Հայոց պատմության ընթացքում բախտորոշ իրադարձություններ շատ են եղել, սակայն, ցավոք, դրանք մեծ մասամբ ողբերգական բնույթ են կրել, որոնց մեր գրողներն անդրադարձել են իրենց բարձրակարգ, նաև խիստ զգացմունքային և պեսիմիստական ստեղծագործություններում:
Առավել շատ արծարծվածը Հայոց ցեղասպանության թեման է եղել՝ սկսած Սիամանթոյից և Դանիել Վարուժանից մինչև մեր օրերը: Հիշատակելի են Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը», Մուշեղ Գալշոյանի և այլոց ստեղծագործությունները: Հասարակության մեջ մեծ արձագանք են ստացել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն», Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեականը» պոեմները, Հովհաննես Թումանյանի առանձին բանաստեղծություններ ու այլ գործեր:
Ընդհանրապես, ցեղասպանության մասին գեղարվեստական գործերում մեծ մասամբ սակավ է եղել պայքարի, վերածնության ոգու դրսևորումը:
1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության թեման նույնպես ժամանակին հայ գրողների ուշադրության կենտրոնում է եղել: Ստեղծվել են մեծ մասամբ պաթետիկ և մեր ազգային նկարագրին ինչ-որ տեղ անհարիր ոգևորությամբ գործեր:
Ստալինյան ռեպրեսիայի տարիներին ստեղծված գործերից կարելի է առանձնացնել Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» վիպակը: Գեղարվեստական բարձրարժեք գործեր են ստեղծվել Հայրենական մեծ պատերազմի մասին: Անիմաստ է դրանք բոլորը թվարկել, սակայն հիշատակելի են Սերո Խանզադյանի և Մկրտիչ Սարգսյանի ստեղծագործությունները: Առավելապես կուզենայի դառնալ Արցախյան պատերազմի և Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակումից մինչև մեր օրերն ընկած ժամանակաշրջանին: Հիշյալ ժամանակահատվածում գրված գործերում նույնպես գերիշխում է զգացմունքայնությունը՝ գեղարվեստի հաշվին: Անուններ չեմ ուզում հիշատակել, բայց կոնկրետ ես արցախյան շարժման տարիներին գրած շուրջ ութ տասնյակ բանաստեղծություններից իմ առաջին գրքում տեղ եմ հատկացրել ընդամենը 4-5 գործերի: Չեմ կարող նաև ժխտել, որ այդ տարիներին ստեղծվել են գեղարվեստական բարձրարժեք արձակ և չափածո բազմաթիվ ստեղծագործություններ: Ես արժևորում եմ ոչ միայն մեր հասարակության համար բախտորոշ իրադարձությունների մասին գեղարվեստական գործեր ստեղծելը, այլև դրանց «հետևանքների» բացահայտումը:
Հեղափոխությունն ինքնին ենթադրում է հասարակական հարաբերությունների թարմացում, առողջացում, մարդկանց սոցիալական պայմանների բարելավում, արդարության, օրենքի գերակայության հաստատում: Սակայն մենք ականատես եղանք, թե ինչ կատարվեց Հայաստանի անկախացումից հետո: Երկրի նախորդ երեք նախագահները չկարողացան, ավելի ճիշտ՝ չցանկացան վեր կանգնել իրենց նեղ անձնական շահերից: Կոռուպցիա բնորոշումն ինչ-որ տեղ քաղաքակիրթ երանգ ունի: Նրանք ուղղակի թալանել են երկիրն ու ժողովրդին: Անցած երեսուն տարիների ընթացքում Հայաստանը լքել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Կարծում եմ՝ գրողն առաջին հերթին պետք է դրսևորի քաղաքացիական ակտիվ դիրքորոշում, չվախենա իր կարծիքն արտահայտել ոչ միայն երկրի համար բախտորոշ իրադարձությունների ժամանակ, այլև հետագայում՝ զգաստ պահելով իշխանություններին: Իսկ գրական ստեղծագործություններում անընդունելի են մերկապարանոց և լոզունգային արտահայտությունները, ավելորդ զգացմունքայնությունն ու նեյնիմախառն նվնվոցները, որոնց մեջ հաճախ ուղղակի խեղդվում է գեղարվեստը:
Այս թեման արծարծելիս նույնպես կարևոր են նոր խոսքը, նոր մոտեցումները: Ուզում եմ դարձյալ մեջբերել իռլանդացի գրող Բրենդեն Բիանի խոսքերը. «Իսկական գրողը չպետք է արդարացնի պետության հույսերը»: Ավելացնեմ, որ նաև չպետք է չարախնդա երկրի թերությունների ու բացթողումների վրա, այլ տիրոջ իրավունքով պետք է կանգնի ժողովրդի կողքին, որը միշտ վերջին հույսը կապում է երկրի մտավորականների հետ:
Պսևդոհայրենասիրական բարբաջանքները, դաստիարակչական տափուկ խորհուրդները գրականության մեջ դատապարտված են անտարբերության ու քամահրանքի: Նշեմ նաև, որ ետին ժամանակով, նախորդ ռեժիմի մասին գրված գործերը նույնպես խրախուսելի չեն: Ի՞նչ է փոխվել անցած ժամանակաշրջանում: Ամենանշանակալի իրադարձությունն անցած տարի տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունն էր, որի հետ մեր ժողովուրդը մեծ հույսեր է կապում: «Գրական թերթի» անցած տարվա մայիսի 11-ի համարում տպագրված իմ հոդվածում հույս էի հայտնել, որ մարդիկ դուրս կգան նախկին իշխանությունների ստեղծած գարշահոտ ճահճից և հանգիստ խղճով, արժանապատվության բարձր զգացողությամբ կապրեն: Այդ ուղղությամբ որաշակի քայլեր կատարվում են, փորձ է արվում վերականգնել արդարությունն ու արդարադատությունը: Անցած մեկ տարում գրվեցին գրական գործեր, սակայն չեմ կարողանում մտաբերել հիշատակելի որևէ ստեղծագործություն: Նորից եմ կրկնում՝ ավելի կարևոր են ետհեղափոխական զարգացումները: Միշտ պայքարի դիրքերում կանգնած և զգոնությունը երբեք չկորցրած, մնայուն գործերի ստեղծող իմ գրչակից ընկերների ստեղծագործությունների վերլուծությունը թողնում եմ գրականագետներին: