Գրիգոր  ՋԱՆԻԿՅԱՆ/ՀԻՄԻ՞  ԷԼ  ԼՌԵՆՔ,  ՀԱՅԵ՛Ր,  ՀԻՄԻ  Է՞Լ

Հիմի՞ էլ լռենք, հայե՛ր, հիմի է՞լ, երբ  թշնամին մեր դուռը չի թակում, խորտակել, խուժում, սանձարձակ ու լպիրշ մեր իսկ բնօրրանում մեզ նվաստացնել, նսեմացնել, ավելին՝ բնաջնջել  է  նկրտում:

Թշնամին խորամանկ է ու խարդախ՝ Արևմտահայաստանը, Կիլիկիան, Նախիջևանը  հայաթափեց, ապա բռնատիրեց:

Հերթը Արցախինն է:

Հետո Արարատյան Հայաստանի՞նը:

Նանսենը վաղուց չկա, որ մեզ «Անհայրենիք» հայերի անձնագրեր տա:

Մե՛զ, որ ընդամենը մի տասնամյակ առաջ տարածաշրջանի ամենազորեղ բանակն ունեինք, մեր դարավոր երազանքներն իրականացրինք, պատմական արդարությունը վերականգնեցինք:

Մե՛զ, որ մի տասնամյակում այնքան ենք անզորացել, ավելի ճիշտ, այնպես են մեզ անզորության բարդույթով  համակել, որ «խաղաղության դարաշրջան»  անհեթեթ կարգախոսով  մեր հայրենիքի սրբազան սահմանների անձեռնմխելիությունը ռուս՝ այսպես  կոչված, խաղաղապահների ու  եվրոպացի՝ դարձյալ այսպես  կոչված, դիտորդների են վստահել:

Հա՛յ ժողովուրդ ջան, հասկանո՞ւմ, զգո՞ւմ ես, թե քեզ հետևողականորեն  ինչպես  են  վիրավորում,  վարկաբեկում, քեզ քո ազգային  ինքնությունից  զրկել  են  ուզում: Աղաչում, աղերսում եմ՝ մի՛ տրվիր սադրանքների, շարունակիր ինքնահաստատ քայլել դեպի լեառն Արարատ:

Զենքով ու խաչով:

Զենքով ու խաչով դու հասնելո՛ւ ես լուսապսակ գագաթին:

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։