Ինքնամեկուսացված եմ: Առավոտ վաղ բացում եմ լուսամուտը, և ներս է լցվում գարունն ու սերը փառաբանող թռչնակի դայլայլը: Քամին մի քիչ կապույտ է գողացել Սևանա լճից, բերել, փաթաթել է դիմացի բարդուն: Բարդին հրճվում է լճի ու երկնքի կապույտ մահճում և ճոճվում է, ճոճվում ինքնասուզված: Բարդին դեռևս չի կանաչել: Լեռնաշխարհում գարունը հազար նազով է գալիս, և ծառն իր կակղած ճյուղերը թաթախում է երկնքի երակների մեջ:
Երկու տարեկան թոռնիկս` Նարեկը, պտտվում է` թևերը պարզած, ինքն իրեն ոգևորում է ու հրճվում. «Պիտո՜ւ, պիտո՛ւ… Պիտո՜ւ, պիտո՛ւ…»: Պտտվում է, հետո կանգ է առնում ու զարմանում` երկրագնդի պտույտն զգալով:
Ուշացող գարունը, բարդին, դայլայլող թռչնակը, Նարեկը չգիտեն երկրագնդի վրա թավալվող վարակի մասին: Իրենք իրենց գործին են` ապրում են: Ապրում են` կյանքի մասին չմտածելով, մեկուսացման ու ինքնամեկուսացման մասին չհոգալով, և հրճվում են գարնան գալով:
Հոգսը ավելի շատ մեծերին է պատել:
Իմ կարծիքով, աշխարհում ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում: Ամեն բան ունի իր պատճառը: Վարակը նույնպես իր պատճառներն ունի: Ճիշտ է, ես իմ նկատառումներն ունեմ, բայց չեմ խոսի դրանց մասին: Դրանք ավելի ուշ կպարզվեն:
Բայց միտքս գնում, կանգ է առնում անցյալ դարավերջի վրա, ու հիշողության թելին եմ շարում դեպքերը. աշխարհակործան երկրաշարժ, կայսրության կործանում, որի փլատակների տակ մնացինք մենք, անկախության առաջին տարիներ, Արցախյան պատերազմ և անլույս, հույսը բարակացնող տարիներ, որոնց ընթացքում հազար ու մի վարակ տարանք` հաճախ նույնիսկ դրանց անունները չիմանալով: Եվ հաղթեցինք, հաղթահարեցինք, չէ՞: Նաև կորուստներ ունեցանք: Սա էլ կհաղթահարենք, վստահ եմ: Նաև կորուստներ կունենանք, ցավոք սրտի, նաև մարդկային կյանքերի կորուստ:
Շատ վախենալ պետք չէ, չնայած անհրաժեշտ է հետևել բժիշկների խորհուրդներին, պահպանել անվտանգության կանոնները: Իզուր չէ, որ հնում ասում էին. «Արա, ինչ պարտավոր ես անել, և թող լինի, ինչ լինում է»: Իհարկե, մեր նախնիները նման դեպքերում հույսն Աստծո վրա էին դնում:
Մարդը օձի թույնից դեղ է ստանում, ապրեցնող դեղ: Հիմա նույնպես այդպիսի ժամանակներ են: Մեկուսացումն ու ինքնամեկուսացումը հարմար առիթ են, որպեսզի անընդհատ վազքի մեջ գտնվող ժամանակակից մարդը մի պահ կանգ առնի, նայի իր ներսը, փորձի գոնե մի քիչ խմբագրել ու սրբագրել ինքն իրեն: Փորձի պայքարել սեփական հոգին ճարակող կրքերի դեմ, մեղքերի դեմ պայքարի, մի քիչ նայի իր ներսը և մտածի, թե ո՞վ է մարդը և ինչո՞ւ է հայտնվել Երկիր մոլորակի վրա: Նաև իրենից բացի ուրիշին սիրել սովորի: Ո՞վ է ուրիշը: Իհարկե, առաջին հերթին իր մերձավորը: Հարկ է, որ մեզնից յուրաքանչյուրը փորձի իսկապես հասկանալ իր մերձավորին, հավատալ և վստահ լինել, որ ամենալավը նա է` աշխարհում իրեն բաժին հասածը, իր բաժինը, իր զավակը, մայրը, ամուսինը, կինը, եղբայրը, քույրը… Եվ հարկ է նաև սատար ու բերդ լինել միմյանց: Մեր ժամանակները մեզ ետ են վարժեցրել մարդկանցից, նույնիսկ եթե այդ մարդիկ մեր հարազատներն են…
…Ուշացող գարունը, բարդին, դայլայլող թռչնակը, Նարեկը չգիտեն երկրագնդի վրա թավալվող վարակի մասին: Իրենք իրենց գործին են` ապրում են: Ապրում են` կյանքի մասին չմտածելով, մեկուսացման ու ինքնամեկուսացման մասին չհոգալով, և հրճվում են գարնան գալով: Իսկ ես քայլում եմ տան մեջ` թռչունի դայլայլին ու Նարեկի հրճվալից ծիծաղին խառնելով մեղեսիկիս չխկչխկոցը: Շրթունքներս հին, բայց չհնացող աղոթք են ուղղում Նրան, Ով գիտե իրական պատճառն ու հետևանքը ամեն բանի.
«Ողորմեա, Դու ստեղծեր, մի՜ կորուսաներ, զգործս ձեռաց Քոց մի՜ անտես առներ»…