ՀԵՏՀԱՇՎԱՐԿ
– Տեսնես որքա՜ն կտևի
Աստծո համբերությունը…
– Աստված Սեր է,- հիշեցնում էր
սևազգեստ քահանան,
Ու մենք մտածում էինք,
որ սիրո գույնը սևն է-
Հանգցնում էինք սենյակի լույսը,
Արտաշնչում էինք պատուհանի
սառը ապակուն
Եվ նետահարված սրտեր նկարում
Գիշերվա երկնքի սև ֆոնին…
– Տեսնես որքա՜ն կտևի
Աստծո համբերությունը…
– Աստված ողորմած է,-
ասում էին տարեցները
այս ու այն կողմից,
Ու մենք ապավինելով նրան,
Որ Աստված մեզ կողորմա ու
միշտ կների-
Մսխեցինք նրա տասը
պատվիրանները,
Ուրացանք բոլորին,
բացի ինքներս մեզանից…
Աստված, որպես զայրույթի նշան,
Երկրաշարժեր, ջրհեղեղներ, հրդեհներ
Ուղարկեց մեզ,
Մենք հակադարձեցինք
Կեղծիքով, անօրինությամբ,
ապականվածությամբ,
Անգամ նրա ուղղությամբ
ատելության հրթիռներ ուղարկեցինք:
Աստված տարուբերեց հոգնած գլուխը
Եվ փակեց բոլոր զգայարանները…
«Տեսնես որքա՜ն կձգվի
Աստծո զայրույթը»,-
մտածում ենք մենք հիմա…
Աստծո սիրտ է,- ասում էր մայրս
Եվ ձեռքի ճաղերը խրում
կանաչ կծիկի մեջ.
4… 3… 2… 1…
Այս բանաստեղծությունը, որ գրել եմ մոտ մեկ շաբաթ առաջ, կարդում եմ ամեն օր ու ամեն անգամ մտածում` տեսնես ո՞րն է Աստծո հետհաշվարկի սկզբնաթիվը, և ե՞րբ է դափնեճյուղը կտուցին մի աղավնակերպ հաղորդագրություն գալու մեր մենության տապան, որ մենք մեզ բաց թողնենք մաքրված երկրի ու երկնքի փողոցներով և… ինքներս էլ մաքրված` Աստծո այս դրախտ ժամանակը կորցնելու վախից պտտենք մեր բաժին երկրային ժամանակի սլաքները…
«Աստծո սիրտ է»,- ասում էր մայրս.
3… 2… 1…