ շուրջս` վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին հանգստյան օրն է, որ կարող եմ տնից դուրս չգալ ու… այնքա՜ն հավաքված գործ կա անելու: Թևքերս քշտում, անցնում եմ գործի, բայց աստիճանաբար եռանդս մարում է, ի՞նչ է կատարվում ինձ հետ… Ընդմիջում եմ հայտարարում, բուրավետ սուրճի գավաթը դնում եմ սեղանիկին ու… այնպիսի տխրություն է համակում ինձ, այնպիսի մի տագնապ: Այդ պահին երևի առաջին անգամ որոշակիորեն գիտակցեցի գալիք փորձության ահագնությունը, իսկ հետո… Միայն իմանաք, թե ո՜նց էի ուզում ներկայացումից ժամ առաջ հագնվել ու հասնել «Մետրո» թատրոն… Միայն իմանաք` ի՛նչ զոհողության էի պատրաստ «Սև կատուն» դիտելու համար…
Այդ օրը, այդ ժամին ես դեռ չգիտեի, որ առջևում բազում օրեր են` երբ տարուբերվելու ենք անցյալ դարձած սովորական ու ներկա անսովոր կյանքերի միջև, նաև չգիտեի, որ «ԿՈՐՎԻԴ-ՔՐՈՆԻԿՈՆ» եմ գրելու «Դիտանկյան» փոխարեն: Այնպես որ, սպասեք հաջորդ շաբաթ շարունակությանը…
Ձեր` Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։