Նախ, արտահերթ ընտրություններ անելու պաշտոնական որոշում դեռ չկա, և զարմանալի է, որ վարչապետի ֆեյսբուքյան գրառումն իրարանցում է առաջացրել:
Հիշո՞ւմ եք, անցած բարի ժամանակներում, Զատկի տոնին, երբ երեխաները ձու էին կռվացնում, նախ հավկիթը թեթևորեն խփում էին ատամին՝ ստուգելու կճեպի ամրությունը: Նիկոլ Փաշինյանն իր այդ ֆեյսբուքյան հայտարարությամբ նույն խաղը խաղաց: Նա այդքան միամիտ չէ, որ չհաշվարկի: Եթե հաշվարկը ցույց տա, որ արտահերթում հաղթելու է, կգնա արտահերթ ընտրությունների: Հակառակ դեպքում՝ ընդամենը կարծիք է գրել, և դա դեռ ոչինչ չի նշանակում: Արտահերթ ընտրությունների մասին այդ «հայտարարությունից» հետո ստեղծված աժիոտաժն ինքնին օգնում է Նիկոլին՝ իր այդ հաշվարկն անելու գործում, քանզի քաղաքական ուժերն այս կամ այն չափով բացում են իրենց խաղաքարտերը… Ուրեմն, եթե Նիկոլը գնա արտահերթ ընտրությունների, նրա հաղթանակն արդեն իսկ ապահովագրված կլինի, և որևէ դրական սպասելիք ակնկալելն անիմաստ է: Հաղթելով այդ ընտրություններում՝ կսկսվի «պատերին ծեփելու», «ասֆալտին փռելու» մի նոր փուլ՝ էլ ավելի դաժան, անողոք, անկասելի…
Այս քաոսային իրավիճակում երկրի, պետականության պահպանման, առաջընթացի երաշխիքը Փաշինյանի հրաժարականն է և նոր ընտրությունները արդար, ազատ ու թափանցիկ կազմակերպելու ունակություն ունեցող ժամանակավոր կառավարություն ունենալը: Սակայն… (ա՛խ, այդ սակայնը…) ընդդիմության ավանգարդային շարքերում մենք տեսնում ենք քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչների, որոնց կուսակցությունների «հացը մեկ անգամ արդեն կերել ենք», և դրա լեղին դեռևս մեր կոկորդում է: Եվ մարդիկ, իրավամբ, հիասթափվում են, չեն վստահում ընդդիմությանը, սկսում են երազել երրորդ ուժի հայտնվելուն: Իսկ երրորդ ուժը մեսիա չէ, որ երկնքից իջնի, էլի մեր միջից պետք է առաջանա: Ե՞րբ… Աստված գիտի: Իսկ իշխողներն ու ընդդիմադիրներն արդյոք թույլ կտա՞ն երրորդ ուժի ի հայտ գալուն: Չեմ կարծում: Իշխողներն ամեն ինչ կանեն նորելուկին զինաթափելու, վարկաբեկելու համար, ընդդիմադիրները կջանան նրան կուլ տալ, բերել իրենց շարքերը և դարձնել երեսատեղի այն վահանը, որի ետևում կթաքնվեն վերը հիշատակածս որոշները: Այսինքն՝ էլի գործ կունենանք մեր տունը քանդող «հայկական հիվանդության» հետ, որը քովիդից էլ վատթար է:
Տա Աստված, որ ես սխալվեմ…